Ես էլ Սերժի կամ Քոչի կողմնակիցների՞ն սկսեմ ասել

Ես էլ Սերժի կամ Քոչի կողմնակիցների՞ն սկսեմ ասել

Այսօր հանրային տրանսպորտում հերթական միջադեպն է եղել ՔՊ-ականի մասնակցությամբ, մասնավորապես քաղաքացի Սամվել Վարդանյանը մոտեցել է ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին ու նրան անվանել է «հակահայ վիժվածք»։ Հակոբ Ասլանյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ իրեն զանգել են իրավապահները։ Նրան հիշեցրինք, որ Նիկոլ Փաշինյանը ասում էր, թե չի վախենում, որ իրեն դավաճան կասեն, և հենց դա է ժողովրդավարությունը, երբ իրենց որոշումների ու քաղաքականության համար մարդիկ փողոցում մոտենում են ու իրենց տեսակետը հայտնում են՝ թեկուզ և սուր ու վիրավորական խոսքով։ Նշենք նաև, որ տեսանյութում Սամվել Վարդանյանը ՔՊ-ական պատգամավորին վատ խոսքեր է ասում ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության համար, այլ ոչ թե Հակոբ Ասլանյանի անձով պայմանավորված։ Ասլանյանը, սակայն, համաձայն չէ, որ դա է ժողովրդավարությունը․ 

«Ոչ, ժողովրդավարությունը այն է, երբ ամեն մարդ հասկանում է, որ իր իրավունքներն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինի իրավունքը։ Ինքը իրավունք չունի իմ ճանապարհը փակելու, և ինքը իրավունք չունի անել այն, ինչն ինքն անում է հասարակական միջավայրում։ Ինքն իրավունք ունի ելույթներ ունենալու, բայց ինքն իրավունք չունի անձնական վիրավորանքներ հասցնելու։ Դուք ժողովրդավարությունը ուրիշ տեսակ եք հասկանում։ Ժողովրդավարության վերաբերյալ «Հայկական ռադիոյի» մի այդպիսի անեկդոտ կա, երբ դեմոկրատիան ու դեմոկրատիզացիան խառնում են, և «Հայկական ռադիոյին» հարցնում են, թե ի՞նչ տարբերություն կա դեմոկրատիայի և դեմակրատիզացիայի միջև, հիմա մեր երկիրը դեմոկրատիազացվում է։ Ասում է՝ տարբերությունն այն է,  որ դեմոկրատիան գետ է, իսկ դեմոկրատիզացիան կանալիզացիա է»,- պատասխանեց Ասլանյանը։

- Հիմա մենք գետի՞ մեջ ենք, թե՞ կանալիզացիայի։

- Դուք անձամբ կանալիզացիայի մեջ եք, որովհետև դեմոկրատիզացնում եք, իսկ դեմոկրատիազացիայի ժամանակ ամեն մի կեղտ մեջտեղ է դուրս գալիս՝ մտածելով, թե ինքը քաղաքական գործիչ է։ Ես արդեն բարկանում եմ Ձեր այդ ուղղորդված խոսակցությունից, չի կարելի։ Քաղաքացին փողոցում կանգնել, մարդուն վիրավորում է, տրանսպորտի մեջ, նա ի՞նչ բարոյական իրավունք ունի վիրավորելու։ Օրինակի համար ես էլ կանգնեմ, տեսնելով, որ մեկը Սերժի կամ Քոչի կողմնակիցն է, սկսեմ նրան ասե՞լ․․․, չէ, ես ինձ իրավունք չեմ վերապահում ասելու նրան։ Եթե ասելու լինեմ, ես հանրային ելույթ կունենամ, ու ելույթ ունենում եմ։ Եթե ինքը էդքան ասելու բան ուներ, թող հեռախոսն անջատեր, մոտենար ինձ ու սկսեր ինձ հետ զրուցեր, ոչ թե հեռախոսը միացներ, որպեսզի նրա տերերը տեսնեին, թե քանի անգամ է ինքը դավաճան կոչում ինձ, որպեսզի գնա այդքան անգամ փող ստանա։

-  Իսկ դուք ինչպե՞ս եք վերաբերվում, երբ Ձեր թիմակից Արթուր Հովհաննիսյանը Էդգար Ղազարյանին ասում էր՝ լեզուդ կկտրեմ։

- Որովհետև էնտեղ Էդգար Ղազարյանը թույլ ա տալիս էդ բոլորը, ես էդ րոպեին հենց Էդգար Ղազարյանի կողքին նստած եմ եղել ու ես գիտեմ Էդգար Ղազարյանի ասածները, Դուք մենակ Արթուր Հովհաննիսյանի ասածն եք ասում, Էդգար Ղազարյանի ասածը չեք ասում։ Կներեք, ես այլևս չեմ կարող խոսել։