Ցանկացած դիկտատուրայում ներքին թշնամուց ավելի են վախենում, քան արտաքինից

Ցանկացած դիկտատուրայում ներքին թշնամուց ավելի են վախենում, քան արտաքինից

Թվում է, թե հետխորհրդային տարածքում մեզ պատուհասած վտանգները, սպառնալիքները եւ ողբերգական իրադարձությունները համաշխարհային մասշտաբի ղրղզ գրող Չինգիզ Այթմատովի նման անհատականությունների պակասի, գուցե՝ իսպառ բացակայության պատճառով են: Չինգիզ Այթմատովի առաջին վեպը՝ «Եվ դարից երկար ձգվում է օրը», հրատարակվել է 1980 թվականին, իսկ 1988-ին՝ նրա հանրահայտ «Կառափնարան» վեպը։ 2006 թվականին գրող եւ լրագրող Դմիտրի Բիկովն իր հարցազրույցում զարմանում էր, թե Չինգիզ Այթմատովի «Երբ ընկնում են սարերը» վեպի մոսկովյան շնորհանդեսին ինչքան շատ երկրպագուների է հավաքել: Այթմատովը եղել եւ մնում է անվիճելի հեղինակություն միջինասիական արձակագիրների շրջանում:

Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ Չինգիզ Այթմատովի հետ Բիկովի ունեցած հարցազրույցից․ Այթմատովի նկատառումներն այսօր էլ արդիական են:

Բիկով. …«Հավերժական հարսնացուի» մասին առասպելը Դուք ե՞ք հնարել: Ինչպեսեւ՝ մանկուրտների՞նը:

Այթմատով. Ոչ ամբողջովին, այն հիմնված է ղրղզական լեռնային հավատալիքների վրա: Ինչ վերաբերում է մանկուրտներին, այստեղ ես ամենեւին ոչինչ չեմ հնարել: Չինգիզխանը ցանկացած պահի սպասում էր ապստամբության, վախենում էր դրանից. ցանկացած դիկտատուրայում ներքին թշնամուց ավելի են վախենում, քան արտաքինից, եւ նրան պետք էին կենդանի մեքենաներ, առանց զգացմունքների, առանց հիշողության: Չէ՞ որ մանկուրտը զրկված է ոչ միայն տան մասին հիշողություններից. նրա անձն ընդհանրապես ջնջվում է, մնում է միայն ատելությունը: Առասպելի իմաստը ոչ միայն սեփական արմատները հասկանալու անհրաժեշտության մեջ է, ինչպես դա մեկնաբանվում էր ժամանակին: Իմաստն այն է, որ իշխանությանը, հատկապես այնպիսի, ինչպիսին Չինգիզխանի անխոնջ եւ բացարձակ իշխանությունն էր, մարդիկ պետք չեն… 

Բիկով. Ինչպես ռուսական բազմաթիվ չինովնիկներ, Դուք նո՞ւյնպես համարում եք, որ ահաբեկիչը չունի գաղափարախոսություն, այլ միայն՝ ագահություն եւ չարություն:

Այթմատով. Ոչ, դա տարածված եւ վտանգավոր մոլորություն է: Ահաբեկիչների մեծ մասի մոտ հենց առկա են գաղափարները, եւ ահաբեկչությունը, ընդհանուր առմամբ, թող որ այլանդակ, ահավոր, սակայն պատասխան է իրական հիմնախնդրին: Այդ հիմնախնդիրն է՝ ավելի մեծացող ճեղքվածքը հարստության եւ աղքատության, քաղաքակրթության եւ վայրենության միջեւ, եւ այն չտեսնել չի կարելի… Ահաբեկիչը սոսկ մարդ է, ով հրաժարվել է հանդուրժել: Հեշտ է նրան հայտարարել բացարձակ չարիքի գործիք, սակայն փորձեք հասկանալ, թե ինչպիսի հսկայական պառակտմամբ է առաջացել հիմնախնդիրը: Արդյունքում, ահաբեկչին ստիպված է հակադրվել այն գլխավոր հերոսը, որի համար գրվել է վեպը. բոլորին փրկում է մշակույթի միայնակ մարդը, աութսայդերը, ըստ էության: Նրան հավասարապես թշնամական են ե՛ւ իշխանությունը, ե՛ւ հարուստները, ե՛ւ նոր տերերը. ֆիզիկապես նրան տեղ չկա: Սակայն փրկությունը միայն նրա մեջ է:

Բիկով. Ձեզ լսո՞ւմ են Ղրղզստանում:

Այթմատով. Գրական գործերում՝ այո: 

Բիկով. Իսկ քաղաքակա՞ն:

Այթմատով. Իսկ քաղաքականում, ես կարծում եմ, որ գրողին իշխանության վրա ուղղակի ազդեցության գործիքներ պետք չեն: Դա այլասերում է, եւ ընդհանրապես՝ ինչի՞ համար: Գրողը մարդկանց պետք է կանգնեցնի ծայրահեղ իրավիճակներից, նրանցից, որոնցում իրապես ընտրություն չի մնում: Ղրղզստանում ես հրապարակեցի բաց նամակ՝ համաձայնության բանաձեւ գտնելու կոչով: Այդ բանաձեւը գտնվեց, ձեռք բերվեց փոխզիջում՝ համաձայն Սահմանադրության, իրավիճակը հանգուցալուծվեց, ընդահանուր առմամբ, խաղաղ… Ես դրանում համոզված էի ի սկզբանե:

Բիկով. Սակայն «թավշյա հեղափոխությանը» Դուք վերաբերվում եք, կարելի է կարծել, առանց ոգեւորությա՞ն: 

Այթմատով. Ես դրան վերաբերվում եմ որպես իրողություն: Հավանաբար, դա երկրի զարգացման անխուսափելի փուլ է, քանի որ դա գրեթե նույն տեսքով տեղի ունեցավ հետխորհրդային տարածքում, հինգ անգամ: Այդ պատճառով ես չեմ հավատում դրսից «թավշյա հեղափոխությունների» կազմակերպմանը. դրանց կարող են աջակցել, բայց դրանք տեղի են ունենում իրենք իրենց՝ օբյեկտիվ եւ հասկանալի պատճառներով: Չարժե ոգեւորվել, սարսափել՝ նույնպես, քանի որ ազգն ըմբռնում է ազատության եւ պատասխանատվության փոխկապվածությունը: Սովորել ոչ միայն լինել ազատ, այլեւ պայմանավորվել եւ ճանաչել ինքդ քեզ: Հավանաբար, դա անխուսափելի փուլ է` մեծամասամբ նվիրված ազատությունից հետո, որը տեղի ունեցավ 90-ականների սկզբին: Եթե ժողովուրդը կարողացել է առանց արյունահեղության անել դա եւ համաձայնել, ապա հասունացել է իրական ազատության համար:

Բիկով. Ես չեմ կարող Ձեզ չհարցնել Խորհրդային Միության հանդեպ Ձեր վերաբերմունքի մասին…

Այթմատով. Հարցրեք, բայց չեմ խոստանում, որ Ձեզ դուր կգա պատասխանը: Ես միշտ կրկնել եմ եւ այժմ կասեմ. տարածքի համար, որն այսօր անվանվում է հետխորհրդային, ազգային հարցի խորհրդային լուծումը եղել է օպտիմալ: Խորհրդային իշխանությունը Միջին Ասիայում (նրա մասին եմ ասում, որովհետեւ գիտեմ նրան) վարել է ոչ թե գաղութատիրական քաղաքականություն, այլ քաղաքակիրթ քաղաքականություն: Ռուսաստանի հետ միասին մեր երկրները դուրս էին եկել համաշխարհային ուղեծիր: Տեղի էր ունեցել հսկայական առաջընթաց՝ ոչ առանց սխալների եւ զոհողությունների, մոլորությունների, սակայն անպատասխանատու կլիներ՝ դրանում միայն Ռուսաստանին մեղադրելով: Շատ բաներ արվում էին տեղական իշխանության ձեռքերով, այդ թվում՝ նաեւ ռեպրեսիաները: Խորհրդային Միությունն ունեցել է շատ մեղքեր եւ արատներ, սակայն նրա ազգային եւ մշակութային քաղաքականությունն արժանի է բարի հիշողության: Ահա Ձեզ ոչ հեռավոր օրինակ՝ Աֆղանստանը: Նա մեր հարեւանն է, նա մեր կողքին է, եւ աֆղանցիները միշտ հպարտացել են անկախությամբ: Նրանով, որ իրենց ոչ ոք չի գաղութացրել: Տեսեք, թե ինչի են հասել: Կարծում եմ, որ սա շատ ավելի վատ է, քան խորհրդային տարբերակը...:

Բիկով. Այսօր Ձեզ մոտ շատ երեխաներ են բերել: Դուք նրանց ասել եք ինչ-որ խրատական խոսքեր, հատկապես ինչպիսի՞: 

Այթմատով. Մեծացիր խելացի, սիրիր ծնողներիդ: Դա բավական է:

Գագիկ Վարդանյան