Հերթական լևոնականը, հերթական սորոսականը, թե՞ Մարությանի մանկության ընկերը

Հերթական լևոնականը, հերթական սորոսականը, թե՞ Մարությանի մանկության ընկերը

Երեկ պարզ դարձավ, որ Հայկ Մարությանը Կենտրոնի թաղապետ է նշանակել «Ավետ Պողոսյան» անուն-ազգանունով մեկին։ Նա, պարզվում է, ՀԱԿ անդամ է, ավելին՝ ՀԱԿ վարչության անդամ։ Ասել է թե՝ հերթական լեւոնականը Նիկոլ Փաշինյանի կառավարությունում։ Նա հանրությանն առանձնապես որեւէ բանով հայտնի չէ, միայն 2012 թ․ խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ ցուցակով առաջադրվել է պատգամավորի թեկնածու եւ չի ընտրվել։ Մինչ հեղափոխությունը հստակ որեւէ տեղ չի աշխատել, կառավարման փորձ չունի, ինչպես հասկացանք նրա կենսագրությունից, իսկ հեղափոխությունից հետո էլ գործի է անցել Ազգային անվտանգության խորհրդում՝ որպես ԱԱԽ քարտուղարի խորհրդական։ Այսինքն՝ ձեւական բնույթ կրող պաշտոն է զբաղեցրել։ Ու այսօր պետք է մայրաքաղաքի Կենտրոն հսկա համայնքը կառավարի, որտեղ թաղապետ են աշխատել Արարատ Զուրաբյանը, Վիկտոր Մնացականյանը, ինչու չէ՝ Գագիկ Բեգլարյանը։ Այսինքն՝ մինչ այսօր այս պաշտոնն իշխանությունը կարեւորել է, հասկացել է, որ սա բարդ տեղամաս է, չի կարող ամեն մեկն աշխատել։ Եվ մեկուկես տարում փոխանակ նրանց կադրերի պրոֆեսիոնալիզմը մեծանար, կադրային ընտրության չափանիշները խստանային, փորձառու մասնագետների բերեին ասպարեզ, ավելի են նահանջում մեկ տարի առաջ որդեգրած դիրքերից։

Իսկ դա նշանակում է, որ կադրային խոցելի քաղաքականությունը, ինչի համար այնքան քննադատվում է Նիկոլ Փաշինյանը, այսուհետ ավելի խոցելի է դառնալու։

Բայց Ավետ Պողոսյանը միայն հանրությանն անհայտ լինելով չէ, որ «հայտնի» է։ Ուսումնասիրելով նրա ֆեյսբուքյան էջը, պարզեցինք, որ  բավականին հետաքրքիր շրջապատ ունի։ Մասնավորապես, ՀԱԿ անդամ լինելուց բացի, Պողոսյանը նաեւ, մեր տեղեկությամբ, սորոսական է, լուսանկարներ ունի հայտնի սորոսականների հետ, բացի այդ, քաղաքապետ Հայկ Մարությանի մանկության ընկերն է։ Ու թերեւս հենց Մարությանի վաղեմի ընկերը լինելու հանգամանքն է դեր խաղացել, որ նշանակվի Կենտրոնի թաղապետ։ Ավետ Պողոսյանը նաեւ իշխանական պատգամավորի ամուսին է։ Նրա կինը՝ Արուսյակ Ջուլհակյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ է։

Կարճ ասած՝ նոր իշխանությունների օրոք հիմնականում պաշտոնի են նշանակվում կա՛մ մանկության ընկերները, կա՛մ լեւոնականները, կա՛մ սորոսականները։ Թեպետ, մեզ ասացին, որ Ավետ Պողոսյանը 2013 թվականից այլեւս ՀԱԿ անդամ չէ։ Կյանքը ցույց է տալիս, որ «նախկին դաշնակի» նման՝ նախկին լեւոնական էլ չի լինում՝ նրանք, ի վերջո, այս կամ այն կերպ կապված են լինում կամ պատեհ պահի վերականգնում են կապերը Տեր-Պետրոսյանի թիմի հետ։ Դրա վառ օրինակը՝ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության կրողն ու իրականացնողը կարծես լինի։