Ինչու «Հայաստան» դաշինքը Շիրակի մարզից թեկնածու չի առաջադրել

Ինչու «Հայաստան» դաշինքը Շիրակի մարզից թեկնածու չի առաջադրել

Երեկվանից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, սակայն Հանրապետության երկրորդ քաղաքում դեռևս նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, մեր տեղեկություններով քաղաքական ուժերի ներկայացուցիչները եկող շաբաթ են պատրաստվում Գյումրի այցելել։ 

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող  27 քաղաքական ուժերը Շիրակի մարզում  քիչ թե շատ կենտրոնացել են, համամասնական ցուցակով առաջադրել իրենց թեկնածուներին: Անդրադառնանք մարզում առավել ակտիվ գործունեություն ծավալող կուսակցություններից մի քանիսին եւ առաջադրված թեկնածուներին։

Գործող իշխանության  «Քաղաքացիական  պայմանագիր» կուսակցության մարզային շտաբի  ղեկավարումը ձեռքն է վերցրել մարզպետ Հովհաննես Հարությունյանը, որը ներկայիս  պատգամավորների հետ նույնպես առաջադրվել  է: Իշխանական պատգամավորներից ուշագրավ է  Կարեն Սարուխանյանի՝ ցուցակում հայտնվելու փաստը:  Թեև առաջադրված է եւ Գյումրիում զբաղված է կուսակցական կազմակերպչական աշխատանքներով, այնուամենայնիվ, ցուցակում 91-րդն է: 

Շիրակի մարզում համեմատաբար մեծ է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրվածների  թիվը: Գործող  պատգամավորների կողքին հայտնվել են նոր անուններ, ովքեր հիմնականում գործարարներ, մանկավարժներ եւ դասախոսներ են։Կուսակցության համամասնական ցուցակում  մարզից ընդգրկված թեկնածուների թիվը հասնում է 15-ի: Մարզային գրասենյակի պատասխանատուն պատգամավոր Սարիկ Մինասյանն է, որը ևս առաջադրված է:

«Ազգային ժողովրդական բևեռը» մարզում 10 թեկնածու է առաջադրել՝ ի դեմս գյումրեցի քաղակտիվիստների:

 «Հայաստան» դաշինքը մարզից որևէ թեկնածու չի առաջադրել: Դաշինքի Գյումրու շտաբի համակարգող Հովհաննես Ասոյանի խոսքով՝ առաջարկներ շատերին է արվել, այդ թվում՝ իրեն, բայց բոլորն էլ հրաժարվել են, քանի որ բացակայել է Ազգային ժողովում հայտնվելու  ցանկությունը:

«Պատիվ ունեմ» դաշինքը մի քանի թեկնածու ունի, սակայն առաջատարը դաշինքի ցուցակում առաջին տասնյակում ընդգրկված, հանրապետական նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է :

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մարզային թեկնածուների թիվը 7-ն է:  Կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվել  են Գյումրի համայնքի ավագանու ԲՀԿ անդամները, կանանցից՝ գյումրեցի լրագրող Հասմիկ Վիրաբյանը: