«Հրապարակ»-ի տեղեկություններով 2 օր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում։ 21-ամյա երիտասարդը լողալու նպատակով ցատկել է գետը, ինչից հետո նրա մարմինն են դուրս բերել գետից։ Մեզ հետ զրույցում համագյուղացիները հաստատեցին դեպքը, նշելով, որ խոսքը Գառնիկ Ղուլիջանյանի մասին է։ «Ցատկել է գետը, որ լողա, բայց գետը էդ մասում ծանծաղ է, գլուխը հարվածել է գետի տակի քարերին ու մահացել է»,- պատմեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով երիտասարդը ապրում էր Կողբի գյուղում՝ քրոջ, ծնողների և տատիկի հետ։
Ի դեպ Նոյեմբերյան համայնքի Կողբի բնակավայրում նախատեսվում է մեծ շուքով վաղը Վարդավառ նշել, Նոյեմբերյանի համայնքապետարանից հայտնում են, որ միջոցառումները չեն կարող չեղարկել․ «Նախապես պլանավորված Վարդավառի ավանդական միջոցառման շրջանակներում բազմաթիվ հյուրեր և պատվիրակություններ արդեն իսկ ժամանել են համայնք, ինչի պատճառով տեխնիկապես հնարավոր չէ ամբողջությամբ չեղարկել տոնակատարությունը։
Հայցում ենք հանգուցյալի ընտանիքի, հարազատների և մեր բոլոր համաքաղաքացիների ներողամտությունն ու ըմբռնումը։ Եվս մեկ անգամ խորին ցավակցություն ենք հայտնում այս անդառնալի կորստի համար»։
Համայնքապետարանից չեն մանրամասնում, թե խոսքն ինչ պատվիրակությունների մասին է և ովքեր են գյուղ ժամանած պաշտոնյաները։