Պետական կառավարման համակարգի և պետական ծառայության տրանսֆորմացիան՝ Հայաստանում

Պետական կառավարման համակարգի և պետական ծառայության տրանսֆորմացիան՝ Հայաստանում

Պրոֆեսիոնալ ու կոմպետենտ պետական կառավարման համակարգ եւ արդյունավետ քաղաքացիական ծառայություն ունենալը ցանկացած երկրի կայուն զարգացման գրավականն է:
Մեր նպատակն էր՝ ստեղծել հանրային կառավարման միջազգային լավագույն փորձին եւ ժամանակակից չափանիշներին ու սկզբունքներին համապատասխան քաղաքացիամետ եւ արժանիքների վրա հիմնված քաղաքացիական ծառայության համակարգ: Օրենսդրությունն ամեն ինչ ապահովել էր այդ խնդրի լուծման հաստատուն եւ շարունակական քայլերի իրականացման համար: Եվ հենց այստեղ ցանկանում եմ հայտնել մի նկատառում, որն ինձ մոտ արմատավորվել է աշխատանքային գործունեության ընթացքում. մեր երկրում օրենսդրությունը հաճախ ավելի առաջադիմական է իր լուծումներով, քան շատերիս քաղաքացիական գիտակցությունը: Սա լավագույն գաղափարները դարձնում է ընդամենը լոզունգներ եւ պարարտ հող ստեղծում երեսպաշտության համար: 

Քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից զերծ, քաղաքական զսպվածության եւ չեզոքության սկզբունքով առաջնորդվող քաղաքացիական ծառայություն ունենալը, որն այս համակարգի ողջ տրամաբանությունն ու փիլիսոփայությունն է, ցավոք, հասու չդարձավ շատերի, այդ թվում՝ բազմաթիվ քաղաքացիական ծառայողների համար:

Չկայացած քաղաքական եւ կուսակցական համակարգով երկրում պետական կառավարման անհարկի գերկուսակցականացումը հակացուցված է արդյունավետ պետական ծառայություն ունենալուն: Չգիտեմ՝ տխուր է, թե ծիծաղելի, երբ մարդիկ անդամագրվում են կուսակցություններին ինչ-որ մեկի հորդորով կամ պահանջով՝ դույզն ինչ պատկերացում չունենալով «իրենց» կուսակցության գաղափարախոսության, դավանած արժեքների, ծրագրային եւ կանոնադրական նպատակների մասին: Կուսակցական եւ քաղաքական համակարգն ախտահարող այս երեւույթը լուրջ վերլուծության եւ գնահատման կարիք ունի՝ որպես որակյալ պետական կառավարման համակարգի լրջագույն մարտահրավեր: Այս խնդիրն առկա էր երեկ, կա այսօր եւ լինելու է վաղը, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում պետական շինարարության բարձրագույն գործում տրամաբանությունն ու ռացիոնալությունը հաճախ զիջում են նեղ, մանր, այսրոպեական շահերին եւ հետաքրքրություններին: Այսպիսով, պետք չէ զարմանալ, թե ինչու արդեն գրեթե 30-ամյա անկախ երկրում չկա քաղաքական եւ կուսակցական կայացած համակարգ: 

Հանրային կառավարման ոլորտի միջազգային լավագույն փորձագետներն իրավացիորեն ընդունում եւ գնահատում են պետական ծառայության քաղաքական հսկայական նշանակությունը պետությունների կյանքում, բայց ոչ երբեք՝ կուսակցությունների դերը պետական ծառայության մեջ:
Ժողովրդավարության պայմաններում հիմնարար սկզբունք է քաղաքական ղեկավարության փոփոխության հնարավորությունը, եւ այս դեպքում պետական ծառայողներն են, որ, ծառայելով պետությանը, ապահովում են վերջինիս գործունեության շարունակականությունն ու ինստիտուցիոնալ հիշողությունը: 

Այսպես, արդիական էր դառնում այդ լրջագույն առաքելությունն իրականացնելու կարողունակությամբ օժտված պետական ծառայություն ունենալու հրամայականը. ինստիտուցիոնալ հիմքերը ստեղծվել էին, եւ կարիք կար բովանդակություն հաղորդել այդ ամենին: Իսկ ովքե՞ր եւ ինչպե՞ս պետք է կյանքի կոչեին դա: 

Մարդկային ռեսուրսների կառավարման զինանոցում կա պարզ, միեւնույն ժամանակ՝ անվրեպ ու հատու մի գործիք. դա կադրերի ճիշտ ընտրությունն ու տեղաբաշխումն է: Այս պարզ ու հասարակ ձեւակերպման մեջ է թաքնված պետական կառավարման  եւ պետական ծառայության որակի ու արդյունավետության բանալին: 

Որակյալ պետական ծառայությունը ենթադրում է որակյալ ու արհեստավարժ պետական ծառայողներ, եւ այս խնդրի կարեւորության գիտակցումն էր դարձել գերակա:
Երբեք այն կարծիքին չեմ եղել, որ պետական ծառայողները չեն ուզում ավելի լավ աշխատել եւ «կամ» առավել արդյունավետ կատարել իրենց պարտականությունները: Եթե որոշ դեպքերում անգամ դա այդպես է, գուցե պատճառն այն է, որ չգիտեն՝ ինչպես ավելի լավ անել: Այսինքն, ոչ թե չեն ուզում ավելի լավ գործել, այլ՝ չեն կարողանում:

Այս հարափոփոխ աշխարհում ամենօրյա ռեժիմով չկրթվելը նշանակում է տեղում դոփել, մնալ հին ու մաշված գործիքների հույսին, իսկ դրանով նոր խնդիրներ չես լուծի: Ցավոք, սա նաեւ այսօրվա պետական կառավարման համակարգի աքիլեսյան գարշապարն է:

Այսպիսով՝ արձանագրեն, որ ուսյալ մարդկանց ընտրությունն ու ներգրավումը պետական ծառայության համակարգ անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Որակյալ պետական ծառայությունը ենթադրում է նրանց մասնագիտական գիտելիքների, հմտությունների եւ ունակությունների շարունակական զարգացում եւ կատարելագործում: Անհրաժեշտ կարողություններ ձեւավորելու համար՝ 2002 թվականի ապրիլի 8-ին, ՀՀ կառավարության որոշմամբ, 1994 թվականից գործող Կառավարման դպրոցը վերակազմակերպվեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի՝ վերջինիս կառավարման լիազորությունները վերապահելով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդին: Հնարավորություն էր ստեղծվում որակական նոր հիմքերի վրա դնել  պետական ծառայողների վերապատրաստման գործընթացը, որակավորման բարձրացումը, լրացուցիչ եւ հետբուհական կրթության ծրագրերի իրականացումը:

Պետական կառավարման մարմիններում սկսվել էր անցումը քաղաքացիական ծառայության համակարգին, եւ այդ գործընթացը հարթ չէր անցնում: Իհարկե, մենք գնահատել եւ հասկանում էինք կարծրացած ավանդույթներով, որոշակի շրջանակներում տիրող բարքերով, հովանավորչությամբ, որոշ պաշտոնյաների ամբիցիաներով պայմանավորված հնարավոր ռիսկերը: Կանխատեսելի խոչընդոտները չեզոքացնելու եւ հաղթահարելու լավագույն միջոցները պետք է դառնային մեր կողմից մշակված եւ ներդրված գործիքակազմն ու հստակ նկարագրված ընթացակարգերը: Դրանցով պետք է որոշակիանար քաղաքացիական ծառայության շրջանակը, ձեւավորվեին պաշտոնների անվանացանկն ու անձնագրերը, եւ գնահատելով յուրաքանչյուր պաշտոնի տեղն ու դերը՝ սահմանվեր դրա դիրքը կառավարման ուղղահայացում:

Շարունակելի

Մանվել ԲԱԴԱԼՅԱՆ