Նախարարության «արդյունավետ» ցանկը
Հունիսի 18-ին ՀՀ կառավարությունը հաստատել է հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի, ասպիրանտուրայի եւ օրդինատուրայի մասնագիտությունների ցանկը, «որոնցից որեւէ մեկով առկա ուսուցմամբ սովորող ուսանողի աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով կվերադարձվի»։ Նկատենք, որ նախաձեռնությունը ողջունելի է եւ կարող էր լինել առավել համապարփակ ու համակարգային, եթե խտրական մոտեցում ցուցաբերված չլիներ որոշ մասնագիտությունների, մասնագիտությունների ամբողջական ոլորտների նկատմամբ։
Ըստ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության՝ «Ցանկը հաստատելու նպատակով նախագիծը շրջանառվել եւ քննարկվել է մյուս գերատեսչությունների հետ, սահմանվել է մասնագիտությունների արդյունավետ ցանկ»։ Թե ի՛նչ է նշանակում «արդյունավետ ցանկ», դժվար է ասել, քանի որ թռուցիկ ծանոթությունից պարզ է դառնում, որ ցանկից գրեթե ամբողջությամբ բացակա են հումանիտար, հասարակագիտական ոլորտները, իսկ հայագիտական ուղղվածություն ունեցող մասնագիտությունների մասին խոսք չկա ընդհանրապես։ Միակ մասնագիտական բնագավառը, որն ուղղակի հարում է հումանիտար ոլորտին եւ ներառված է ցանկում, արվեստագիտությունն է։ Անշուշտ, այս ոլորտը, մասնավորապես՝ այս գիտաճյուղում բարձրակարգ մասնագետների եւ գիտական կադրերի պատրաստումը, կարեւոր է, սակայն, նկատի ունենալով այն հանգամանքը, որ արվեստը՝ ինքը, փոքր-ինչ անորոշ ընդգրկումներ եւ երբեմն կասկածելի բովանդակություններ ունեցող բնագավառ է, կարելի է ասել, որ նախարարության վերոհիշյալ ցանկում արվեստագիտության ներառումը նաեւ հարցեր ու հարցականներ է ծնում։ Այդպիսի հարցականներ ծնում է հենց «արվեստագիտություն» եզրի ԿԳՄՍ-ական ընկալումը․ դա ընդամենը դ ի զ ա յ ն ն է, ոչ այլ բան։ Կասկածներն ավելի են խորանում այն իրողության համապատկերում, որ արվեստագիտությունը զարմանալիորեն «միայնակ» է մյուս մի քանի տասնյակ «օտար» մասնագիտությունների շարքում։
Ցանկի 3-րդ հատվածը վերնագրված է՝ «Սոցիալական գիտություններ, լրագրություն եւ տեղեկատվական գիտություններ»։ Թե ի՛նչ է տեղեկատվական գիտությունը, հստակ չէ, մանավանդ որ որեւէ այդպիսի գիտություն կամ մասնագիտություն նշված էլ չէ, իսկ, ահա, այն փաստը, որ «լրագրություն» մասնագիտությունը վերնագրում նշված լինելով՝ իսպառ բացակա է ցանկից, ինքնին խոսուն է եւ միանգամայն հատկանշական։ (Հատկանշական է մանավանդ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի՝ հունիսի 18-ի նիստում հակալրագրողական ելույթի անմխիթար ֆոնին։ Ի դեպ, այս հանձնաժողովի անվանման մեջ թե ինչո՛ւ է սկզբում «գիտություն» բառը, իսկ համապատասխան նախարարության անվանման մեջ՝ «կրթություն» բառը, հայտնի չէ․ նույնիսկ պարզ անվանումներում մեր նորելուկները հետեւողական չեն)։
Ցավոք, կառավարության այս որոշման վերաբերյալ նախարարության տեղեկատվության մեջ բացակայում է այն հարցի պատասխանը, թե ինչու են ներգրավվել մասնագիտություններ, որոնք նույնիսկ էկզոտիկ կարող էին բնութագրվել, իսկ, ահա, ներառված չեն բանասիրական գիտությունները՝ լեզվաբանություն, գրականագիտություն, լրագրություն, ներառված չեն պատմագիտությունը, կրոնագիտությունը, փիլիսոփայությունը։ Գուցե դրանք առանձի՞ն ցանկով կներկայացվեն կառավարության հաստատմանը, սակայն դա քիչ հավանական է, փոխարենը՝ միանշանակ է, որ ընդգրկման առումով այս բացթողումը պատահական չէ։ Դա ուղղակի վկայությունն է այն քաղաքականության, որ բացահայտ կամ թաքուն իրականացնում է վերոնշյալ գերատեսչությունը՝ հայագիտությունը բանի տեղ չդնելու «եղանակով» դրա զարգացումը խոչընդոտելու համար։
Մեր այսպիսի ընկալումն անհիմն չէ, քանի որ պետական հավատարմագրում ունեցող բուհերում արդեն նկատվում են միտումներ, կատարվում են քայլեր՝ հայագիտական մասնագիտությունները «գումարելու», «միասնականացնելու» ուղղությամբ, որպեսզի հարվածի տակ դրվի դրանց ա ռ ա ն ձ ի ն, հետեւաբար՝ ի ն ք ն ա կ ա, հետեւաբար՝ կ ա ր եւ ո ր գիտական ոլորտներ լինելու ընկալումը։ (Որպես օրինակ՝ կարելի է բերել Վանաձորի պետական համալսարանում վերջերս կատարված՝ հայոց լեզվի, գրականության՝ ավանդաբար առանձին ամբիոնները միավորելու գործընթացը, որը հղի է նախադեպային դառնալու վտանգով)։
Կարծիքներ