Հիշեք այս անունը՝ Նարեկ Տերյան

Հիշեք այս անունը՝ Նարեկ Տերյան

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգված «ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսը կբացվի այս տարի՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ին: Ցուցահանդեսին մասնակցելու ցանկություն է հայտնել ավելի քան 190 երկիր, այդ թվում՝ Հայաստանը: Հայաստանի մասնակցության հետ կապված նախապատրաստական աշխատանքները համակարգելու նպատակով սեպտեմբերի 5-7-ը Դուբայում կլինի Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը: Վարչապետն է գործուղել: Գործուղման բոլոր ծախսերը, այդ թվում՝ կորոնավիրուսի թեստի դիմաց վճարը, պետական բյուջեի հաշվին են:

Լավ հիշեք այս անունը՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյան: Թավշյա իշխանությունների բացառիկ պահվածքն է՝ ամեն ինչում մեղադրել ուրիշներին: Այս տարվա փետրվարին Աբու-Դաբիում կայացած «IDEX 2021» միջազգային պաշտպանության համաժողովին եւ ցուցահանդեսին հայկական տաղավարում ոչ մի ցուցանմուշ չկար՝ կային միայն բուլկետներ: Թավշյաները մեղադրեցին բոլորին, անգամ Ռուսաստանին, որտեղով պիտի մեր ցուցանմուշները հասնեին Աբու-Դաբի, բայց չհասան: Թավշյա վարչապետն անգամ ծառայողական քննություն նշանակեց, արդյունքների մասին դեռ պաշտոնական հաղորդագրություն չկա:

Բացի ուրիշներին մեղադրելուց, թավշյաներին հատուկ է նաեւ միայն խոսելն ու գործը ձախողել-տապալելը: Բայց եթե Աբու-Դաբիի ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների պատասխանատուի անունը չհրապարակվեց, ապա «ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» ցուցահանդեսի դեպքում գիտենք, որ այդ պատասխանատուն Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն է: Եթե թավշյա իշխանություններին բնորոշ վարքի արդյունքում Դուբայում մեր մասնակցությունը դառնա Աբու-Դաբիի նման ծիծաղելի ու խայտառակ, ինչի հավանականությունը փոքր չէ, ապա թավշյաները պետք է մեղադրեն միայն Նարեկ Տերյանին:

Արեգ Մարգարյան