Զգույշ, այստեղ «մացոիզմ» է

Զգույշ, այստեղ «մացոիզմ» է

Տարիներ առաջ, Սերժ Սարգսյանի նախագահության օրերին ֆեյսբուքյան հարթակում առաջարկում էի ՄԻԵԴ գնացող և հաղթանակով վերադարձող գործերի առնչությամբ ֆինանսական բնույթի օրենսդրական կարգավորում կիրառել: Խոսքն այն մասին է, որ եվրոպական դատարանում պարտվելու դեպքում հայաստանյան «արդարադատությունից» տուժողը սովորաբար 30 հազար եվրոյի գումար էր ստանում պետությունից: Առաջարկում էի օրենսդրական կարգավորմամբ այդ գումարը բռնագանձել առաջին ատյանի այն դատավորից, որը քննել է այդ անձի վերաբերյալ գործը: Ինչո՞ւ հենց առաջին ատյանի, քանի որ հենց ստորին այդ օղակից է սկսվել անօրինականությունը, որը հետո երկրորդ ու երրորդ ատյաններում վերահաստատվել է: Ինչպես ասվում է, չարիքի կամ տվյալ դեպքում՝ անօրինականության արմատը պետք է կտրվեր հենց սկզբից: 

Բնական է, որ Սարգսյանի օրոք նման կարգավորում չէր լինի, քանի որ դրանով կխափանվեր գործադիր իշխանության կողմից դատավորների վրա ազդելու մեխանիզմը: Այսինքն, եթե դատավորը ստիպված լիներ իր գրպանից վճարելու նախկինում գործած անօրինության համար, ապա ինչու պետք է իշխանության պատվերով «արդարադատություն» իրականացներ: 

2018 թվականի իշխանափոխությունից հետո ենթադրում էի, որ օրենսդրական այդ կարգավորումը կկատարվի Նիկոլի կողմից: Սակայն դրա փոխարեն սկզբում (Յուրի Խաչատուրովի գործով) դրսևորվեց վերջինիս հեղափոխական արմատականությունը: Այն է՝ դատավորները պետք է ենթարկվեին իր կամքին: Իսկ այնուհետև շրջանառվեց դատավորներին վեթինգի ենթարկելու գաղափարը: Երրորդ փուլում դա նենգափոխվեց Նիկոլի քիմքին ոչ հաճելի դատավորների լիազորությունների դադարեցման արագ և «արդյունավետ» տարբերակի: Այն է՝ «ԲԴԽ-արդարադատության նախարարություն» ձևաչափով համագործակցության: Ինչը, բնականաբար, ենթադրում է նախկինների ապօրինությունների փոխարինում գործող իշխանության անօրինականություններով:

Այդ մեխանիզմի անիվների տակ են հայտնվում բոլոր այն դատավորները, որոնք Նիկոլի կամքին չենթարկվելու համարձակություն են դրսևորում: Ասեմ, որ դա բավական ծանր փորձություն է. հասուն (բայց ոչ թոշակառու) տարիքում մարդը հայտնվում է սովորական անցուդարձից դուրս շպրտված վիճակում: Սեփական փորձից եմ ծանոթ: Ու այդ հանգամանքը հաշվի առնելով՝ նման մարդկանց առջև խոնարհվելն ամոթ չէր լինի: Իսկ նրանց փոխարեն բացարձակ կյանքի փորձառություն չունեցող ջահելներին դատավոր նշանակել տալով՝ Նիկոլը գեղցիական կարգով լուծում է վեթինգի խնդիրը: Վերջիններս էլ՝ թե՛ կյանքի փորձության բացակայության պատճառով և թե՛ շնորհակալությամբ լցված՝ կանեն այն ամենը, ինչ նրանց կհրահանգի «ԲԴԽ-արադարադատության նախարարություն» զույգը: Իսկ սարգսյանական տարիների իմ առաջարկությունը կրկին կմնա ձայն բարբառո հանապատի: Որովհետև Նիկոլին հետաքրքրում է ոչ թե իրական, այլ սեփական «արդարադատության» հաստատումը: Ինչին, ի դեպ, ինքը հասել է ամբողջությամբ:

Արդյունքում, «նիկոլական» Հայաստանի դատական համակարգի բնույթը կարելի կլինի բնորոշել որպես մացոականություն կամ կրճատ՝ «մացոիզմ»: Դա այն դատավորի անունով (Մնացական Մարտիրոսյան) է, որը հայտնի էր «սերժական» Հայաստանում որպես դատական համակարգի կախվածության և ծախվածության խորհրդանիշ: Եվ բոլորովին էլ զարմանալի չէ, որ հենց ինքն ու իր նմանները (երիտասարդներին չհաշված) պետք է ձևավորեին «նոր» Հայաստանի դատական համակարգի պատկերը: Այդ պատկերը պետք է ձևավորեին հենց իրենց նմանությամբ: Եվ որքան էլ տհաճ լինի՝ պետք է խոստովանել, որ մեր թողտվությամբ «նիկոլիզմի» շրջանակներում ստացանք մի նոր «իզմ»՝ «մացոիզմ»: Եվ ոչ միայն ստացանք, այլև վկա կլինենք դրա հաղթարշավին: Այսինքն, «իզմ»-երից զերծ երկրում, ինչպես Նիկոլն էր խոստացել, մենք ունեցանք երկու ոչ ընդունելի «իզմ»-եր: Ինչքան շարունակվի Նիկոլի վարչապետությունը՝ այդ «իզմ»-երի քանակը կարող է շատանալ: Եթե, իհարկե, մինչ այդ եղած «իզմ»-երը չկործանեն պետությունը: 

Այս ամենը նշանակում է, որ Փաշինյան Նիկոլի ողջ նախորդ, այսինքն՝ ընդդիմադիր գործունեությունն այլևս փոզմիշ եղավ այս հարցում: Նաև բազմաթիվ այլ հարցերում, սակայն արդարադատության խնդիրը միշտ մնում էր ընդդիմադիր Փաշինյան ուշադրության կենտրոնում: Հատկապես 2008-2009 թվականների նրա բանտարկության ընթացքում և դրանից հետո: Փաստորեն, «դուխով» Նիկոլը կամ «ժողովրդի փրկիչն» այն մարդը չէր, որ ժողովրդով իշխանության գալով՝ վերացներ այն արատները, որոնց առկայությունից երկու-երեք տասնամյակ տառապում էր նույն այդ ժողովուրդը: