Արեստովիչ, Հայաստան և «Զանգեզուրի միջանցք»

Արեստովիչ, Հայաստան և «Զանգեզուրի միջանցք»

Հետաքրքիր է հետևել, թե ինչպես է համակարգված աշխատում թուրք-ադրբեջանական ագիտպրոպը։ Օրինակ, սոցցանցերում կա այսպիսի PR-կերպար՝ ուկրաինացի, Վլադիմիր Զելենսկու թիմի նախկին անդամ, ոմն Ալեքսեյ Արեստովիչ։ Կա՛մ նախկին դերասան է, կա՛մ՝ քաղաքագետ, կա՛մ՝ ստրատեգ է, կա՛մ դեղերի գովազդի դեմք, կա՛մ՝ հոգեբան... Չգիտեմ, այնտեղ ամեն ինչ խճճված է։ Համենայն դեպս թողնում է համացանցում շրջանառվող ֆրիկի տպավորություն: Մի երկու անգամ տեսա նրա հարցազրույցը և, ճիշտն ասած, ինձ զվարճացրեց գավառական «ստրատեգի» սիրողական ինքնավստահությունը՝ հավակնոտ կերպով հեռարձակելու ինչ-որ գլոբալ «մտքեր»: Այս մարդու միակ ուժեղ կողմը շատ համոզիչ կերպով բացարձակ անհեթեթություն արտաբերելու ունակությունն է։ Այս ամենի հետ մեկտեղ կերպարը զուրկ չէ ինչ-որ խարիզմայից և բավական հմուտ PR ռազմավարության միջոցով բավականաչափ գովազդվում է համացանցում։ Այսպիսով, ինչպես հասկացա, նա որոշել է որոշակի ինքնածախսածածկման հասնել իր ծառայությունները վաճառելու առումով, և այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։ 

Իմ գործընկերներն ինձ ուղարկել են նրա վերջին հարցազրույցներից մեկը, որտեղ այդ մարդն այնպիսի անհեթեթություն է խոսում հայ-ադրբեջանական գործի վերաբերյալ, որ ուղղակի զարմանում ես ոչ միայն սրա հայտարարությունների պրիմիտիվիզմի, այլև ադրբեջանական ագիպրոպի լկտիության մակարդակի վրա, որը, այնուամենայնիվ, որոշել է նրան աշխատանքի ընդունել։ Այսպիսով, Արեստովիչը պնդում է, որ Ադրբեջանը պատերազմում է հայերի հետ, որպեսզի ստիպի հայերին սովորել «առևտուր անել, ոչ թե կռվել»՝ որպես փաստարկ բերելով Սյունիքի՝ «Զանգեզուրի» միջանցքը։ Հիմարությո՞ւն, հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների անձեռնահաս մեկնաբանությո՞ւն, թե՞, այնուամենայնիվ, ադրբեջանցիների կողմից վճարված հակահայկական պատմություն: Ես դեռ կարծում եմ վերջինը, քանի որ եթե նույնիսկ ենթադրենք, որ Ալեքսեյ Արեստովիչը հիմար է, ապա ոչ այդքան և ոչ այնքան «մանրամասն» հիմար է։ 

Մի երկու հարց «արեստովիչներին», ինչը ամեն ինչ իր տեղը կդնի։ Եվ ուրեմն... 1․ Եթե ադրբեջանցիներին հետաքրքիր են հայերը և Հայաստանը՝ որպես «առևտրի» պոտենցիալ գործընկերներ, ապա ինչո՞ւ էր անհրաժեշտ գրեթե հարյուր տարի համակարգված ոչնչացնել ներկայիս Ադրբեջանի տարածքի հայ բնակչությանը։ 
2․ Ինչո՞ւ հիմա արգելափակել և դուրս մղել/ոչնչացնել արցախահայությանը, նրանք, ի՞նչ է, խանգարո՞ւմ են տարածաշրջանային «առևտրին»: 
3․ Ինչո՞ւ օկուպացնել ոչ միայն պատմական հայկական տարածքները (Նախիջևանը և Արցախը), այլև հայաթափել/ոչնչացնել հայերին Բաքվում կամ Սումգաիթում, Գանձակում (Գյանջա) և Շահումյանում և այլն։ 
4․ Ինչո՞ւ օկուպացնել Հայաստանի Հանրապետության տարածքները՝ միաժամանակ նախապատրաստվելով նոր ռազմական էսկալացիայի և տարածքային պահանջներ ներկայացնելով Հայաստանի ողջ տարածքի նկատմամբ, այդ թվում՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաք՝ Երևան քաղաքի։ 
5․ Ադրբեջանցիների ինչի՞ն է պետք Սյունիքի՝ «Զանգեզուրի» միջանցքի արտատարածքային կարգավիճակը, երբ ցանկացած քաղաքակիրթ, միջազգային առևտուր տեղի է ունենում սովորական միջպետական լոգիստիկ հաղորդակցության միջոցով, և ոչ թե գործընթացը տանել դեպի Հայաստանի մասնատում՝ փորձելով առաջին փուլում Հայաստանից պոկել ամբողջական մարզեր կամ շրջաններ։ 
6․ Ինչո՞ւ Թուրքիան և Ադրբեջանը պետք է իրենց պետական դոկտրինների մեջ մտցնեն Հայաստանի՝ որպես տարածաշրջանում էթնոքաղաքական միավորի ոչնչացման նախագծեր, մի՞թե հայերի ոչնչացումը «տեխնիկական» պայման է հանդիսանում Հարավային Կովկասի տարածաշրջանում հաջող տարանցիկ/տնտեսական գործունեության համար։ 

«Մեծ ստրատեգ» Արեստովիչին ուղղված այս բոլոր հարցերին նրա ափշերոնցի պատվիրատուները պատասխաններ չեն տվել և, սկզբունքորեն, չէին կարող էլ տալ, քանի որ նավթամանաթները աշխատելու ապիկար փորձը փշրվում է՝ զարնվելով իրականությանը և փաստերին: Բայց «արեստովիչների» նոր տերերի խնդիրը սա չէ, խնդիրը պարզ է ու հասարակ՝ դարձյալ անուղղակիորեն և, իբրև թե, կողքից մանրակրկիտ լվանալ հայերի ուղեղները՝ առ այն, թե թուրք-ադրբեջանական ֆաշիզմի նպատակը միայն տարածաշրջանում տնտեսական նոր իրողություն ստեղծելն է։ Այսինքն՝ թուրքերն ու ադրբեջանցիները սիստեմատիկորեն, երկար տասնամյակներ շարունակ սպանում ու ոչնչացնում են մեզ, կործանում են մեր երկիրը և Արցախի շրջափակում կազմակերպում միայն այն բանի համար, որ «ստիպեն» մեզ «առևտուր անել, ոչ թե կռվե՞լ»։ Զառանցա՞նք։ Թուլամտությո՞ւն։

Թե՞, այնուամենայնիվ, հմուտ տեղեկատվական պատերազմ։ Այստեղ, իհարկե, նրանք մասամբ անկեղծ են «առևտրի» իրենց ծրագրերի մասով, բայց Արեստովիչի ադրբեջանցի պատվիրատուները և նրանց երևանյան «զինակիցները»՝ փաշինյանական թյուրքասեր պատգամավորների միջից, միտումնավոր «մոռանում» են, որ առևտուրը և Չինաստանից Եվրոպա նոր լոգիստիկ կապերի ստեղծումը թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարական ծրագրում երևում է միայն ու միայն հայկական էթնոքաղաքական միավորի (Հայաստան + Արցախ) ՖԻԶԻԿԱԿԱՆ ոչնչացման միջոցով, որպեսզի թյուրքալեզու երկրներից պանթուրանական «ակումբը» դառնա Հարավային Կովկասով առևտրային հոսքերի հիմնական վերահսկող խաղացողը, որտեղ հայկական գործոնը ընդհանրապես չպետք է լինի։ 

Համոզված եմ, որ Ալեքսեյ Արեստովիչն իր ուղիղ եթերներում այս մասին հաստատ ոչինչ չի ասի։ Ես ուշադրություն չէի դարձնի այդ մարդու բարբաջանքներին, սակայն հաշվի առնելով, որ որոշ հայազգի բարձրաստիճան «արեստովիչներ՞ հրճվանքով հաճախ կրկնում են այդ թեզերը, հարկ համարեցի արձագանքել։

Արման Աբովյան