Մենք միակն ենք ու անկրկնելին

Մենք միակն ենք ու անկրկնելին

Երկիր ու վարչապետ ունենք, աշխարհը չունի: Հայաստանի տարածքում շուրջ 900 տարի պետականություն չենք ունեցել: 20-րդ դարասկզբին ցեղասպանվել ենք ու հայրենազրկվել: Իսկ երեք տարի անց ինչ-որ հրաշքով պատմական հայրենիքի մի անկյունում այն ետ ենք վերադարձրել:

Այնուհետեւ, երկու եւ կես տարի անց կրկին կորցրել ենք, սակայն ձեռք ենք բերել ապահովություն ու անվտանգություն: 30 տարի առաջ կրկին ձեռք ենք բերել անկախություն: Պատերազմ ու սով ենք տեսել, հաղթանակ ու հպարտություն: Հետո խնդիր ենք ունեցել իշխանությունների հետ ու երեքուկես տարի առաջ նրանց հեռացրել ենք՝ վարչապետ կարգելով մեկին, ում ցանկացել ենք համարյա թե ազգովի: Իսկ այնուհետեւ փոշմանել ենք (ազգի գրագետ մասը), սակայն նրանից ազատվել չենք կարողացել: Եվ դեռեւս չենք կարողանում:  

Վերջերս էլ պարզվել է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն օժտված է պարանորմալ հատկանիշներով. ինքը Թուրքիայից դրական ազդակներ է ստանում, երբ այդպիսիք չկան: Հետո փոխադարձում է դրանք, ինչին հետեւում է թուրքական արձագանքը, որ Հայաստանից երկխոսության ազդակներ են ստանում, սակայն դա բավարար չէ, որովհետեւ դեռեւս բառային ձեւաչափից այն կողմ դրանք չեն անցնում: Նման երկխոսությանը հետեւում է ադրբեջանական հերթական սադրանքը Հայաստանի Հանրապետության բուն տարածքում: Ինչին, սակայն, սովորության համաձայն, որեւէ պատասխան չի տրվում:

Միաժամանակ չի փակվում նաեւ թուրքական ազդակների թեման: Ահա այսպիսի «բազմաշնորհ» վարչապետ ունենք մենք: Ինչպես աշխարհում ցրված հայերն են «սիրում» ասել՝ վարչապետ ունենք, աշխարհը չունի:  

Չե՞ք հավատում: Դե փորձեք գտնել երկրորդ այնպիսի վարչապետ, որ պառակտի սեփական հասարակությունը, այնուհետեւ մուրճով քարոզարշավ անի՝ սպառնալով հասարակության այն մասին, որը համաձայն չէ իր հետ, ու միաժամանակ թշնամի երկրների ղեկավարությանը բարիդրացիության ազդակներ հղի:

Ով Ազգային ժողովի ամբիոնից ճառ ասի հանդուրժողականության մասին, սակայն անմիջապես հետո կազմակերպի ընդդիմադիր փոքրամասնության ներկայացուցիչների (եւ այդ թվում կին ներկայացուցիչների) ծեծը: Ով 2050 թվականի կտրվածքով չտեսնված ապագա խոստանա իր համաքաղաքացիներին, սակայն չկարողանա ապահովել նույն այդ մարդկանց այսօրվա կյանքի եւ ունեցվածքի անվտանգությունը: Ով երջանիկ մանկություն խոստանա երկրի փոքրիկներին, սակայն նրանց հայրերին թուրքական անօդաչուների թիրախ դարձնի: Որպեսզի, ինչպես հետո պիտի պարզվի, մի քանի հազար զոհ տալով՝ թշնամուն նվիրի Արցախը: Այն Արցախը, որը մի դեպքում բեռ էր, մեկ այլ դեպքում՝ Հայաստան:

Կա՞, արդյոք, մեկ այլ երկրի վարչապետ, որը, որպես պարտության խորհրդանիշ, ցանկանա շարունակել պաշտոնավարումը, ինչից օգտվի թշնամին եւ տեր ու տնօրինություն անի հարեւան երկրի տարածքում: Իսկ պարտության խորհրդանիշ անձը չկարողանա ոչինչ անել՝ զինված ուժերին չկրակելու բանավոր հրահանգ տալուց բացի: Վարչապետ, որն անվերջ բարբառի ճանապարհային նոր կոմունիկացիաների բացման հնարավորության մասին՝ նույն պահին չկարողանալով պաշտպանել արդեն եղածը: Ով անընդհատ խաղաղություն մուրա այն թշնամուց, որը շարունակ զորավարժանքներ է կազմակերպում՝ պատերազմի պատրաստվելով: Եվ դրանով չբավարարվելով՝ հարեւան երկրի տեղանունները թյուրքացնելով՝ իր համար պատերազմի պատրվակ է ստեղծում՝ շարունակելով պատերազմի սպառնալիքը:

Իսկ կա՞, արդյոք, մեկ այլ երկիր, որի քաղաքացիների մոտ կեսը թքած ունենա երկրի ճակատագրի վրա: Իսկ էն մյուս կեսի կեսն էլ այնքան անուղեղ լինի, որ պատերազմում պարտություն կրած անձին կրկին ընտրի վարչապետ: Կա՞, արդյոք, մեկ այլ երկիր, որի քաղաքացիների համար ոռոգման ջրի առկայությունն ու մթերվող խաղողի գինը, անգամ ֆուտբոլում պարտությունն ավելի առաջնային լինեն, քան սեփական զավակներին մահվան ուղարկող իշխանության վերարտադրությունը չթույլատրելը: Կա՞, արդյոք, մեկ այլ երկիր, որը կոչվի ժողովրդավարական, եւ որի իրավապահ համակարգը չտեսնելու տա իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների ու դրա առաջնորդի ազգակործան հանցագործությունները՝ ընկնելով քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների հետեւից: Կա՞, արդյոք, մեկ այլ երկիր, որի պետական կառույցների բոլոր գիտակից աշխատակիցներն ընկալեն, որ երկիրը գնում է կործանման, եւ ոչինչ չանեն դրա դեմն առնելու համար: Չէ, ոնց հասկանում եմ, մենք միակն ենք ու անկրկնելին: