Նախընտրական մտորումներ-1

Նախընտրական մտորումներ-1

Ո՞ւմ է ձեռնտու ընտրությունը

2018-ի ապրիլյան իրադարձությունը փողոց դուրս եկածների համար հեղափոխություն էր: Որ այն չբերեց ցանկալի արդյունքների, բոլորովին էլ շարքային քաղաքացու մեղքը չէ: Առաջնորդի չմարզված ուսերը չափից ավելի փխրուն էին պետական կառավարման ծանրաձողը գլխավերեւում պահելու համար: Միանգամայն տրամաբանական է, որ նման դեպքերում ծանրաձողը գցում են ոտքերին կամ փշրում սեփական ողնաշարը: Մեզանում կատարվեց ավելի վատ բան. փշրվեց պետության ողնաշարը: Կատարվածի պատճառահետեւանքային կապերը հստակեցնելու, քաղաքական ճշգրիտ ախտորոշում կատարելու փոխարեն, իշխանությունն ու ընդդիմադիր դաշտի գլխավոր հավակնորդները հասարակությանը ներքաշեցին ընտրություն կոչվող գործընթացի մեջ: Որ այդ հապճեպ ընտրությունը հանրության ուշադրությունը շեղելու միջոց է, կհամոզվենք առաջիկայում: Իզուր չէ, որ մարդկանց փորձում են ներշնչել, թե կա ընդամենը երկու ճամբար, եւ ընտրությունը հենց նրանց միջեւ պետք է լինի: Դա վկայությունն է այն բանի, որ նման դասավորվածությունը ձեռնտու է երկուսին էլ, եւ հենց նրանք են հանդիսանում ստեղծված իրավիճակի գլխավոր շահառուները: Ի՞նչն է նրանց աներեւույթ դաշինքի հիմքը՝ իշխանական տորթից առավել մեծ բաժին պոկելու հո՞ւյսը, թե՞ ընդհանուր մեղքի զգացումը: Ի՞նչ են նրանք փորձում թաքցնել ժողովրդից: Մեր պարտության պատճառնե՞րը: Համենայնդեպս, ժամանակը նրանց օգտին չէր աշխատելու: Քաղաքական դաշտում ի հայտ էին գալու նոր գաղափարներ ու նոր դերակատարներ: Շփոթված հասարակությանը չտրվեց ժամանակ ուշքի գալու, իրեն հուզող հարցերի պատասխանները ճշգրտելու համար: Հասարակական միտքը շեղված է հիմնախնդրից: Ընտրական գործընթացում չկա գաղափարական բաղադրիչ: Նորից գործում են հին մեթոդները: Ամենուր կա անկեղծության պակաս:

Անպատասխան հարցեր

Մերօրյա պատերազմի գաղտնիքները դեռեւս բացահայտված չեն: Թե ով էր հողատվության գաղափարական հայրը, գիտեն բոլորը: Իսկ, այ, ո՞վ կամ ովքե՞ր էին այն ուսուցիչները, որոնք ամեն կերպ համոզում էին իրեն Պապ թագավոր երեւակայող ղեկավարին դավաճան չկոչվելու համար հողերը ետ տալ «թեթեւ» ու «հաղթական» պատերազմով, այդ անձանց բացահայտումը շատ բաների վրա լույս կսփռեր: 

Ինչո՞ւ արցախյան խնդրի կարգավորումն ունեցավ այսքան ծանր վերջաբան, որն ավելի վատ չէր կարող լինել խաղաղ կարգավորման ցանկացած տարբերակի դեպքում: Այս ու բազմաթիվ հարցեր իրենց պատասխանին են սպասում: Իսկ պատասխանողները ցույց են տալիս, որ խիստ զբաղված են: Նրանց համար այս ընտրությունը փրկօղակ է: Ոչ մեկը նրանցից այսօր չի խոսում իր թույլ տված իրական սխալների մասին, ընդհակառակը՝ հանուն մի քանի մանդատի, նրանք խոսքները մեկ արած, լռում են նույն բանի մասին: Ժամանակը ցույց կտա, որ չնայած միմյանց հասցեին հնչող վիրավորանքներին, նրանք կապված են պատասխանատվության միեւնույն թելով: Մերկացումի վախը նրանց ստիպում է խաբեության նոր շրջապտույտի մեջ ներքաշել սեփական ժողովրդին: Ակնհայտ է, որ ընտրությունները չեն լուծի ծառացած խնդիրներն ու չեն նպաստի լարվածության թուլացմանը: Օդի մեջ առկախ են մնացել էական հարցեր: Կարճ ժամանակ անց չճշգրտված այդ հարցերն ասեղի պես դուրս կցցվեն պարկից: Այդ օրը կպատռվեն շատերի դիմակները:

Մարտի են գնում նախագահները

Ընտրությունների պաշտոնական մեկնարկից ամիսներ առաջ արդեն սկսվել էր մրցավազքը: Իշխանությունը՝ թույլ ու վիրավոր, թվում էր՝ ուր որ է գլուխը վայր կդնի: Ընդդիմադիր ուժերի քայլերը, սակայն, չտվեցին ցանկալի արդյունքը: Պատճառները բազմաթիվ են: Եթե ճիշտ է, որ իշխանությունը ձեւավորում է ժողովուրդը, ապա մեզանում ժողովրդական տրամադրությունների առումով ձեւավորվել է եռիշխանություն: 

Բացի թվացյալ երկու բեւեռներից, կա եւս մեկը, որ այդպես էլ չդարձավ տեսանելի ու չունեցավ իր ընդգծված առաջնորդը: Դա այն քաղաքացիների համախումբն է, որը մերժում է երկու բեւեռները: Շատերին, այդ թվում՝ ընդդիմությանը, թվում էր, որ նրանք հասարակության պասիվ զանգվածն են: Իրականում նրանք արտահայտում էին իրենց դիրքորոշումն իշխանության ու փողոց դուրս եկած ուժերի կազմակերպիչների նկատմամբ: Սահմանադրական ճանապարհով իշխանափոխությունն այլ ճանապարհ չի թողնում, բացի ընտրություններից: Շատ բան կախված է հասարակության անտեսանելի երրորդ բեւեռի տրամադրությունից: Հենց նրանց ձայները կլինեն որոշիչ, թե ում կժպտա բախտն այս անգամ: Այն, որ քաղաքական ուժերից ոչ մեկն էլ չի հավաքի իշխանություն ձեւավորելու անհրաժեշտ ձայներ, դա նկատելի է պարզ աչքով: Դա ավելի սուր բնույթ է հաղորդել ընտրական մարաթոնին: Ընտրությունը նոր ու երիտասարդ ուժերի ստուգատես է: Բայց ընտրությունների որակի պատասխանատուներն իշխանության հետ մեկտեղ առավելապես այն ուժերն են, որոնք անկախության տարիներին այս կամ այն չափով էական ազդեցություն են ունեցել երկրի համար կարեւորագույն որոշումների կայացման վրա: Դա առաջին հերթին վերաբերում է առաջին, երկրորդ ու երրորդ նախագահին:

Կնքահայրը

Լեւոն Տեր-Պետրոսյանն անկախության տարիների առավել զուսպ ու գրագետ նախագահը եղավ: Նա իր հավասարակշիռ կեցվածքով, արտաքին քաղաքական ճիշտ կողմնորոշմամբ կարեւոր դեր խաղաց արցախյան առաջին պատերազմում ձեռք բերած հաջողություններում: Չնայած դրան, նրա կերպարը շատերի համար մնում է մինչեւ վերջ չբացահայտված, տեղ-տեղ՝ առեղծվածային ու չընկալված: Նա ինքն էլ քիչ բան չի արել խորհրդավորություն պահպանելու համար: Նա այն գործիչն է, որը փորձել է միշտ ասել ճշմարտությունը, որքան հնարավոր է՝ ճշմարտությունը, սակայն երբեք՝ ոչ ամբողջ ճշմարտությունը: Այդպիսին էր նա, երբ «Ղարաբաղ» կոմիտեն ինչ-որ պահից արցախյան խնդիրը ստորադասեց Հայաստանի անկախության գործընթացին՝ պատշաճորեն չբացատրելով հանրությանը նպատակակետի փոփոխության մասին, հուսալով լիարժեք օգտվել շարժման կրակից: «Ղարաբաղը մերն է», «Միացում», «Պայքար, պայքար մինչեւ վերջ» լոզունգները չէին կարող կասկածի տեղիք տալ, որ դրանցով իշխանության եկած շարժման առաջնորդը մի օր, խորհրդային հասարակարգն իրեն «հատկացված» տեղամասում փլուզելուց հետո կարող է հայտարարել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու անխուսափելիության մասին: Որքան էլ նա այսօր ճգնում է հանրությանը ներշնչել, որ այլընտրանքի բացակայության մասին նա զգուշացրել է ժամանակին, դա եւս կիսաճշմարտություն է, իսկ, ինչպես հայտնի է, կիսաճշմարտությունները հաճախ խաբեությունից ավելի վատ են լինում: Այո՛, Լեւոն Տեր-Պետրոսյանը 1997-ի վերջին իր հայտնի հոդվածում զգուշացնում է այդ մասին: Բայց ո՞վ էր նա այդ ժամանակ: Շարժման սկզբում նա իրական առաջնորդ էր, գրեթե կիսաաստված: Բայց 1996-ի նախագահական ընտրություններում փշրվեց նրա հեղինակությունը: Բացահայտ կեղծված ընտրությունների արդյունքում նա ինքնահռչակվեց նախագահ: 

Այդուհետ Լեւոն Տեր-Պետրոսյանը եթե աստվածաշնչյան ճշմարտություններ էլ ասեր, այլեւս նրան հավատացողներ չէին լինելու, բացի իր մերձավորներից: Ժողովուրդը երես թեքեց ու այլեւս չներեց նրան Ղարաբաղի հարցի շահարկումով իշխանության գալու, ժողովրդի զգացմունքների հետ այնպես թեթեւորեն խաղալու համար:

Այսօր էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսում է կոդերով ու հանելուկներով, անում հետաքրքիր «գաղտնազերծումներ»: Թեեւ շատերի համար դա իմաստնության նշան է, սակայն միշտ չէ, որ նա հայտնվում է շահեկան վիճակում: Օրինակ, երբ նա իր հրաժարականը ներկայացնում է իբրեւ քաղաքացիական պատերազմից խուսափելու այլընտրանք ու դրանում, այլոց մեջ մեղադրում Վազգեն Սարգսյանին, առնվազն երախտագիտության պակասի տպավորություն է ստեղծվում: Չէ՞ որ հենց Վազգենն էր, որ 1996 թվին իր վրա վերցրեց ընկերոջ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար իշխանությունը բռնազավթելու պատասխանատվությունն ու ժողովրդի անեծքը: 
Ու թեեւ հետագայում, Կարեն Դեմիրճյանի հետ միավորվելուց հետո, ժողովուրդը ներեց նրան, սակայն ակնհայտ է, որ նրա նկատմամբ բացասական լիցքերը պայմանավորված էին առավելապես այդ դրվագով:

Պատմությունը «Միասնություն» դաշինքի շնորհիվ կարող էր այլ ընթացք ստանալ, եթե չլիներ հոկտեմբերի 27-ի սպանդը: Չէ՞ որ դաշինքը Արցախի հարցում պարտվողականության իրական այլընտրանք էր առաջարկում, որը մնաց անկատար կամ չստուգված: Եթե Հայաստանի բոլոր ռեսուրսները համատեղվեին, ցիրուցան արվելու փոխարեն ուղղվեին երկրի տնտեսական, սոցիալական ու ժողովրդավարական ցավոտ խնդիրների լուծմանը, շատ բան այլ կերպ կլիներ: 
Համենայնդեպս, Արցախն այսօր չէր կորցնի իր տարածքի մի մասը: Այնպես որ, արցախյան խնդրի կարգավորման մերօրյա զարգացումը բոլորովին էլ դատավճիռ չէր: Դա պայմանավորված է նախկին ու ներկա կառավարիչների վարած անհեռատես, չկշռադատված քաղաքականությամբ: Ու թեեւ այս ֆոնին առաջին նախագահը կարող է եւ մարգարե երեւալ, այդուհանդերձ, հազիվ թե տեղին է 20-ամյա լռությունից հետո մեռած ընկերոջը մեղադրել քաղաքացիական պատերազմով սպառնալու մեջ: Եթե անգամ այդ պնդումն ունի իրական հիմքեր, տեղին կլիներ դրա հետ մեկտեղ փակագծեր բացել նաեւ 1996-ի ետընտրական զարգացումից, որն իր բնույթով ավելի մոտ էր քաղաքացիական պատերազմին:

Ճշմարտությունից հեռու չես փախչի: Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող էր այսօր համարվել հայոց նոր պետականության հայրը, մինչդեռ նա դարձավ մի այլ երեւույթի կնքահայրը: 
Ինչքան էլ պատմությունը շուռումուռ տան, միեւնույն է, փաստը մնում է փաստ, որ հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք ու նրա «կնիքով» 1996թ. սեպտեմբերին մեր պետականության պատը ծռվեց` նմանվելով Պիզայի աշտարակին՝ միայն մեկ տարբերությամբ, որ հայտնի աշտարակը դեռեւս կանգուն է, իսկ մեր պետականությունը բերանքսիվայր ծեփվել է գետնին: Ու ինչքան էլ առաջին նախագահն առաջարկում է գիծ քաշել ներկայի ու ապագայի միջեւ, անհնարին է չնկատել, որ դրանով նա փորձում է պարտակել երբեւէ թույլ տված աններելի սխալը:

Շարունակելի  

Ֆիրդուս Զաքարյան