«Պայմանագրի» տոկոսները
Մեծագույն կեղծիք է եւ փարիսեցիության գագաթնակետ «Եվ այդ մարդը դու ես» արտահայտությունը, որը ներքին իր փչացածությունն ամբողջությամբ երեւան չէր բերում, քանի դեռ Ն․ Փաշինյանն իշխանության գլուխ չէր։ Այդ արտահայտության փիլիսոփայական սնանկությունն ակներեւ է մարդու՝ որպես բանական արարածի անկրկնելիության, եզակիության եւ բացառիկության ըմբռնման համապատկերում․ մարդը չի կարող ինչ-որ մեկի քմահաճույքով համընդհանուր «դու» լինել, ընդսմին՝ լինել հենց այդ պնդման հեղինակի «դու»-ն։ Սա անձի, նրա սոցիալական կազմակերպվածության կատարյալ ձեւի՝ քաղաքացու ինքնության ոչնչացման մանիպուլյատիվ պնդում է, որը, բարձրացնելու փոխարեն, ստորացնում է մարդուն՝ զրկելով ինքնությունից, ինքնուրույնությունից, վերածելով անդեմ «դու»-ի․ մարդն ապաանհատականացվում՝ զոմբիացվում է։
Գրում եմ եւ միեւնույն ժամանակ մտածում, որ սխալ, միանգամայն սխալ ձեւակերպում է վերեւի պարբերության առաջին նախադասության «իշխանության գլուխ» ձեւակերպումը, որովհետեւ համատարած պողոսացման ֆոնին՝ այդ արտահայտության հեղինակի համար իրենից բացի իշխանություն չկա, հետեւաբար՝ այլ «գլուխներ» չկան, այլ «գլուխներ» բացառվում են, այլ «գլուխներ»՝ ասել է՝ Նիկոլի ոխերիմ թշնամիներ։ Նիկոլի իշխանությունը մի աննախադեպ տխեղծ արարած է, որ բաղկացած է միայն գլխից, եւ այդ գլխի գլխավոր անելիքն այն է, որ ակնդետ, նյարդային, կասկածամիտ զգոնությամբ հետեւում է, որ որեւէ տեղ հանկարծ «գլուխներ» չաճեն՝ իշխանության մեջ, ընդդիմության մեջ, քաղաքացիական հասարակության մեջ։ Բայց մանավանդ՝ ընդդիմության մեջ։ Նիկոլը, այո, «գլխի» թշնամի է․ նա չի հանդուրժում այլ մտածելակերպ եւ այլ մտածողություն, չի ընդունում այլոց՝ ոչ իր նման, առավել եւս՝ իրեն հակառակ մտածելու հավանականությունը։ Նա փորձում է բնում ոչնչացնել այդ հավանականությունը, բացառել դրա հնարավորությունը։ Քաղաքացու հետ «պայմանագիր» կնքած սույն անձը խորապես արհամարհում է քաղաքացուն․ պայմանագրի այդ մի «կողմն» առնվազն ազնիվ չէ։
Ի դեպ, դժվար է հասկանալ, թե ինչպես կարող էր հղացվել «քաղաքացիական պայմանագիր» հասկացություն-գաղափարը, մանավանդ որ դա դեռեւս Էպիկուրից եկող ու միջին դարերում ամբողջական դարձված «հասարակական դաշինքի» մի տարբերակն է, հետեւաբար՝ ոչ մի նորություն չի բերում գաղափարի թարմության առումով։ Սակայն խնդիրն այս հանրահայտ գաղափարը թաքուցյալ կերպով անձնախնդիր նպատակներին սպասարկու դարձնելու ջանադրությունն է։ Ուշադրություն դարձնենք․ Նիկոլը ոչ այլ բան՝ հենց «պայմանագիր» է կնքում (ընդգծեմ «դաշինք» բառի միանգամայն իրավական, «պայմանագիր» բառի առավելապես առեւտրային բովանդակությունը), որը, բնականաբար, ենթադրում է որոշակի պայմաններ, որոնք ինչ-որ իմաստով բարոյազրկված են առեւտրի տարրեր պարունակելու պատճառով, մասնավորապես այս կարգի՝ դու (քաղաքացիդ) ինձ իշխանության ես բերում, ես քեզ համար անում եմ․․․ այս, այս, այս։ Պայմանագրի գաղափարական հիմքում ոչ թե իրավական, այլ քաղաքական մանիպուլյատիվ նպատակներ են, որոնք խնամքով թաքցվում են բարեկեցության, արդարության, օրենքի գերակայության, իրավունքի տիրապետության, ժողովրդավարության եւ այսօրինակ մյուս արժեքների հետեւում։ Եվ որ այս թվարկվածներն ընդամենը շղարշ են բուն նպատակը սքողելու համար, պարզ է դառնում այն հանգամանքից, թե պատմական չափազանց կարճ ժամանակահատվածում՝ ընդամենը երկու տարում, Հայաստանի քաղաքացու համար ի՛նչ արժեք ձեռք բերեցին բարեկեցությունը, արդարությունը, օրենքը, իրավունքը, ժողովրդավարությունը։
Բարեկեցությունը երկու տարում 2 հազար դրամով ավելացված կենսաթոշակն է։
Արդարությունը պետական հլու կառույցներին տրվող աստղաբաշխական պարգեւավճարներն են։
Օրենքը մահացու համավարակի պայմաններում օրենսդիր մարմնի կողմից արագ-թաքուն ռեժիմով ընդունվող հակասահմանադրական, ապազգային օրենքներն են։
Իրավունքը իրավական բռնության ենթարկվող Սահմանադրական դատարանն է։
Ժողովրդավարությունը մեկ անձի անսահմանափակ իշխանություն հաստատելու մոլուցքն է՝ ուղեկցվող մոլագարություններով։
Կարճառոտ՝ ահա այն «տոկոսները», որ վճարում է ՀՀ քաղաքացին 2018 թվականի Նիկոլի հետ ոգեւորությամբ կնքած «պայմանագրից» հետո։ Եվ ամբողջ դժբախտությունն այն է, որ տոկոսներն աճում են երկրաչափական պրոգրեսիայով, ավելին՝ հայտնվում են տոկոսի նոր «տեսակներ», որոնց մասին քաղաքակիրթ աշխարհը չի էլ լսել․․․
Մարդը եկավ եւ դիլետանտի ինքնավստահությամբ «վերաձեւակերպեց» քաղաքագիտական մտքի նվաճումներից մեծագույնը՝ իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սկզբունքը, ոչնչացրեց իշխանության ճյուղերի կարեւորագույն փոխզսպիչ մեխանիզմները, հիմա էլ անցել է վերջին՝ չորրորդ իշխանությունը «վերաձեւակերպելու» գործին։ Իսկ դա արդեն վերջն է։
Կամ՝ սկիզբը կատարյալ բռնատիրության։
Կարծիքներ