Պայքարել Ռուսաստանի դեմ` թեկուզ Հայաստանի կործանման գնով

Պայքարել Ռուսաստանի դեմ` թեկուզ Հայաստանի կործանման գնով

Փաշինյանն ամիսը մեկ պարտաճանաչ հանդիպում է, այսպես կոչված, արտախորհրդարանական կուսակցությունների ղեկավարների հետ: 

Այդ հանդիպումների մասին պատմող հաղորդագրությունները չեն արտացոլում դրանց բովանդակությունը, քանի որ դրանք անցնում են փակ ռեժիմով, եւ քննարկվող հարցերի մասին կարելի է պատկերացում կազմել միայն տեղեկատվական արտահոսքերից: Դրանց անփոփոխ օրակարգը Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխությունն է, Հայաստան-Ռուսաստան այլեւս ձեւական դարձած դաշնակցային հարաբերությունների վերջնական լուծարումը եւ Արեւմուտքի հետ դաշինքի ֆորմալացումը: Փաշինյանին այդ օրակարգը հոգեհարազատ է, իսկ նրա հետ հանդիպման գնացող անձինք էլ փորձում են իրենց իմաստուն խորհուրդներով օգնել՝ արագացնել այդ պրոցեսը եւ դարձնել անշրջելի:

Այսպես կոչված, արտախորհրդարանական ուժերը Փաշինյանի առաջ խնդիր են դրել՝ Հայաստանի պետական կառավարման համակարգը մաքրել ռուսամետ եւ Ռուսաստանին ծառայող պետական պաշտոնյաներից եւ ռուսական գործակալական ցանցից: Նրանք պահանջում են, որ դա սկսվի հենց կառավարությունից, Փաշինյանի շրջապատից: Փաշինյանի գործընկեր կուսակցությունների թիրախում փախվարչապետ Մհեր Գրիգորյանն է եւ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Ոչ միայն այն պատճառով, որ նրանք ռուսերեն խոսել գիտեն եւ մեկ-մեկ հանդիպում են ռուս պաշտոնյաների հետ, օրինակ, Մհեր Գրիգորյանը Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան աշխատանքային խմբի համանախագահն է եւ այդ խմբի շրջանակներում շփվում է ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի հետ: Փաշինյանի գործընկեր կուսակցապետերը համոզված են, որ այս երկուսն օգնում են Ռուսաստանին՝ շրջանցելու արեւմտյան պատժամիջոցները եւ ինչ-որ ապրանքներ ներմուծել Ռուսաստան:

Փաշինյանը, իհարկե, գիտի, որ Մհեր Գրիգորյանը կամ Վահան Քերոբյանը ոչ մի ռուսամետ էլ չեն, նրանք ընդհանրապես ոչմիբանամետ են, ավելի ճիշտ՝ փողամետ են, ովքեր պետական պաշտոնը ծառայեցնում են փող աշխատելուն, հարստություն կուտակելուն: Ո՞վ է նրանցից երբեւէ լսել, որ արտահայտվեն Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման կամ անգամ տնտեսական ինտեգրման խորացման օգտին: Նրանք ուղղակի հասկանում են, որ հիմա բարենպաստ միջավայր է՝ Ռուսաստանի վիճակից օգտվելու եւ փող աշխատելու համար, եւ օգտվում են ստեղծված վիճակից: Եթե նման հնարավորություն լիներ՝ Նիկարագուայի կամ Կոստա Ռիկայի վրա փող աշխատելու, նույն հաջողությամբ կօգտվեին այդ հնարավորությունից, բայց դա չէր նշանակի, որ նրանք նիկարագուամետ են: Փաշինյանը, բնականաբար, խոստանում է կառավարությունն ազատել ռուսամետներից, որովհետեւ չի ուզում, որ իր արտախորհրդարանական գործընկերներն իրեն կասկածեն Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցների շրջանցման վրա փող աշխատելու սխեմայի շահառու լինելու մեջ: Ուղղակի ասում է, որ դրանց հարցերը պետք է լուծել շատ հանգիստ, առանց ավելորդ շտապողականության եւ ցնցումների: 

Հաջորդ թիրախն ուժային կառույցներն են, ավելի կոնկրետ՝ բանակը եւ ԱԱԾ-ն: Փաշինյանի արտախորհրդարանական գործընկերները նրանից պահանջում են բանակն ու անվտանգության ծառայությունը մաքրել ռուսական գործակալական ցանցից, որ նրանք հնարավորություն չունենան ծառայել թշնամի Ռուսաստանին: Իսկ ինչպե՞ս որոշել՝ այս կամ այն մարդը ռուսական գործակա՞լ է, թե՞ ոչ: Այս հարցում նրանք խորհուրդ են տալիս օգտագործել Արեւելյան Եվրոպայի եւ մերձբալթյան երկրների օրինակը: Լեհաստանում, օրինակ, աշխատանքից ազատեցին այդ երկրի ԱԳՆ այն աշխատակիցներին, ովքեր ավարտել էին Մոսկվայի արտաքին հարաբերությունների համալսարանը: Նույն ձեւով առաջարկվում է Հայաստանում աշխատանքից ազատել բանակի եւ ԱԱԾ այն սպաներին, ովքեր կրթություն են ստացել Ռուսաստանի կրթական հաստատություններում եւ այդ ընթացքում կարող էին դառնալ ռուսական գործակալներ: 

Մենք չգիտենք, թե այդ դեպքում բանակի կամ անվտանգության ծառայության սպաների քանի տոկոսը կազատվի աշխատանքից, բայց որ այդ թիվը բավական մեծ կլինի, կասկած չկա: Այն, որ Փաշինյանի գործունեության արդյունքում բանակում արդեն իսկ սպաների մեծ արտահոսք եւ պակաս կա, փաստ է։ Փաստ է, որ այդ բացը լրացնելու ո՛չ հնարավորություն կա, ո՛չ էլ ցանկություն, իսկ ռուսական կրթությամբ սպաներին բանակից հեռացնելուց հետո հայկական բանակը կարող է ընդհանրապես կազմալուծվել: Հայկական բանակի կազմալուծումն այդ մարդկանց ընդհանրապես չի հետաքրքրում, որովհետեւ նրանք համոզված են, որ այդ բանակը, միեւնույն է՝ Հայաստանի անվտանգությունը չի ապահովում, իրենց հույսն ԱՄՆ-ն ու Եվրոպան են, իսկ բանակի վրա կատարվող ծախսը միջոցների անտեղի վատնում է: Այս հարցում Փաշինյանի եւ նրա արտախորհրդարանական շրջապատի մտածողությունը լրիվ համահունչ է: 

Փաշինյանին եւ նրա արտախորհրդարանական գործընկերներին միավորում է գաղափարական ընդհանրությունը՝ ամեն գնով պայքարել Ռուսաստանի դեմ: Միակ տարբերությունն այն է, որ Փաշինյանը Ռուսաստանի հետ համագործակցությունը կտրուկ դադարեցնելուն դեմ է, քանի որ կզրկվի հարյուրավոր միլիոնների եկամտից, իսկ արտախորհրդարանականներն այդ համագործակցությունից ոչ մի լումայի օգուտ չունեն: Ընդհակառակը՝ նրանք սնվում են Հայաստանում հակառուսական քարոզչություն իրականացնելու ծրագրերից եւ ամեն ինչ անում են՝ ցույց տալու, որ ստացած փողը համարժեք է կատարված աշխատանքին: Ինչպես ասում են՝ փոխշահավետ համագործակցությունը կայացել է:

Համագործակցության այլ դետալների եւ ուղղությունների կանդրադառնանք առաջիկայում:

Ավետիս Բաբաջանյան