Նիկոլ Փաշինյանը գծել է Արցախի ապագա խորհրդարանի կազմը

Նիկոլ Փաշինյանը գծել է Արցախի ապագա խորհրդարանի կազմը

Նիկոլ Փաշինյանի արցախյան վերջին այցը, ավանդույթի համաձայն, այս անգամ էլ է աղմկոտ էպիզոդներով աչքի ընկել։  Փաշինյանը, ով բազմիցս հայտարարել է, որ անթույլատրելի է հարեւան երկրի ներքին հարցերին խառնվելը, եւ դա վերաբերում է ինչպես Արցախին, այնպես էլ Հայաստանին, օրերս հանդիպում էր նախաձեռնել Արցախի նախագահական ընտրությունների թեկնածուների հետ, ավելի ճիշտ՝ հրավիրել էր նրանց, ովքեր հայտարարել են իրենց մասնակցության մասին, եւ ում ինքն էր ցանկացել տեսնել՝ փաստացի ընդգծելով, թե ինչպես է պատկերացնում Արցախի ապագա քաղաքական «ռասկլադը»՝ որ ուժերից ու գործիչներից կազմված։

Հանդիպմանը մասնակցել են Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար, ԱՀ Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանը, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։ Պաշտոնական տեղեկատվությունից պարզ է դառնում նաեւ հանդիպման նպատակը․ «Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում կայանալիք համապետական ընտրությունների կազմակերպմանը, առկա քաղաքական իրավիճակին: Վարչապետը հանգամանալից անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, բանակաշինության ուղղությամբ տարվող աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանը կարեւորել է Արցախում տեղի ունենալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ եւ միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը` ընդգծելով, որ ՀՀ կառավարությունն այդ գործում ամեն կերպ աջակցելու է Արցախի իշխանություններին»:

Հանդիպումը բուռն քննարկման առիթ է դարձել Արցախում այն պատճառով, որ Հայաստանի եւ Արցախի ղեկավարներն ի սկզբանե խտրական վերաբերմունք են դրսեւորել հավանական թեկնածուների հարցում։ Չեն հրավիրել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը քննադատող Վիտալի Բալասանյանին, ում թեկնածությունը, ի դեպ, «Արդարություն» կուսակցությունն օրերս իր համագումարում առաջադրեց։ ՀՀ դեմոկրատ վարչապետը ցույց տվեց, թե որտեղ կհայտնվեն իրեն եւ իր իշխանությունը քննադատողները, եւ որ ինքը նրանց հետ չի ցանկանում մի սեղանի շուրջ հայտնվել։ Նույնիսկ այն պարագայում, երբ բառացիորեն մեկ օր առաջ կուսակցության համագումարում Բալասանյանը հայտարարել էր, որ Փաշինյանի հետ անձնական խնդիր չունի, դեմ է միայն նրա վարած կուրսին։ Ավելին՝ վստահեցրել էր, որ ընտրվելու պարագայում առաջնորդվելու է Արցախի եւ Հայաստանի սահմանադրությամբ։ Բալասանյանն անուղղակիորեն ակնարկել է Փաշինյանի հետ հնարավոր փոխգործակցության, երկխոսության մասին, սակայն ՀՀ վարչապետը մերժեց մեկնած ձեռքը։

Փոխարենը ներկա են եղել Նիկոլ Փաշինյանին քծնողներն ու սիրաշահողները, զգույշներն ու նրա «դաբրոն» տենչացողները։ Ուշագրավ է, որ Դաշնակցությունը դեռեւս չի կողմնորոշվել՝ սեփակա՞ն թեկնածուով է մասնակցելու, թե՞ աջակցելու է այլ թեկնածուի, բացի այդ՝ խիստ քննադատական դիրքերից է հանդես գալիս հայաստանյան իշխանությունների հանդեպ, սակայն Արցախում, փաստորեն, այլ դիրքորոշում է որդեգրել, եւ նրան էլ ՀՀ վարչապետը չի անտեսում։  

Քաղաքական շրջանակներում կարծում են, որ Փաշինյանը նախօրեին ուրվագծեց Արցախի ապագա խորհրդարանի պատկերը՝ ամիսներ առաջ ներկայացնելով  իր պատկերացումները դրա մասին։ Երեկ Արցախի գործիչների, մանավանդ Վիտալի Բալասանյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, Բալասանյանին առաջադրած «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը միայն հայտնեց, որ հրավեր չի եղել, եւ խուսափեց այլ մեկնաբանություններից։ Անգամ լրագրողներիս համար միշտ մատչելի Հայկ Խանումյանը չպատասխանեց մեր զանգերին, ով, հիշեցնենք, նույնպես նախագահական հայտ է ներկայացրել, սակայն ընդունելության չի արժանացել Փաշինյանի կողմից։

Զրուցեցինք ԱԺ ՀՅԴ-ական փոխնախագահ Վահրամ Բալայանի հետ, քանի որ հանդիպման մասնակից Դավիթ Իշխանյանն էլ համառորեն չէր պատասխանում զանգերին։ Ի դեպ, մեր աղբյուրներն ասում են, որ, այդուհանդերձ, ՀՅԴ-ն իր թեկնածուն կունենա՝ ի դեմս Դավիթ Իշխանյանի։ Հանդիպման մասին արցախցի դաշնակցականն ասաց․ «Ես հանդիպմանը չեմ մասնակցել, բայց, որքանով տեղյակ եմ, հանդիպել են արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու նպատակով»։

Մեր դիտարկմանը՝ ՀՀ վարչապետը որեւէ ձեւով ներգրավվա՞ծ է լինելու Արցախում կայանալիք ընտրություններին, որ նման հանդիպման անհրաժեշտություն է ծագել, եւ արդյոք սա միջամտություն չե՞ն համարում Արցախ պետության ներքին հարցերին, Բալայանը պատասխանեց․ «Ես չեմ կարող ասել, ես ինչքանով լսել եմ, քննարկվել է, որ միջամտություն չի լինելու»։ Հետաքրքրվեցինք նաեւ ՀՅԴ-ի երկակի պահվածքով՝ Հայաստանում ընդդիմադիր եք գործող իշխանությանը, Արցախում՝ ոչ այնքան, եւ արդյոք այս հանդիպումն ուրվագծո՞ւմ է ապագա խորհրդարանի պատկերը։ «Դե, դժվարանում եմ նման բան ասել, որովհետեւ չեմ կարող ասել, թե այդ ուժերի նպատակը որն է եղել։ Մյուս կողմից էլ՝ դժվար է եզրահանգման գալ եւ ասել՝ նպատակը սա է։ Կարծում եմ՝ ընտրությունը պետք է ցույց տա, թե ժողովուրդը որ ուժերին է վստահություն տալիս»։ 

Հանդիպմանը ներկա չի եղել նաեւ Սամվել Բաբայանը, ում ղեկավարած քաղաքական ուժն ամիսներ շարունակ  հայտարարում է քաղաքական պրոցեսներին մասնակցելու մասին։ Արցախում այս առթիվ չարախնդում են՝ «Փաշինյանն օգտագործեց ու դեն նետեց Բաբայանին»։ Բանն այն է, որ Բաբայանը մարտական էր տրամադրված, սակայն Փաշինյանի աջակցությունը վայելող Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից հետո փոխեց մարտավարությունը։ Չնայած խոսում են, որ նրա ղեկավարած քաղաքական ուժը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին եւ մանդատներ կունենա։