Աներձագին սխալ էին հուշել ․․․

 Աներձագին սխալ էին հուշել ․․․

Նույն բանը կարելի է անել գրագետ և անգրագետ ձևով։ Եթե գրագետ ձևով է արվում, հարթ է ընթանում, երբ անգրագետ ձևով՝ դիմադրության է հանդիպում։ Խոսքս ծխելու դեմ պայքարելու մասին է։ Այնպիսի տպավորություն է, որ պետական մակարդակով ոչ թե երևույթի դեմ են պայքարում, այլ ծխող մարդկանց։ Շատ ներողություն, ինձ նույնիսկ թվում է, որ ոչ թե ծխելու դեմ է պայքարն ընթանում, մարդկանց առողջության մասին են մտածում, այլ առաջնային դրված է այդ մարդկանց տուգանելու, ֆինանսապես վնաս հասցնելու հարցը։ Օդից փող պոկելու հոտ եմ զգում, ոչ թե այդ մարդկանց օգնելու մտահոգություն։ Առանց այդ էլ, ինչպես օրենքը շրջանառնողներն են ասում, այդ մարդիկ առողջական լուրջ խնդիրներ ունեն, ռիսկային գոտում են, նման ռիսկային խմբի մեջ գտնվող մարդկանց կարելի՞ է ֆինանսապես պատժել։

Պատգամավոր Հրաչյա Հակոբյանի պատմությունը՝ օդանավակայնում,  զուտ սերիալային էր, համոզված եմ, մարդը դերասանական իր շնորhքը իրացնելու տեղ չուներ, փորձել է իրացնել Ազգային ժողովում, լսենք նրան․ «․․․ առաջին անգամ, երբ հայտնվեցի օդանավակայանի ծխողների համար նախատեսված վայրում, ինձ զգացի հասարակությունից կտրված մեկը՝ «իզգոյ»․․․ Երբ իր գործընկերներից ներողություն խնդրեց «իզգոյ» բառի համար և համարժեք բառ խնդրեց, հուշեցին, հավանաբար  թիմից՝ օտարանդի, վտարանդի։

«Իզգոյ» նշանակում է իր միջավայրից կամ սոցիալական խմբից մերժված, վտարված անձ։ Իսկ  վտարանդին, օտարանդին իր հայրենիքից հեռացած և օտար երկրում բնակություն հաստատած մարդ է, տարագիր, պանդուխտ: Աներձագին սխալ էին հուշել, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ նրա վերջին նախադասությունը փոթորիկ առաջացնի օնլայն ցանցում։  Նա այսպես ասաց․ «Հիմա ես ներողություն եմ խնդրում բոլոր իմ ծխող ընկերներից, բայց ես պետք է ասեմ՝ այո, էդ մշակույթը պետք է ձևավորել, որ ծխողները լինեն վտարանդի»։

Դա, իրոք, շատ վիրավորական բառ է և, այս դեպքում  աներձագը վիրավորել է, բայց ոչ իր մեղքով, հանրության մի զգալի մասի, որոնք ծխում են, ինչու չէ, նաև մյուսներին, ովքեր նրա հարազատներն ու մտերիմներն են։ Փաստորեն ստացվում է սպառնալիքի նման մի բան՝ այդ մարդիկ պետք է լքեն երկիրը, տեղ չունեն երկրում։ Ահա թե ինչ է անում, երբ մայրենին լավ չես սովորում և լսում ես վատ հուշարարների։