Ներհայեցողական դիտումներ․ մաս 4

Ներհայեցողական դիտումներ․ մաս 4

ԱՇՈՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
«ԽԱՅՏԱԲՂԵՏ ՔՐՈՆԻԿՈՆ ՄԱՐԴՈՑ ՈՒ ԿԵՆԴԱՆՅԱՑ» ժողովածուից

ԿՅԱՆՔԻ ԵՐԿՈՒ ՀԱՐՅՈՒՐ ՀԱՅՏՆԻ ՈՒ ԱՆՀԱՅՏ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ՝
ՀԱՐՅՈՒՐ ԱՆԱՐԺԵՔ ՈՒ ԱՆԻՄԱՍՏ ՈՒ ՈՉ ԱՆՀԱՅՏ ՓԱՍՏԵՐԻ ԴԻՄԱՑ

Նախորդ մասը՝ այստեղ

151. «Խաղաղություն ե՞ս ուզում, պատրաստվիր պատերազմի» հանրահայտ ճշմարտությունն էսօր դասալիքների մի ոհմակ խեղափոխել է «Պատերազմ ե՞ս ուզում, քարոզիր խաղաղություն» խիստ վտանգավոր թեզով՝ այն ժապավենակապ մուրճով տարածելով։ Պատերազմի հիմնական հրահրողները հենց պացիֆիզմի էդ քարոզիչներն են։

152. Ինչպես և սովետական «հին ու բարի» ժամանակներում էր, երբ փաստ էր, որ в «Правде» правды нету, а в «Известиях» известие нету, նույն կերպ և ներկայումս հաստատապես կարելի է պնդել, թե «Հայկական ժամանակում» հայկական ժամանակը (ընդհանրապես՝ հայկական որևէ բան) չի արտացոլվում բնավ։

153. Ներկայումս խեղված աշխարհակարգի գլոբալիստական հովանու ներքո պարտադրվող «Ժողովրդավարական բարեփոխում» հորջորջված չարափոխումների արդյունքում սովետական «հին ու բարի» ժամանակների պարապ գործերի մինիստրները դարձել են դատարկ գործերի ու զվարճանքների նախարարներ։

154. Քանի որ (ու քանի դեռ) մենք նստատեղով ենք մտածում, դրա համար էլ մենք դեռ շա՛տ երկար ժամանակ նստած ենք լինելու գլխի վրա։

155. Ղարաբաղցին կասի. «Էշը վեր էշ ա՝ մէ հետ ա ցեխին մեջ ինգյում»։ Հե՛յ, մարդ արարա՜ծ, գոնե էշից օրինակ վերցրո՜ւ։ Թե չէ՜, կրկին կգնաս ու կմտնես նույն վարար գետը։ Այնինչ անցյալ անգամ (հիշում ե՞ս, թե՞ մոռացել ես) խեղդվելուց հազիվ փրկվեցիր։

156. Ղարաբաղցին կասի նաև. «Էշը վեր էշ ա՝ մինին յէրա տըրաքըմ չի»։ Հայ մարդ, հապա ինչու ե՞ս դարեր շարունակ այդքան հաճախ պատմության ականների վրա տրաքում, երբեմն էլ հենց ինքդ ես էդ ականները քո իսկ ոտքերի տակ տեղադրում ու... դրանց վրա ես տրաքում։

157. Հայտնի է նաև, որ իրեն սպառնացող վտանգի դեպքում էշն անվարան աքացի է տալիս վտանգի աղբյուրին՝ օբյեկտ լինի՞, թե՝ սուբյեկտ, շնչավո՞ր, թե՝ անշունչ ։ Իսկ մե՞նք, մե՜նք ի՞նչ ենք անում։ Թերևս ոչինչ, բացի անխոս հանձնվելուց։ Մի էշի չափ էլ չկա՞նք։

158. Ընդհանրապես ախորժալի, հյութալի, սքանչելի կարող է լինել նաև... խոտը, կանաչը։ Ու՝ ո՜չ միայն էշերի համար։ Հատկապես՝ կանաչ... գույնը։

159. Գրեթե բոլոր համաշխարհային հեղակործան կատակլիզմների ժամանակ զարմանահրաշ մի հնարով մենք մեր կամքով միշտ բարձրացել ենք զոհասեղանին ու զոհաբերվել՝ հանուն այլոց շահերի։ Եվ այդպես շարունակ մատաղվել ենք ու չենք խրատվել, որ դրան գին տվողներ չկան։

160. Խմե՞լ, թե՞ չխմել։ Սա է խնդիրը։ Քանզի խմողն ապագա չունի, չխմողը՝ անցյալ։

161. Մեր երկրում ամենաջերմագին համընդհանուր գրկախառնությունները տեղի են ունենում հանրային տրանսպորտում, որ շատ էլ էժան է նստում գրկախառնվողների վրա։ Ու դա միշտ էլ այդպես է եղել, նույնիսկ սովետական «հին ու բարի» ժամանակներում։

162. Մեր ներկա վիճակի ողջ ողբերգականությունն այն է, որ քայլառաստների ոհմակն ամեն ինչ անում է ոչինչ չանելու համար։

163. Մարդ Աստծո, և՜ մեռնելիս, և՜ ապրելիս պարտավոր ես արժանապատիվ լինել։

164. Մի հայտնի մարդ ասել է, որ հեշտ է սվիններով իշխանությունը պահել բայց սվինների վրա նստելը հեչ հարմար չէ։ Սակայն լիբերալիստ քայլառաստները դրանից անտեղյակ են։

165. Եթե, ինչպես ընդունված է ասել, հակիրճությունը տաղանդի քույրն է, ապա ճամարտակ շատախոսությունը դատարկության եղբայրն է։

166. Ցանկացած ճանապարհ բնության միջով է անցնում։ Շատ կարևոր է, թե էդ ճանապարհն անցնողը որքանով է ներդաշնակ բնության ու նրա օրենքների հետ։

167. Ներկայումս թերևս ալարկոտությունն ու անբանությունն էլ են երջանկություն համարվում։

168. Հաղթողի ու պարտվողի խաղաղությունը տարբեր բաներ են. մի կողմից՝ պարտադրանք, իսկ մյուս կողմից՝ կզում։

169. Ա՜րդ, մեզանում վրա են հասել ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա համարողների ժամանակները։

170. Մեր ԱԺ ամբիոնն ամենաբարձրը համարողները մեծ մոլորության մեջ են։ Հենց թեկուզև Աժ-ն շրջափակող պարսպների համեմատ էդ ամբիոնը շատ ցածր է, անչափ ցածր։

171. Անտիկ հույն իմաստասեր Արիստոտելն իր ժամանակին իրավացիորեն բանաձևել է, թե իշխանությունը պիտի բարոյականություն ունենա։ Անկասկած է, որ մեր իշխանավորները դրա մասին ամենևին տեղյակ չեն։

172. Մենք անդունդի եզրին չենք, ինչպես պնդում են շատերը, քանզի մենք այնտեղից շատ վաղուց ենք ընկել, ու դեռ գլորվում ենք։ Ու էդ անվերջ անկումը դեռևս շարունակվում է՝ այդպես էլ անդունդի հատակին չհասնելով, որ տեղ հասնելուց հետո գոնե թրմփոցի ձայնից սթափվենք, վեր կենանաք, մեզ թափ տանք ու փորձենք վեր ելնել։

173. Հրդեհները ոչնչացնում են արժեքները, հանց և հեղեղներն են լվանում բոլոր հետքերը։

174. Հավերժական շարժիչի անհնարինության պարագայում, այնուամենայնիվ, հավերժական շարժում հնարավոր է։

175. Իր ժամանակին Հուլիոս Կեսարն իր հերթական հաղթանակից մեկից հետո ասել է. «Եկա՜, տեսա՜, հաղթեցի՜»։ Մեր ժամանակներում էլ Մոնթե Ավոն եկա՜վ, տեսա՜վ ու հաղթե՜ց՝ առանց որևէ բան ասելու։

176. Ալբերտ Էյնշտեյնը համոզված պնդում էր. «Հաղթելու համար նախ պիտի խաղալ»։ Մեր պարագայում հաղթելու համար նախ կռվել է պետք, իսկ կռվելու համար՝ պատրաստվել։

177. Մարդամեկն իհարկե չի վիրավորվի թուրք անվանակոչվելուց, քանի որ թուրքը թուրք է։ Ու երիցս ճշմարիտ են պնդումները, թե թուրքը միշտ էլ թուրք է եղել ու թուրք էլ կլինի։ Ա՛յ, հայն է, որ միշտ հայ չի մնում, ու հենց թուրքն է, որ պարբերաբար հիշեցնում է հային՝ իր հայ լինելը։ Ըստ այդմ, իրականում՝ էս պարագայում, երևի թե թուրքն ինքը պիտի վիրավորվի, որ ինչ-որ մի տեղ, որի վրա ինքն աչք ունի, կապիտուլյանտ մարդամեկին թուրք են անվանում։

178. Ասում են, թե թշնամուն հեշտ հաղթելու համար ամենագործուն միջոցը նրա տունը բոլոր կողմերից միաժամանակ այրելն է, որն էսօր մեր թշնամին է մեզ հետ անում, ինչը ժամանակին մենք չարեցինք ավաղ։

179. Ո՞վ կարող է ասել՝ ո՞ւր պիտի փախնի մարդը բնությունից։

180. Հոգևոր հայրերն ասում են, թե մարդու մարմինը հոգու տունն է։ Ու թե այդպես է, ապա որքան բարեկարգ պահես այդ տունը, այնքան բարեկեցիկ կլինի կենվորը։

181. Ո՞նց կարող է խաղաղություն լինել էդ «խաղաղությունը» քարոզող մեկի հետ, երբ նրա ձեռքում անշնչանում է նույնիսկ խաղաղության խորհրդանիշ աղավնին։

182. Ամերիկյան ասացվածքը պնդում է, թե «բայց»-ից առաջ ասված ամեն բան անիմաստ է, հերքված։ Նույն կերպ՝ «կարող է»-ն ցանում են, ջրում, խնամում, բայց այդպես էլ ծիլ չի տալիս։

183. Մեր ժամանակ մի ռաբիս շուլուխ կար. «Մարդ կա՝ մարդ ա, մարդ էլ կա՝ «բորդյուրների» վրայով է քայլում»։ Երևի էդ մարդիկ են, որ էսօր «բորդյուր» շարելով են հպարտանում։

184. Մեր ժամանակ մի ռաբիս շուլուխ էլ կար. «Մարդ կա՝ մարդ ա, մարդ էլ կա՝ տանը մարդ չկա»։ Էսօր հաստա՜տ հենց դրանք են իշխանավոր, որ իբր թե կան, բայց իրականում չկան։   

185. Մեծն Թումանյանն Անմահ Մաշտոցի գրերով արձանագրեց. «Իմ կընունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սըրբազան,// Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.// Սարը եղավ կընքահայրըս, ցողը` մյուռոն կենսավետ...»։ Հիմա էլ Թումանյանն ու Մաշտոցը միասին են, ու Թումանյանը, գրկախառնվելով Մաշտոցի հետ, ներկայիս Ամանորի «հրաշքն» է «վայելում», ուր ծորում ու կաթկթում են, հանց 2020-ին Արցախում, սպիտակ ֆոսֆորի առկայծումները, որ անսեր ու անմյուռոն ձգվում են Մաշտոցի ամբողջ երկայնքով ու լայնքով մեկ։ Ահա՜, այսպիսի՛ տոն։

186. Աշխարհը հիմա էլ է մեղսավորներ բուծում, ինչպես և դարեր շարունակ։ Ու դրանք ծլում են շարունակ, աճում, բարգավաճում, ծաղկում ու բուրում... իրենց հոգու աղտեղություններովը։

187. Հիրավի՜, մեր նենգ ոսոխները մեր Մոնթե Ավոյի հանրահայտ բանաձևումն ավելի լավ են ընկալել ու նրա պատգամը միանգամայն ճիշտ են կատարում, քան՝ մենք։ Ի խորոց սրտի։ Հիշում ե՞նք. «Կորցնելով Արցախը՝ կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։ Ու էսօր թուրք-ազերին էդ էջը, մեր պատմության վերջին էջը թերթելու և էդ գործընթացն անշրջելի դարձնելու իր քայլերին է գործնականում ձեռնամուխ եղել... մեր իսկ գործուն, չէ՜, ամենագործուն աջակցությամբ։

188. Մեր նենգ ոսոխները միայն ուժի լեզուն են հասկանում, ու էդ ուժը միայն բռունցքների մեջ չէ, այլև՝ խելքի ու մտքի, ոգու և հոգու, կամքի ու կորովի, ամրության ու տոկունության։

189. Ամեն քաք արևմտամետների համար դելիկատես է։ Ծանցամոլնե՜ր, մտե՜ք ցանցեր, գուցե սրտխառնուքից ետ տաք աստղազարդ պիժամայով ձեր տերերի կերցրածը։ Հատուկ առաջարկ անհայրենիք օլիգարխներին՝ էդ նույն սրտխառնուքից երևի դուք էլ ետ կտաք ձեր լափածը։

190. Որևէ անառողջ գլխի ուղեղային «արտադրանքի» առնչությամբ առողջ տրամաբանություն փնտրելն իրականում ոչ միայն անօգուտ, այլև միանգամայն անիմաստ զբաղմունք է։

191. Լիբերալիստ քայլառաստների կողմից առաջարկվող «պայծառ» ապագան ավելի վատն է լինելու, քան ո՜չ նվազ «պայծառ» ներկան, և է՜լ ավելի «պայծառ» անցյալը... սովետական։ 

192. Եթե ազգովին մնանք էս խելքին՝ հույլ ու հեղգ, անփույթ ու անտարբեր, մեր երկիրը որպես մարդկային հիմարության հուշարձան կժառանգենք սերունդներին։

193. Ասում են, թե ազատությունը գինու նման է՝ զարկում է գլխին ու հարբեցնում։ Մի՞թե մենք էլ ազգովին հարբեցինք մեզ բաժին հասած ազատությունից։ Ու երբ խումհարթող եղանք, տեսանք, որ ամեն ինչ՝ ամեն ձեռքբերում կորցրել ենք։ Մի՞թե՝ անդարձ...

194. Տալով, զիջելով խաղաղ չեն ապրում, այլ, վերցնելով նվաճելով են խաղաղ ապրում, իսկ բոլոր պարտվողականների վերջը սոսկ հավերժական ամոթն ու լիակատար անհայտություն են լինելու։ Էդ առումով, օրինակ, որևէ օլիգարխի հարցրեք. «Տալով, զիջելով ես հարստացե՞լ, թե՞ վերցնելով, խլելով, թալանելով»։

195. Երիտթուրքերի և երիտհայերի համարժեք գործունեության միջև առկա է ուղիղ հարյուր տասը տարվա տարբերություն. առաջինները 1908-ին եկան՝ հայերին ցեղասպանելու, գործը կիսատ մնաց, ու «Նեմեսիս» եղավ, իսկ 2018-ին երկրորդները եկան՝ հարյուրամյա վաղեմության էդ կիսատ մնացած գործը շարունակելու, ու ավարտին կհասցնեն, եթե «Նեմեսիս» չլինի, եթե նրա հատու սուրը հապաղի։

196. Մեծ մեղք է մեր նորօրյա իշխանավորներին պետական այրեր հորջորջել, քանզի դրանք ո՜չ պետական են, ու ո՜չ էլ՝ առավել ևս՝ այր։

197. Կոմպրադորական մղումներով թրքաճորտերն ու թրքահարճերը փրփուր ի բերան պնդում են, թե թուրքերը փոխել են իրենց դարավոր մոտեցումները։ Հիրավի՜։ Նախկին դարերում թուրքը մեր մանուկներին տանում՝ ենիչերի էր դարձնում իր ծախսերով, իսկ հիմա մանկուրտներին մեր մեջից մեր իսկ ծախսերով է բուծում, ծլեցնում, աճեցնում, ամրացնում ու «հասուն» տարիքում սարքում պատուհաս մեր անճար-բանջար գլխին։

198. Ինչը որ չի կարելի, երբ շատ ես ուզում, դառնում է կարելի։ Մեծ ցանկության և անկոտրում կամքի, շարունակական ջանքերի և անդադրում եռանդի դրսևորման պարագայում անհնարինը միանգամայն հնարավոր է դառնում, անհավանականը՝ հավանական։

199. Ճակատագիրը՝ ճակատագիր, բայց մեր մեծերի պնդումը երիցս ճշմարիտ է, որ մի-երկու տող էլ ինքդ պիտի հավելես ճակատագրիդ։

200. Հայտնի է, որ ոչինչ այնքան չի գեղեցկացնում կնոջը, որքան ջրածնի պերօքսիդը։ Բայց էդ մտայնությունն արդեն անցյալում է մնացել, մինչդեռ հիմա շեղախեղված արուներն էլ նման ձևով են «գեղեցկանում» ու դուրս ելնում «պանել»... «գենդեռային հավասարության» շրջանակներում։