Կորոնավիրուսի հակառակ կողմը

Կորոնավիրուսի հակառակ կողմը

Օրըստօրե համոզվում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, երբ ասում էր, որ կորոնավիրուսը նաեւ իր դրական կողմերն ունի: Մենք տակավին խոսում ենք վնասներից, արտակարգ դրություն ենք հայտարարել, պայքարում ենք կորոնավիրուսի դեմ, արտակարգ ռեժիմը խախտողներին սպառնում բանտարկությամբ եւ այլն, բայց, չգիտես ինչու, ոչ մի խոսք չկա նրանց մասին, թե ովքեր են իրենց լավ զգում այս պայմաններում: Այս համաշխարհային խնդիրը, վստահաբար, երկու նժար ունի՝ բացասական եւ դրական: Դիցուք՝ ԱՄՆ-ում որոշել են առավելագույնս կատարելագործված համակարգիչներ ներգրավել կորոնավիրուսի դեմ պայքարում: Այդ որոշումից մեծապես շահել է համակարգչային ծրագրեր «արտադրող» IBM գիգանտ ընկերությունը, որ միլիարդավոր դոլարների գործարք-պայմանագիր է կնքել Սպիտակ տան հետ: Մտածելու բան է՝ չլիներ այս համավարակը՝ ո՞վ էր IBM-ին այդպիսի խոշոր գործարք առաջարկելու:

Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ, մանավանդ, Տիգրան Ավինյանը առաջարկելու բան չունեն: Նրանք, տանը կամ աշխատավայրում նստած, տատիս ասած՝ հեքիմություն են անում, բացատրում կորոնավիրուսի տարածման ձեւերը, խորհուրդներ տալիս չվարակվելու համար, մեկ էլ թվեր հրապարակում, թե կորոնավիրուսի քանի նոր դեպք ունենք: Փաշինյանն առաջարկում է ձեռքը միամիտ քթին կամ բերանին չտանել՝ առանց լվացվելու կամ ալկոգելով ախտահանելու: «Կարող ա պատահի» դուք մի բանի եք ձեռք տվել, որին ձեռք էր տվել նաեւ վիրուսակիրը: Ավինյանն էլ խորհուրդ է տալիս պարենային խանութներում հաճախորդների հերթ սահմանել՝ տարեցների եւ երիտասարդների համար, որովհետեւ երիտասարդները կարող են վարակել տարեցներին, իսկ կորոնավիրուսը վերջիններիս հանդեպ «խիստ վատ է տրամադրված»: Հեքիմություն չէ՞, իհարկե՝ հեքիմություն է: Խուճապ չի՞ առաջացնում: Իհարկե՝ առաջացնում է: Խեղճ տարեցներ, հիմա ինչքան հնարավոր է, երիտասարդներից հեռու պետք է մնան:

Իսկ տա՞նն ինչ անեն պապիկներն ու տատիկները, գուցե պետք է դուռը փակեն եւ զավակներին ու թոռներին ներս չթողնե՞ն: Առաջարկում եմ՝ երիտասարդներին թույլ չտալ հասարակական տրանսպորտ նստել եւ կամ՝ երիտասարդներին տեղափոխել «գազելներով», իսկ տարեցներին՝ ավտոբուսներով ու տրոլեյբուսներով: Ավինյանը նման խորհուրդ տալուց առաջ հետաքրքրվե՞լ է, արդյոք, ՀՀ ազգաբնակչության միջին տարիքով: Եթե ոչ, ապա ինչպե՞ս է որոշել, որ տարեցներին ընդամենը 2 ժամ պետք է հատկացնել գնումներ կատարելու համար: Հաշվի առնելով նրանց «դանդաղկոտությունը»՝ կարելի է ասել, որ նրանք առավոտյան 10-12-ը հաստատ չեն հասցնի ազատել սուպերմարկետները երիտասարդների համար: Եվ, ուրեմն, մենք, ըստ էության, գործ ունենք պարետի անփորձության եւ նրա հանդեպ վարչապետի ավելորդ գորովանքի հետ, որը հանգեցրել է սերունդների միջեւ անվստահության:

Իսկ հիմա 2 անսպասելի հարց՝ շահե՞ց, արդյոք, Ավինյանը կորոնավիրուսից՝ դառնալով ՀՀ դե ֆակտո ղեկավար: Բնականաբար, շահեց: Շահե՞ց, արդյոք, կորոնավիրուսից Նիկոլ Փաշինյանը՝ դառնալով ՀՀ պատվավոր ղեկավար: Իհարկե, շահեց՝ անելիք չունի, պատիվն էլ «գյուռ»՝ ուտի, խմի, լայվ մտնի, նոր ժամացույցը ցուցադրի, մարդկանց խորհուրդ տա շուտ-շուտ լվացվել: Ով էլ «դիլխոր» մնաց, կհայտարարվի արտակարգ դրության ռեժիմի հակառակորդ եւ բանտ կնետվի 2 տարով (Ադրբեջանում՝ 3):

Իմ մասով լրիվ խայտառակ վիճակ է: Ես հանկարծ կարող եմ «ակնհայտ հղի» կնոջը ժպտալ՝ ցուցադրելու համար, որ հիացած եմ նրա հերոսությամբ: Չէ՞ որ նա պատրաստվում է երեխա պարգեւել մեր հոգնած հասարակությանը… Ու մեկ էլ, պատկերացնո՞ւմ եք, նիկոլ-ավինյանական ենիչերիները հայտնվեն կողքիս ու հայտարարեն, որ ակնհայտ հղի կնոջն իմ ապուշ ժպիտով անզգուշորեն վարակել եմ կորոնավիրուսով: 2 տարի կնստես դրա համար, իսկ որպեսզի չնստես, հղի կին տեսնելուն պես պիտի ճանապարհդ փոխես… Այս մեկը հասկացա, հատուկ դեպք է, իսկ ինչպե՞ս են որոշելու, թե ով խախտեց արտակարգ ռեժիմն ու առաջացրեց զանգվածային վարակում: Այս հարցը, «չերեզ բալկոն», տվեց իմ հարեւան Շմավոնը: Բնականաբար, ուսերս թոթվեցի, որովհետեւ հարցը, կարծես, պատասխան չունի, թեեւ արդեն օրենքի ուժ է ստացել: Ենթադրենք՝ 20 հոգանոց թաղման մեջ մեկը վիրուսակիր է: Իրենց մեռելին թաղելուց հետո գնում են տուն ու 14 օր անց վատ են զգում: Դե եկ ու որոշիր, թե ով մնացած 19-ին վարակեց, եւ կամ սգո հանդիսականների մեջ մե՞կ, երկո՞ւ, թե՞ երեք նախապես վարակված կար: ՀՀ գլխավոր համաճարակաբան Փաշինյանին առաջարկում եմ հաջորդ լայվին հենց այս իրավիճակը մեկնաբանել:

Ես երբեք ուրիշի փողերը չեմ հաշվել: Դա նույնիսկ գռեհկություն եմ համարում, ու, թերեւս, դա է պատճառը, որ ՊԵԿ-ի աշխատակիցներին տանել չեմ կարողանում: Բացի այն, որ ՊԵԿ-ը կլպող կառույց է, այն նաեւ շահած է դուրս գալիս բոլոր տեսակի կատակլիզմներից: Տեսեք՝ Ֆրանսիայի նախագահն այս օրերին հայտարարեց՝ «ժող ջան», ինքնամեկուսացեք, մնացեք տանը, չվախենաք գործատուներից, «Ֆրանսիան վճարում է» հարկադիր պարապուրդի համար: Մեր Նիկոլը որոշեց հետ չմնալ՝ ժող ջան, ինքնամեկուսացեք, կորչի աշխատանքը, ձեր փողը կստանաք… Ստոպ՝ ումի՞ց: Այ, այստեղ Նիկոլը «չի ձգում», որովհետեւ չի ուզում պետությանը դնել այդ ծանր բեռի տակ: Բա որ Ծառուկյանի աշխատողի փողը պետությունը տա, Արարատ Միրզոյանը որտեղի՞ց պետք է «պրեմիա» ստանա, որ մի հատ էլ մուծի համաճարակի ֆոնդին: Այս կնճիռը, անշուշտ, կհարթի ՊԵԿ-ը, որ Ծառուկյանին հա՛մ կստիպի աշխատավարձ վճարել տանը նստած աշխատակիցներին, հա՛մ կենսաթոշակային ֆոնդին փող փոխանցել աշխատողների քանակին համեմատ, հա՛մ էլ մնացած հարկերը վճարել: Եվ Ծառուկյանը միակը չէ, որ հայտնվել է այս վիճակում: Փակ են մոլերը, ռեստորանները, մասնավոր ոչ պարենային արտադրությունները: ՊԵԿ-ը բոլորին կկլպի ու մի բան էլ «պրեմիա» կստանա լավ աշխատանքի համար: Իսկ դա արդար չէ, պարոնայք արտակարգ հարկահաններ:

Եթե կորոնավիրուսից Ծառուկյանը տուժում է (ինձ այդպես է թվում), ապա Ալեքսանյանը շահում է: Օրը 24 ժամ «սիթիներն» աշխատում են, ապրանքը թանկացրել է, մարդիկ էլ, քանի որ մոլերն ու շատ ծառայություններ չեն գործում, եղած փողն անխնա տալիս են սննդին եւ տուալետի թղթին: Փաշինյանն էլ հո իր հերթին է գովազդում սուպերմարկետները՝ արաղ առեք, ներսից ու դրսից արաղով լվացվեք… Իսկ էժան արաղ ո՞վ է փակում… Շատ չերկարացնեմ, գործարարներ կան, որ լավ էլ շահում են այս օրերին: Հիշենք նաեւ մեր տանջված ֆերմերներին: Տեսնես ի՞նչ որոշեցին նրանց անասունները՝ մորթվել տեղո՞ւմ, թե՞, ինչպես վայել է 21-րդ դարի մսատու կենդանուն, գնալ սպանդանոց եւ մորթվել ցիվիլ պայմաններում: Արտակարգ ռեժիմի ժամանակ ո՞ւմ դարդն է կտրվել այս հարցով զբաղվի: Մտնում ես սուպերմարկետ, միսը դրված է, առ ու ձենդ կտրի: Մի հատ էլ վաճառողին հարցուփորձ անես, թե ինչպես է մորթվել այս անասունը, ձեռուոտդ կկապեն ու 2 տարով կնետեն բանտ՝ արտակարգ ռեժիմը խախտելու համար:

Է՜, չգիտեմ, շատ ծիծաղելի ձեւերով ենք պայքարում «թագաժահրի» դեմ: Տերյանը կասեր՝ մենք այնպես ենք պայքարում, կարծես թե չենք պայքարում: Այսպես որ գնա, ոչ ոք չի պլստալու, բոլորիս ասֆալտին է փռելու էս հիմար վարակը: Ճիշտ է, որ մեզնից է շատ բան կախված: Մեզ հետ է մեր հզոր գենը, բայց մեզ հետ են նաեւ այս պահի համար խիստ անպատեհ սովորությունները, հաղորդակցվելու, շփվելու, անտարբեր չլինելու ազգային հատկանիշները: Միառժամանակ պետք է հրաժարվենք ձեռքսեղմումից, պաչպռոշտիից, իրար տուն գնալուց, երեխաների թշերը չլմփոցով պաչելուց եւ այլն: Այն, ինչ լուրջ-լուրջ անում են մեր իշխանությունները, իբրեւ վարակի տարածումն արգելակող միջոցառումներ, քամի են: Կորոնավիրուսը կանցնի, եւ ոչ ոք բանտ չի նստի, ոչ մեկին չեն մեղադրի հղի կնոջը ժպտալու համար, ոչ մի տարեց մարդ չի հրաժարվի իր զավակից, տրանսպորտում ոչ մի տատիկ չի հրաժարվի նստել այն աթոռին, որ նրան է զիջել երիտասարդը:

Բայց մյուս կողմից էլ, երեւի, ճիշտ չէ անխնա քննադատել մերոնց, որ չկարողացան կանխել կորոնավիրուսի մուտքը Հայաստան: Բոլոր երկրներն էլ ուշացան, չկարողացան կանխել, բոլորն էլ այսօր, դեսուդեն ընկած, դեղ ու ճար են փնտրում: Պարզապես կորոնավիրուսի հանկածակիությանը գումարվել են մեր իշխանությունների անփորձությունն ու ներքին տագնապը (չասենք՝ խուճապ): Ես մասնագետ չեմ, բայց ինչ-որ տեղ կարդացել եմ, որ Հայաստանի նման երկրներում, որտեղ օրվա մեջ ջերմաստիճանի տատանման մեծ ամպլիտուդներ կան, օրինակ՝ գիշերվա եւ ցերեկվա ջերմաստիճանների տարբերությունը, լեռներից իջնող քամիների պատճառով հարթավայրերում ջերմաստիճանի կտրուկ նվազումը, ապա կրկին կտրուկ տաքացումը եւ այլն, վարակների տարածման վտանգը շատ ավելի փոքր է, քան համեմատաբար կայուն ջերմաստիճան եւ մեղմ կլիմա ունեցող երկրներում: Գուցե մխիթարվե՞նք մեր երկրի այդ առավելությամբ ու չդադարե՞նք սովորել ուրիշներից: Ամոթ բան չկա դրա մեջ: Դա առնվազն ավելի ազնիվ է, քան «վունդերկինդի» կեցվածքով ԱԺ-ում կանգնելն ու պատժիչ օրենքներ հռչակելը: