Հայ բնապահպանները շատ բան ունեն սովորելու իրենց ադրբեջանցի գործընկերներից: Դուք տեսաք, չէ՞, թե ինչպես նրանք խառնվեցին քաղաքականությանն ու փակեցին Լաչինի միջանցքը: Իսկ մերո՞նք… Մերոնք էշի ականջում քնած են: Լափը տաս՝ տնքալով մի երկու խոսք կասեն, չտաս՝ բնության ու բնապահպանության հերն էլ անիծած, բա իրենց պե՞տք ա, որ մի հատ էլ պատահաբար խառնվեն քաղաքականությանն ու ընկնեն Նիկոլի քացու տակ: Առյուծ է՝ սատկել է, իրենց ի՞նչ: Դա էլ հո Նիկոլի Չալոն չի՞, որ աղմուկ բարձրացնեն, թե ընդդիմության նավսից է սատկել…
Շարունակելով թեման՝ գանք Երեւանի բուսաբանական այգի, որտեղ Երեւանի քաղաքապետարանը բազմամիլիոնանոց շինաշխատանքներ է կատարում, ավելի ստույգ՝ «կյանքի պուրակ» է կառուցում: Այդ ծրագրով պիտի ճանապարհներ ու ճեմուղիներ կառուցվեն, լճակներ, ոռոգման համակարգ, լուսավորություն, ֆլան-ֆստան: Ասում են՝ Նիկոլ Փաշինյանն օրերս այցելել է բուսաբանական այգի եւ խիստ դժգոհ է մնացել շինաշխատանքների որակից ու ընթացքից: Անձամբ ես Փաշինյանին ուղեկցող խմբում չեմ եղել, բայց ականատեսներից մեկն ինձ պատմել է, որ ամենակուրիոզ պահը վրա է հասել այն ժամանակ, երբ բլրի գագաթին Փաշինյանի, շատ ներողություն, «չիշիկը» բռնել է: Բա ի՞նչ անենք, բա ո՞նց անենք, բա որտե՞ղ անենք… Պարզվել է՝ այգում զուգարան չկա: Ավելի ճիշտ՝ զուգարանի համար նախատեսված շինություն կա, բայց այն դեռ չի գործում եւ գտնվում է այգու հեռավոր հատվածում, ուր այդ վիճակում հասնելու համար մեծարգո վարչապետին ամենաքիչը СУ-35 ինքնաթիռ էր պետք: Այլապես… Մի խոսքով, Փաշինյանը թքել հեռացել է՝ «հիշելով» Ավինյանին ու նրան քաղաքապետ կարգողին:
Սրա հետեւանքը մենք տեսանք կառավարության վերջին նիստին, որի ժամանակ մեծարգոն անդրադարձավ բուսաբանական այգու անմխիթար վիճակին ու աշխատանքների հետագա վերահսկողությունը հանձնարարեց փոխվարչապետին: Սա նշանակում է, որ առաջիկայում Ավինյանը հրաժեշտ կտա պաշտոնին, քանզի թե՛ ժամկետներից է ուշացել, թե՛ մինչ օրս գոնե մեկ հատիկ ծառ չի տնկել՝ կտրված հազվագյուտ ծառերի փոխարեն: Ի դեպ, ասում են՝ 16 հազար «իմպորտնի» ծառ պետք է տնկվի, ահագին փող է տրամադրվել դրա համար, բայց ծառերը դեռ չկան, իսկ փողը՝ Աստված գիտի, թե ուր է: Մի քանի հատ փոս են փորել մուտքի մոտ, այն էլ՝ երեւի Նիկոլին ցույց տալու համար:
Ավինյանը միակ «դժբախտը» չէ ՔՊ-ից, որը, կարծում եմ՝ հրաժեշտ կտա պաշտոնին: Փաշինյանը հենց այդ մասին էր խոսում, երբ ասում էր, որ 21-րդ դարում Հայաստանում չկա մեկը, որի մասին ինքն ամեն ինչ չիմանա: ՔՊ-ականներն էլ բացառություն չեն կազմում: Փաշինյանը ՔՊ-ից որի վրա մատը դնի, իսկույն կթռնի պաշտոնից, կհայտնվի հետապնդումների անվերջանալի շղթայում: Ալեն Սիմոնյանի տրամադրությունը, ճիշտ է, շատ բարձր է, ցույց է տալիս, թե ուրախ է հանգստանալու հնարավորության համար, բայց դա այնքան էլ այդպես չէ: Ալեն Սիմոնյանը շատ լավ է ճանաչում Փաշինյանին եւ գիտի, թե նա ինչի է ընդունակ պատասխանատվության բեռը ուրիշների վրա բարդելու գործում: Ում ասես՝ մեղավոր կհանի իր գործած անդառնալի սխալների համար, «կկզըցնի», կսատկացնի, դավաճանի պիտակ կկպցնի, տնով-տեղով կոչնչացնի… Բա հո միայնակ պատասխան չի՞ տալու:
Ինչքան բանջարաբոստանային կուլտուրա կա՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, ս. է անելու վարչապետի աշխատակազմից: Չե՞ք հավատում… Բա այ Արայիկ Հարությունյան, բա այ Նիկոլի շտաբի պետ, ուրեմն մեծարգո վարչապետը քեզ այդպիսի գործ վստահի, եւ դու գետնին գցե՞ս նրա վստահությունը… Որքան գցում-բռնում եմ՝ այս պարոնի վիճակն ավելի բարդ է, քան Ալեն Սիմոնյանի վիճակը: Դիցուք, Երեւանում Փաշինյանի գրանցած ավելի քան համեստ «հաղթանակը» Արայիկ Հարությունյանի եւ Տիգրան Ավինյանի համատեղ աշխատանքի արդյունքն է: Ասում են՝ հենց Երեւանի մի քանի տեղամասի տվյալներին ծանոթանալուց հետո է Նիկոլը, լեղաճաք եղած, վազել ՔՊ-ի գրասենյակ եւ հայտարարել իր «հաղթանակի» մասին: Ախր, սա համարյա դավադրություն էր Նիկոլի դեմ, ինչը նա երբեք մոռացության չի տա:
Եվ այսպես, կալպակի տակ են բոլոր ՔՊ-ականները, անգամ՝ Միրզոյան Արարատն ու Պապիկյան Սուրենը, որոնք ավելի շուտ քարոզարշավի դեկորացիաներ էին, քան քարոզարշավորդներ: Նրանք իրենց հակառեյտինգից բացի ի՞նչ են տվել Նիկոլին, որ մի հատ էլ հույս փայփայեն, թե կմնան իրենց պաշտոններին:
Ինչու եմ գրում այս ամենի մասին: Միանգամից ասեմ, որ ՔՊ-ն հիանալի հնարավորություն ունի՝ առաջիկայում ազատվելու Նիկոլ Փաշինյանից: ՔՊ-ն է խորհրդարանում վարչապետի թեկնածու առաջադրելու: Դա է պահանջում օրենքը: Եվ, ուրեմն, այս օրերին ՔՊ-ն լիքը մտածելու բան ունի՝ առաջադրել Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ իրենց միջից մեկ ուրիշի՝ ավելի հավասարակշռված մի մարդու (ենթադրաբար՝ կան այդպիսիք): Այո, վերցնեն ու Նիկոլին չառաջադրեն… Չորով… Ընդդիմությունից էլ ոչ մեկին թող չառաջադրեն, որովհետեւ դա էլ ելք չէ: Հենց իրենց միջից ընտրեն եւ այդ մարդու՝ նոր վարչապետի ջանքերով փորձեն փրկվել «ներթիմային» անխուսափելի վենդետայից: