Բալասանյանը համայնքապետարանին է վաճառում գարեջրի գործարանի ավտոբուսները

Բալասանյանը համայնքապետարանին է վաճառում  գարեջրի գործարանի ավտոբուսները

Գյումրու ավագանին թույլատրեց, որպեսզի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող «Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ից թվով 15 ավտոբուս ձեռք բերվի քաղաքի համար: Համայնքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանի խոսքերով՝ որոշման ընդունումը պայմանավորված է Գյումրու ներհամայնքային երթուղիները սպասարկող շարժակազմը լրացնելու անհրաժեշտությամբ: «8 միկրոավտոբուսային եւ 1 ավտոբուսային երթուղի է համայնքապետարանի տրանսպորտային ցանցում, անցյալ տարի 63 միկրոավտոբուս բերվեց, բայց որպեսզի շարժակազմը լրացնենք, ավտոբուսներ են անհրաժեշտ, սեփականատիրոջից ճշտել ենք՝ լրիվ շահագործման վիճակում են», -ասաց նա:

Փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն էլ ընդգծեց, թե լրիվ նորը գնելը մեծ գումար է: Ավտոբուսները ձեռք են բերվելու օրենքով սահմանված կարգով՝ անկախ գնահատողի կողմից տրված փորձագիտական եզրակացության հիման վրա և գնահատված արժեքի չափով:

Ավագանու անդամներին հետաքրքրեց, թե ինչու է գարեջրի գործարանում կարիք առաջացել վաճառել ավտոբուսները, եւ որտեղ են շահագործվել դրանք:

Քաղաքապետի տեղակալն շտապեց պատասխանել, թե ժամանակին  ավտոբուսների մի մասը սպասարկել է  քաղաքի թիվ 40 երթուղին, որոշ մասը փչացել է, կանգնած են եղել ․ «Դետալները Չինաստանից են բերվել, հիմա, իրենց ասելով, աշխատում են»:

Ավագանին որոշմանը նախապայմանով կողմ քվեարկեց: Առաջարկվեց, որ ավտոբուսների գնահատումն արվի ոչ թե մեկ, այլ 3 տարբեր փորձագիտական մարմինների կողմից: