Քըրք Քըրքորյանին ուղղակի զզվեցրել էին․ Հայաստանին տված գումարները գողացել են

 Քըրք Քըրքորյանին ուղղակի զզվեցրել էին․ Հայաստանին տված գումարները գողացել են

Մենք ինքներս պիտի մեր արժեքները ձևավորենք, որ ուրիշները դրանք գնահատեն, հաշվի նստեն դրա հետ։ Այս աշխարհում ընկեր չկա, մենք պիտի մեր ընկերը լինեք, մենք։ Եթե սա սովորենք, հավատացեք, որ շատ ավելի լավ կլինի։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Կանադայի կառավարության նախկին աշխատակից Վարուժ Պոհարյանը, որը նույնպես ժամանել է Երևան։

Հիշեցնենք՝ քիչ առաջ մեկնարկել է առաջին համահայկական քաղաքացիական ասամբլեան՝ Ապագա Հայկականի Համաժողովը, որը միջազգայնորեն հայտնի մասնակցային ժողովրդավարության ձևաչափի առաջին կիրառումն է հայկական իրականության մեջ։ «Ապագա հայկականը» հանրային նախաձեռնությունը հիմնադրվել է Նուբար Աֆեյանի, Ռուբեն Վարդանյանի, Ռիչարդ Ազարնիայի, Արթուր Ալավերդյանի և այլոց կողմից։

«Ես Հայաստանում երկար չեմ ապրել, այստեղից շատ բան իհարկե չեմ հասկանում, բայց փաստն այն է, որ մենք թուրքին չենք կարող վստահել ու սա ես չեմ ասում, սա պատմությունն է ասում։ Եթե ծնկի գանք, ուզելու են, որ էլի ծնկի գանք, սա հաստատ է։ Սփյուռքի դերը միանշանակ, անխոս կարևոր է։ Ժամանակին Քըրք Քըրքորյանը Հայաստան եկավ, ահագին դրամ բերեց, հետո մարդը ուղղակի զզվեց, որովհետև իր բերածը գողանում էին։ Մարդուն այնպես զզվեցրին, որ գումար տալը կտրեց, հիմա այդ մարդիկ պատժվե՞լ են դրա համար։ Այդպես երկիրն իհարկե առաջ չէր գնալու, այպես երկիրը չի կարող առաջ գնալ»,- հավելեց նա։