Մի ցավոտ հարցի մասին եմ ուզում խոսել․ ինչո՞ւ է հասարակության մեջ պետական որոշումների նկատմամբ վստահությունը գնալով նվազում, ինչո՞ւ է գրեթե յուրաքանչյուր աղմկահարույց դեպք վերածվում քաղաքական բախման, եւ ինչո՞ւ այնտեղ, որտեղ պետք է գերակշռեն փաստն ու օրենքը, հայտնվում են անվստահությունն ու կասկածը։
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող իրավական գործընթացը, Եկեղեցու շուրջ շարունակվող լարվածությունը, հիբրիդային պատերազմի մասին քննարկումները տարբեր թեմաներ են, բայց ունեն մեկ ընդհանուր հենք՝ հասարակության եւ պետական կառույցների միջեւ վստահության ճեղքը։ Երբ քաղաքացին հավատում է, որ օրենքը գործում է բոլորի համար հավասար, նա կարող է նույնիսկ չհամաձայնել որեւէ որոշման հետ, բայց ընդունում է դրա իրավաչափությունը։ Իսկ երբ այդ վստահությունը չկա, յուրաքանչյուր գործողություն դիտվում է որպես ինչ-որ մեկի շահի արտահայտություն։ Մենք սկսել ենք ոչ միայն տարբեր կարծիքներ ունենալ, այլեւ տարբեր իրականություններում ապրել։ Ծառուկյանի շուրջ զարգացումներն այդ հակասության հերթական արտահայտությունն են։
Իրավական տեսանկյունից՝ ցանկացած մարդ, անկախ պաշտոնից, հարստությունից կամ հասարակական դիրքից, պետք է պատասխան տա, եթե կան իրավական հիմքեր։ Բայց կարեւոր է, թե ինչպես է հասարակությունն ընկալում այդ գործընթացը։ Երբ քրեական գործերը քաղաքական երանգ են ստանում, իրավական համակարգի նկատմամբ վստահությունը զրոյանում է։ Եթե այսօր գործ է հարուցվում ազդեցիկ մարդու դեմ, արդյո՞ք դա նշանակում է, որ օրենքը սկսել է հավասար գործել։ Թե՞ նշանակում է, որ իշխանությունն իր հակառակորդներից մեկին հերթական թիրախ է ընտրել։
Եկեղեցի-իշխանություն հակասությունը, որը մի քանի ամիս է՝ «քնած» է, կարող է ամեն պահի գլուխ բարձրացնել։ Հայ առաքելական եկեղեցին հայ ժողովրդի պատմության մեջ միայն կրոնական կառույց չի եղել, այլ ունեցել է ազգային ինքնության, մշակույթի եւ ինքնապահպանության դեր, հետեւաբար, նրա շուրջ ցանկացած հակամարտություն արագորեն դուրս է գալիս կրոնական կամ վարչական շրջանակներից եւ դառնում հասարակական լայն քննարկման առարկա։ ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյայի հետ կապված ձայնագրությունը, որտեղ քննարկվում է կաթողիկոսի հարցը, լուրջ հարցեր է առաջացնում՝ որքանո՞վ են արտաքին դերակատարները ներգրավված Հայաստանի համար զգայուն այս գործընթացում։ Արդյո՞ք մեր ներքին հարցերն արդեն դարձել են եվրոպական ազդեցության թիրախ։
Հայաստանն այսօր գտնվում է բարդ աշխարհաքաղաքական միջավայրում։ Մի կողմից՝ երկար տարիների հարաբերություններ Ռուսաստանի հետ, մյուս կողմից՝ հարաբերություններ Եվրամիության եւ արեւմտյան կառույցների հետ։ ՀՀ իշխանության հիմնական խնդիրն այն չէ միայն, թե ինչ ուղղություն է ընտրում, կարեւոր է՝ ինչպես է այդ ընտրությունը բացատրում սեփական հասարակությանը։ Ո՞րն է Հայաստանի երկարաժամկետ ռազմավարությունը, ի՞նչ շահեր են պաշտպանվում, ի՞նչ գին կարող է ունենալ յուրաքանչյուր արտաքին քաղաքական քայլ։ Արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի հաշվարկի, ազգային շահի եւ հասարակության հետ ազնիվ խոսակցության վրա, ինչը չկա:
Ամենամեծ վտանգը իրար չլսող հասարակությունն է. այս բոլոր իրադարձությունները՝ իրավական գործընթացները, Եկեղեցու շուրջ զարգացումները, արտաքին քաղաքական քննարկումները, վերջիվերջո, բերում են նույն խնդրին՝ պետությունն ու հասարակությունը դադարել են իրար լսել։ Իսկ սա հղի է քաղաքական հակասությունների, ներհանրային պատերազմի վտանգով։ Պետությունը չի ուժեղանում միայն իշխանության ուժով, այլ երբ քաղաքացին վստահում է իր պետական կառույցներին, իսկ իշխանությունը լսում է ոչ միայն իրեն աջակցողներին, այլեւ՝ քննադատողներին։ Այսօր Հայաստանի ամենամեծ խնդիրը՝ վերականգնել միմյանց լսելու կարողությունը։ Որովհետեւ պետությունը եւ հասարակությունը հակամարտող կողմեր չեն։ Եթե նրանք վերջնականապես դադարեն խոսել իրար հետ, կորուստը լինելու է ոչ թե մեկ քաղաքական ուժինը, այլ՝ ամբողջ երկրինը։