Աբսուրդ հրաման

Աբսուրդ հրաման

Մի քանի օր առաջ «Հրապարակ»-ում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանն էր՝ դրեսկոդ սահմանելու մասին։ Նա որոշել է «Նախարարության աշխատողների հանդերձանքի կանոններ» բաժնում փոփոխություններ անել եւ գրել է․

«Տղամարդիկ պետք է աշխատանքի ներկայանան դասական (գործնական) ոճի կոստյումով, բաց կամ մուգ երանգի վերնաշապիկով եւ փողկապով: Աշխատանքի չեն կարող ներկայանալ մարզական, փայլուն, խայտաբղետ գործվածքներից կարված հագուստով, սպորտային կոշիկներով, ոչ պատշաճ սանրվածքով»:

Իսկ նախարարը կարո՞ղ է բացատրել, թե ինչու պետք է նախարարության աշխատողն ամառ-ձմեռ կոստյում հագնի։ Կամ՝ ի՞նչ է նշանակում «սպորտային կոշիկ», երբ բոթասանման են գրեթե բոլոր ժամանակակից կոշիկները, եւ ինչո՞վ է սպորտային կոշիկը վիրավորում նախարարի էսթետիկ զգացումները։ Իսկ ի՞նչ է նշանակում «խայտաբղետ գործվածքից կարված հագուստ»՝ կոստյումը կամ վերնաշապիկը ինչո՞ւ չի կարող լինել, ասենք, մի քանի գույնից կազմված, դա խանգարո՞ւմ է նախարարությունում աշխատելուն։

Ինչ է որոշել կանանց հետ կապված․ «Կանայք պետք է աշխատանքի ներկայանան դասական (գործնական) ոճի, մեղմ երանգի հագուստով: Աշխատանքի չեն կարող ներկայանալ մարզական, երեկոյան, տոնական, փայլուն, խայտաբղետ գործվածքներից կարված հագուստով, չափից ավելի կարճ կամ թափանցող զգեստներով, պատռվածքներով ջինսե տաբատներով, ճչացող դիմահարդարմամբ, զարդերով, ոչ պատշաճ սանրվածքով»: Փորձեցինք պարզել, թե նախարարությունում աշխատող կանայք ինչպես են հասկացել այս հրահանգը։ Օրինակ՝ ո՞ր երկարությունն է զգեստի համար համարվում կարճ, ինչո՞ւ չի թույլատրվում զարդեր կրել, կամ, ասենք, վառ կապույտ կամ կանաչ զգեստն ինչո՞վ է խանգարում Դումանյանին։

Ասենք՝ ամուսնական մատանի կրել կարելի՞ է, ո՞րն է ոչ պատշաճ սանրվածքը։ Տոնական զգեստն ինչո՞վ է տարբերվում առօրյա զգեստից։ Պարզվեց՝ նախարարությունում մոտավորապես են հասկացել այս հրահանգը, ենթադրել են, օրինակ, որ «պլեչիկներով» զգեստ չպետք է կրեն, մեկ էլ հասկացել են «ճղված» ջինսերի արգելքը, մնացածն անորոշ է, եւ ոչ էլ «ճչացող» հագուստով են անցյալում ներկայացել, որ նման հրահանգի կարիքը լիներ։ Բայց ամենից ուշագրավն այս հրահանգի այն հատվածն է, որտեղ ասվում է, որ այս կանոնները տարածվում են նաեւ նախարարության այցելուների վրա։ Ասենք՝ մի անապահով ընտանիքի ներկայացուցիչ, որն իր երեխայի ուսումնառության հարցերով գալիս է կրթության նախարարություն, կարող է դուրս հրավիրվել՝ սպորտային կոշիկներով լինելու պատճառով։