Փոփոխություններ՝ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում

Փոփոխություններ՝ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում

Բարձրագույն որակավորման կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի նախագիծը: Նախագծով ներկայացված նոր կանոնակարգով առաջարկվում են մի շարք փոփոխություններ: Առաջին ուղղությամբ՝ թեկնածուական թեզ պաշտպանելուց մինչեւ մասնագիտական խորհրդի անդամ լինելու համար, 2027-ից սկսած, անհրաժեշտ կլինի ունենալ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականներում տպագրություններ: Նման տպագրությունները տեղական պարբերականներում տպագրված 2-3 հոդվածին համարժեք կդիտվեն: 

Երկրորդ ուղղությամբ՝ արտերկրի մասնագետը հնարավորության կունենա համաղեկավարելու ասպիրանտներին ու հայցորդներին, բացի դրանից՝ ընդգրկվելու մասնագիտական խորհուրդներում, ինչպես նաեւ առցանց մասնակցելու պաշտպանության գործընթացին՝ որպես ընդդիմախոս: Երրորդ ուղղությամբ նախատեսվող փոփոխություններից են կուտակած անհրաժեշտ կրեդիտների մասին տեղեկանք ներկայացնելը, մասնագիտական խորհրդի նիստի քվորումն ապահովելու համար նվազագույն անհրաժեշտ  մասնակիցների մասնաբաժինը նշելը: Փորձարարական մասնագիտությունների դեպքում առանց համահեղինակների հոդված ունենալու պահանջը փոխարինվել է առաջին հեղինակով հոդված ունենալուն: 

Չորրորդ ուղղության հետ կապված է ոչ միայն ստորեւ բերված երկու էական փոփոխությունը, այլեւ վերը նշված փոփոխություններից շատերը: Առաջին փոփոխությունն առաջատար կազմակերպության փոխարինումն է ընդդիմախոսով, իսկ մյուսի դեպքում՝ աստիճանաշնորհման գործընթացի տարբեր օղակներում մասնագետներին ներգրավելիս այլեւս շեշտը չի դրվելու գիտությունների դոկտորի աստիճան ունենալու վրա, այլ կարեւորվելու են բարձր գիտաչափական տվյալներ ունենալը եւ ակտիվ գիտնական լինելը: