Գնում էի սիրտս հետազոտելու, երբ հասարակության «տրյապկան» հեռախոսը միացրեց ու սկսեց ինձ վիրավորական խոսքեր ասել
Համացանցում տարածվում է մի տեսանյութ, որ տրանսպորտում մի երիտասարդ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին անպատվում է, քանի որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ական իշխանությունը հերթական տարածքներն են փորձում հանձնել։ «Հրապարակի» հետ զրույցում Հակոբ Ասլանյանն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել կես ժամ առաջ, ինքը երիտասարդին չի ճանաչում։ Հարցին, թե արդեն դիմե՞լ է ոստիկանություն, թե՞ իրեն են զանգել, Ասլանյանը պատասխանեց․
«Ես չեմ դիմել, բայց պատկերացրեք, որ զանգել են արդեն»։
- Քննչականի՞ց են զանգել, թե՞ ոստիկանությունից։
- Տո ես շատ գիտեմ, բոլոր տեղերից էլ զանգել են։
- Հաղորդո՞ւմ եք ներկայացրել։
- Ես չեմ ցանկանում, որ ոչ մի հաղորդում լինի․․․։ Մի խոսքով՝ ես հիմա բժշկական կենտրոնում եմ, հետազոտվում եմ, կգնամ ԱԺ, հետո կպատասխանեմ։
- Ինչո՞ւ եք գնում ԲԿ, Ձեզ հարվածե՞լ են։
- Ոչ, ես դրա համար չեմ հետազոտվում։ Ես գալիս էի այստեղ հետազոտվելու, որովհետև մի քիչ սրտի պրոբլեմներ ունեմ, ուզում էի սրտաբանների մոտ մի հատ հետազոտվել, ու այդ, այսպես ասած, հասարակության տրյապկան, հեռախոսը միացրել է ու տրանսպորտի մեջ ինձ վիրավորական խոսքեր է ասում, հեռախոսն էլ միացրել է, որպեսզի իր տերերն այնտեղ լսեն, որ ինքը էդքան դուխ ունի, որ տրանսպորտի մեջ ԱԺ պատգամավորին կարողանում է ինչ-որ վատ բաներ ասել։
Կարծիքներ