Անդրեյ Բիտովը եւ Հայաստանը

Անդրեյ Բիտովը եւ Հայաստանը

Մաս 3-րդ 

Գրողի՝ 1967 թվականին Հայաստան կատարած ճամփորդությամբ էլ ծնվում են նրա «Արարատյան տեքստերը»։ Այդ ճամփորդության ժամանակ նա այցելում է իր բարեկամ Հրանտ Մաթեւոսյանին, ով ամբողջ աշխարհում ճանաչում ունեցող հայ գրող էր։ Ով կմտածեր, որ 1967 թվականին երեսնամյա Բիտովի ճամփորձությունը դեպի Հայաստան կդառնար ճակատագրական ինչպես գրողի, այնպես էլ Հայ ժողովրդի համար։ Իր «Հայաստանի դասերը» գրքում, որն առաջին անգամ լույս է տեսել 1978 թվականին, հեղինակը նորովի է բացահայտում Հայաստանը ռուս ընթերցողների համար։ Նրա ուղեգրական գրառումները Հայաստանի մասին, յուրատեսակ ուղեցույցներ են հանդիսանում, համառոտ էքսկուրսներ դեպի Հայոց պատմություն եւ հայկական քաղաքակրթություն։ 

Հայաստան կատարած առաջին ճամփորդությունից հետո արդեն հեղինակը խոստովանում է, որ Հայաստանը դառնում է իր աշխարհի մի մասը։ Նա չի որոնում այլ ժողովրդին եւ Հայաստանին ծառայելու իդեալ, սխրանք կամ որոշակի իմաստ, սակայն ինտուիտիվ կերպով գտնում է հերոսին, այն ձայնն ու լեզուն, որով կարողանում է վերարտադրել բարդ արտասանվող հայերեն բառերը, հիշելով իր նախորդ Օսիպ Մանդելշտամին։ 

Հայաստանը նա յուրացնում է խոսքերի, պատմությունների միջոցով, որոնք լսել է մարդկանցից, բնապատկերների, կանաչու հոտի, գյուղական պանրի համի, ու լավաշի միջոցով։ Նրան հետաքրքրում է անսովոր դրսեւորումներով նատուրան, որը հայերի համար լիովին սովորական կարող էր համարվել։ Ողջ աշխարհում էլ հայերը կենտրոնացած էին իրենք իրենց վրա։ Դա ամենեւին եսասիրություն չէ, այլ պարզապես անձն իրեն նույնականացնում է իր էթնիկ հավաքականության մեջ։ Սահմանները գրեթե անորսալի են։ 

Բիտովն հասկանում է դա, եւ ցույց տալիս։ Հայկական հոգին ստեղծարար է, ծարավ երջանկության, խաղաղության, կյանքի հաղթանակի։ Այդ ամենը գնահատելու կարողությունը նա ձեռք է բերել մեծ ջանքեր ներդնելով, չափազանց թանկ գին վճարելով։ Բիտովը դառնում է դրա մասնակիցը։ Հետագայում արդեն, կարծես թե հաստատելով Շուլժենկոյի տեսությունը, նա հայտարարում է, որ իր գիրքը գրվել է ոչ թե Հայաստանի մասին, այլ Ռուսաստանի, Ռուսաստանից տարբեր երկրի։ Եւ այս հայտարարությունը բավականին շատ հարցեր է առաջացնում։ Ի վերջո, ինչ է նկատի ունեցել նա։ Իհարկե առաջնահերթ կերպով՝ ինքնաճանաչողությունը, նաեւ՝ Ռուսաստանի ճանաչողությունն այլ երկրի, այլ ժողովրդի, այլ մշակույթի եւ այլ պատմության տարածական եւ ժամանակային պրիզմայի միջոցով։ «Բոլորին է հայտնում, որ ճամփորդությունները ընդլայնում են մարդու աշխարհայացքը։ Դա իհարկե ճշմարիտ է։ Սակայն այդ ընդլայնումը կայանում է, նրանում, որ դու ավելի լայն հայացքով ես սկսում տեսնել հայրենիքդ։ 

Ճամփորդության իմաստն այն է, որ վերադառնում ես տուն»։ Բիտովին դեռ Մոսկվայում էին իրազեկ մարդիկ ասել, որ Հայաստան այցելելով, դեռ օդանավակայանում է տեսնելու Արարատը՝ հայկական բնապատկերի կարեւորագույն հիմնաքարը։ Նրան նաեւ ասել էին, որ եթե Արարատը նրան դիմավորի ամպերի մեջ, ուրեմն չի ընդունում, չի ողջունում, իսկ եթե պարզ ցույց տա իրեն, ուրեմն՝ ընդունում է։ Սրբազան լեռը սակայն իրեն ցույց չի տալիս հեղինակին ոչ օդանավակայանում, ոչ Երեւանում, ոչ էլ Չարենցի կամարում։ 

Սակայն Հայաստանում գրողն ամենուրեք տեսնում էր լույսը, շատ լույս։ Դա Բիտովի համար յուրահատուկ ընկալելի կամ զգացական կատեգորիա էր, ինչպես ջուրը, օդը։ Բարեկամները մշուշով ծածկված Արարատի ուրվապատկերին ձեռքը պարզած բացատրում էին, որ դա է Արարատը եւ հարցնում, թե արդյոք տեսնում է։ Ու այդ  ժամանակ էլ, ըստ նրա, նրա մոտ բացահայտվում է հայկական տեսողությունը, որն ի զորու է ցանկացած երկրում հորիզոնի վրա անսխալ ուրվագծել Արարատը։ Նրան ապշեցնում է փոքրիկ Հայաստանի հեռաստանները։ Նա հանգում է այն եզրակացության, որ հեռաստանն ըստ էության ազգային կատեգորիա է, որը այն անսահամանությունն է, որը մարդը կարող է հայացքով ընդգրկել եւ խորը շունչ քաշել այդ ընդգրկումից։ 

Այդ հեռաստանն հենց հայրենիքն է։ Իսկ այն, ին չգտնվում է դրան սահմաններից դուրս, ըստ էության, այնքան էլ իր գոյությամբ կարեւոր չէ»։ Այս վերջին մտքի հետ Հայ ժողովուրդը, թերեւս չի համաձայնի, որովհետեւ Արարատից այն կողմ կորուսյալ հայրենիքն է, Արեւմտյան Հայաստանը, նախնյաց մասունքները, որքան էլ, որ նրանց համար ցավալի լինի այդ հորիզոնից այն կողմ դիտելն ու տեսնելը, թե ինչ կա այնտեղ։ Արարատը Բիտովին բացահայտվում է վերջում եւ անակնկալ կերպով։ Լուսադեմին՝ տունդարձի թռիչքից առաջ նա անակնկալ կերպով տեսնում է թե մեծ եւ թե փոքր գագաթները։ 

Բիտովի մոտ տպավորություն էր, որ Արարատը այնքան էլ համահունչ չէր տեղանքին եւ հատուկ էր այդտեղ «բուսնել», որպեսզի դառնար Նոյան տապանի հանգրվանը։ 

«Հայաստանի դասերը», որով եւ գրականության մեջ է բերվում «Արարատյան տեքստ» հասկացությունը, ապշեցնում է որպես ստեղծագործություն ոչ միայն իր հայկականությամբ։ Այն նաեւ կարեւոր է բոլոր այն ժողովուրդների համար, որոնք ունեցել են Հայ ժողովրդի ունեցած պատմական ճակատագրին նման ճակատագիր՝ լի արյունոտ էջերով։

Ելենա Շուվաեւա-Պետրոսյան
ТВОРЧЕСТВО МОЛОДЫХ УЧЕНЫХ հանդես էջ 207-211
Հայերեն թարգմանությունը՝ Արամ Յանինի