Մտնում ենք միութենական պետության կա՞զմ

Մտնում ենք միութենական պետության կա՞զմ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տարբեր ժամանակներում վերագրվել է նպատակ, ցանկություն, երազանք՝ վերականգնելու ԽՍՀՄ-ը։ Թեեւ ՌԴ նախագահն այս տարվա հուլիսի 31-ին ամենամյա «ուղիղ կապի» ժամանակ հայտարարեց, թե ԽՍՀՄ վերականգնումն անիմաստ զբաղմունք է։ Նման բան Պուտինն ասել էր նաեւ 2014 թվականին, թե թյուր է պատկերացումը, որ ՌԴ-ն փորձում է վերականգնել իր նախկին ազդեցությունը հետխորհրդային տարածքում։ Բայց փաստ է, որ դրանից ուղիղ մեկ տարի առաջ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ 2,5 տարի բանակցած Հայաստանին մեկ գիշերվա մեջ պարտադրվեց մտնել Մաքսային միություն, իսկ հետո՝ ԵԱՏՄ։

Միեւնույն ժամանակ, ասել, որ սա 100 տոկոսանոց հերքում էր Պուտինի կողմից, եւս ճիշտ չէ, քանի որ նույն րոպեին օրինակ բերելով Եվրոպական միությունը, նա ասաց. «Սա կամավոր հարց է, մենք բավականին գոհ կլինենք, եթե բարեկամական կայուն հարաբերություններ ունենանք նույնիսկ երկկողմ ձեւաչափով, մենք պատրաստ ենք դրան՝ ճանաչելով այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունները»։ Ապա ավելացրեց, որ Ռուսաստանը պատրաստ է նաեւ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների հետ ավելի խոր համագործակցության: 

Եվ ահա երեկ ավարտվեց միութենական պետության շուրջ Պուտին-Լուկաշենկո բանակցությունների եզրափակիչ արարը եւ հայտարարվեց, որ համաձայնեցվել է 28 նախագիծ կամ ծրագիր, որոնք միտված են խորացնելու ռուս-բելառուսական ինտեգրացիոն գործընթացները, այսինքն՝ միութենական պետությունը տեսականից գործնական դաշտ բերելուն, դրան «միս ու արյուն տալուն»։ Խոսքը վերաբերում է Ռուսաստանի եւ Բելառուսի ազգային օրենսդրությունների ունիֆիկացիային, երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների գործունեության պայմանների հավասարեցմանը, միասնական ֆինանսական, էներգետիկ շուկայի կառուցմանը, միասնական տրանսպորտային տարածքի ստեղծմանը, միասնական արդյունաբերական եւ գյուղատնտեսական քաղաքականության մշակմանն ու վարմանը, ինչպես նաեւ միասնական ռազմաանվտանգային տարածքի ձեւավորմանը, միութենական պետության պաշտպանական եւ անվտանգային միասնական համակարգի ստեղծման հետ կապված հարցերին։

Միութենական պետության նախարարների խորհրդի նիստին հավանության արժանանալուց հետո այն հաստատման կդրվի միութենական պետության գերագույն պետական խորհրդում։ Այս գործընթացը նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ տարեվերջ։ Ակնհայտ է, որ սա  Պուտինի հերքած տարբերակի մի մոդելն է, անկախ նրանից՝ անունը ԽՍՀՄ է, թե Միութենական պետություն։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Մոսկվա՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման, լրագրող Թաթուլ Հակոբյանը սկանդալային գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ օրակարգում 3 հարց է դրված. Հայաստան-Ադրբեջան արեւելյան սահմանի երկայնքով ռուսական ռազմական ներկայության հաստատում, անկլավների հարց եւ Ռուսաստան-Բելառուս-Հայաստան միութենական պայմանագրի ապագան։ Իսկ ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովն այդ օրը մեզ հետ զրույցում այնպես չէ, որ հերքել էր՝ ասելով․ «Իմ համոզմամբ՝ առանց Ռուսաստանի հետ սերտագույն միության Հայաստանը պարզապես չի կարող գոյատեւել որպես պետություն։ Կվերածվի անապատի, որը մաս-մաս կզբաղեցնեն հարեւանները։ Բայց ես վստահ չեմ, որ Փաշինյանն այս հարցը քննարկել է»։ Ապա եւ. «Պարզ ասեմ՝ Ռուսաստանին սա հետաքրքիր չէ։ Բայց սա հետաքրքիր պետք է լինի Հայաստանին, ու այս հարցը Հայաստանը պետք է դնի։ Եվ ոչ ոք չի մտածում այն մասին, որ Հայաստանը պետք է փրկել որպես պետություն, որը հեռու է։ Ու սա Ռուսաստանին հասկացնելու համար, հայաստանյան իշխանությունը պետք է ոչ թե Ֆրանսիային սիրաշահի, ոչ թե նրան ամուսնության առաջարկ անի, այլ բացատրի այս ամենը Ռուսաստանին։ Բայց Հայաստանում քաղաքական շրջանակներում աճում են տրամադրությունները, որ կարելի է հրաժարվել Ռուսաստանից, գտնել նրան այլընտրանք՝ ի դեմս Ֆրանսիայի։ Խնդրեմ, որոնեք եւ գտեք այդ այլընտրանքը՝ ի դեմս Ֆրանսիայի»։ Ահա այսպես՝ մարտական տոնով ասել էր ռուս քաղաքագետը։ Ամեն դեպքում, պարոն Կոլերովն ասել էր, թե այս հարցում Ռուսաստանը չեզոք դիրքորոշում ունի։ 

Երեկ այս հարցի շուրջ խոսեցինք նաեւ ՌԴ պետդումայի պատգամավոր, Լազարեւյան ակումբի անդամ Կոնստանտին Զատուլինի հետ։ Հարցրինք՝ ՌԴ քաղաքական ու քաղաքագիտական շրջանակներում նման հարց քննարկվո՞ւմ է, թե՞ ոչ։

Կոնստանտին Զատուլինն ասաց. «Այս հարցը տալիս եք բավականաչափ ոչ պատեհ պահի, երբ ես այդ շրջանակներից հեռու եմ՝ զբաղված եմ Պետդումայի ընտրություններով։ Այս հարցի շուրջ խոսելիս պետք է դիտարկել հետեւյալը՝ կա՞ն արդյոք պաշտոնական օրակարգեր, ինչ-որ քննարկումներ։ Ոչ, որովհետեւ չկա պաշտոնական հայտ։ Թե չէ, եթե մարդիկ ինչ-որ բանի մասին խոսում են, իհարկե, խոսում են, քննարկում»։