Այն քաղաքական վեկտորը, որն իշխանությունը որդեգրել է, մեզ նոր արհավիրքի առաջ է կանգնեցնելու

Այն քաղաքական վեկտորը, որն իշխանությունը որդեգրել է, մեզ նոր արհավիրքի առաջ է կանգնեցնելու

Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի հետ

- Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը դիտարկելիս տպավորություն է, թե նա հայտնվել է երկու քարի արանքում։ Մի կողմից՝ ռուսական կողմնորոշումն է եւ Ռուսաստանին հաճոյանալուն ուղղված քայլերը, մյուս կողմից՝ Արեւմուտքը եւ արեւմտյան գերտերությունների թելադրանքով արված քայլերը։ Նոյեմբերի 9-ից հետո թեեւ մեր երկիրը հիմնականում ռուսական ազդեցության դաշտում է հայտնվել, եւ Փաշինյանն էլ լռելյայն կատարում է հյուսիսից եկող հրահանգները, բայց երբեմն-երբեմն ռեւերանսներ է անում դեպի Ֆրանսիան, ԱՄՆ-ն, արեւմտյան կառույցները։ Ասենք՝ Ֆրանսիային է դիմում ՀՀ սահմանին խաղաղարարների տեղակայման հարցով, Վրաստան է այցելում եւ հարյուրերորդ անգամ շնորհակալություն հայտնում Վրաստանի եւ ԱՄՆ կառավարություններին՝ ընտրությունների նախորդ օրը 14 հայ գերիների վերադարձի համար, որը, ակնհայտորեն, արվեց ընտրություններում նրան աջակցելու համար։ Ապա այցելում է վրաց-ռուսական պատերազմում զոհվածների շիրիմներին՝ շարժելով ռուսական կողմի զայրույթը։ Բայց նաեւ ռուս-բելառուսական «Արեւմուտք-2021» զորավարժություններին է ՀՀ զորամիավորում գործուղում, նրա նախարարները, դատախազը հերթով այցելում են Ռուսաստան, եւ ողջ պետական համակարգը գործում է Ռուսաստանի ֆորպոստի ռեժիմում։ Ձեր կարծիքով, պատերազմից հետո վարվող այս «կոմպլեմենտար» քաղաքականությունը որքանո՞վ է նպաստում Հայաստանի եւ Արցախի անվտանգային խնդիրների լուծմանը։

- Սա ամենեւին էլ կոմպլեմենտար քաղաքականություն չէ, սա պետական ինքնասպանության տանող «քաղաքականություն» է։ Ներկայիս իշխանությունները ո՛չ կարողանում են ադեկվատ գնահատել իրավիճակը, ո՛չ էլ արձագանքել դրան։ Թուրքերի հետ, այսպես կոչված, «խաղաղասիրական քաղաքականությունը» միայն ու միայն կտրուկ վտանգներ է գեներացնում Հայաստանի համար։ Անհնար է ձեւավորել խաղաղասիրական մթնոլորտ, երբ քո թշնամիները բացահայտ հայտարարում են, որ պատրաստվում են քո դեմ պատերազմի։ Ես չեմ ուզում մեջբերումներ անել Ալիեւից ու մյուսներից, բայց նոյեմբերի 9-ից հետո մինչ օրս եւ հենց այս օրերին ՀՀ սահմանների մոտ անցկացվում են զորավարժություններ՝ թուրք-ադրբեջանական տեռորիստական խմբավորումների կողմից։

Կներեք, այս իրավիճակում ի՞նչ խաղաղության մասին է խոսվում մարդկանց հետ, որոնք հայտարարում են, որ անգամ հայկական անվանումներն են արգելում արտաբերել իրենց երկրում։
Երբ որ դու հրաժարվում ես քո ազգային եւ պետական շահերից՝ պնդելով, թե կարեւորն այն է, որ պատերազմ չլինի, դու մոտեցնում ես պատերազմը։ Որովհետեւ պատերազմը ոչ միայն ռումբերն են, այլ տնտեսական բնույթ է կրում, եթե դու հանձնում ես քո հարավային ճանապարհը, որի Գորիս-Կապան ճանապարհը թուրքը ցուցադրաբար փակեց երկու օրով, կոլապսի  առաջ էինք, չէ՞, կանգնում։ Իմիջիայլոց, այդ ազդակը մեզ չէր ուղղված, այլ՝ Ռուսաստանին ու Իրանին։
Ադրբեջանն ու Թուրքիան ակնհայտ ցույց են տալիս, հայտարարում, որ իրենք չեն դիտարկում Հայաստանը որպես տարածաշրջանում քաղաքական գործոն, իրենք դիտարկում են ընդամենը որպես խոչընդոտ Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ ակնկալվող երկարաժամկետ միավորմանը։ Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ այս մարդիկ խոստովանում են, որ իրենց հիմնական նպատակը թուրքերին եւ ադրբեջանցիներին Սյունիքում միավորելն է։

- Վերադառնալով Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ տարվող քաղաքականությանը՝ նոյեմբերի 9-ից հետո թվում էր, թե Փաշինյանն անմիջապես գործում է ռուսական գծում, անգամ ՀՀ կադրային նշանակումներն են համաձայնեցվում ՌԴ-ի հետ, վերջին ժամանակները կրկին ռեւերանսներ են նկատվում Արեւմուտքի ուղղությամբ՝ Վրաստան այց, ԵՄ-ից մեծ դրամաշնորհ։ Սա ինչո՞վ եք բացատրում։

- Այն քաղաքականությունը արտաքին ճակատում, որն այս իշխանությունը փորձում է կոչել կոմպլեմենտարիզմ, կոմպլեմենտարիզմ չէ, դա փորձ է՝ երեք-չորս աթոռների վրա միաժամանակ նստելու եւ բոլորին հաճոյանալու։ Այդպես չի լինում։ Դու պարտավոր ես առաջին հերթին պաշտպանել քո պետական, ազգային շահը, եւ դա արտահայտվում է այն կոնտեքստում, որի մասին քիչ առաջ խոսում էի։
Իսկ եթե ուզում ես խաղեր տաս․․․ այ ցավդ տանեմ՝ դու ի՞նչ ռեսուրս ունես, ինչ ունենք-չունենք, մսխել են։

- Մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը ցանկանում է միանձնյա տնօրինել Արցախի կարգավիճակի հարցը, եւ վերջին օրերին հայտարարություններ են հնչում, որ գործընթացը չի կարող դուրս գալ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի շրջանակներից, ասել է թե՝ Մինսկի խումբը, Արեւմուտքը, ԱՄՆ-ն այստեղ անելիք չունեն, հակառակ պարագայում տողատակերում նոր պատերազմի ուղերձներ են հնչում։

- Ռուսաստանը ոչ թե ուզում է իր ձեռքը վերցնել, այլ միակ գերպետությունն է, որի կենսական հետաքրքրությունների տիրույթում է, որ գոյություն ունենան ուժեղ Հայաստան եւ ուժեղ Արցախ։ Ռուսները շատ լավ հասկանում են, որ այն վայրկյանից հետո, երբ թուրքերին կհաջողվի չեզոքացնել Հայաստանի եւ Արցախի քաղաքական դիրքերը տարածաշրջանում, հաջորդ հարվածը լինելու է ՌԴ-ի Հյուսիսային Կովկասը։ Եվ այն քաղաքական վեկտորը, որն այս իշխանությունը որդեգրել է, բոլոր առումներով արհավիրք է։

- Այսինքն, Նիկոլ Փաշինյանը չպիտի՞ երկկողմ քաղաքականություն վարի, պետք է հրաժարվե՞լ Մինսկի խմբից։

- Հենց Մինսկի խմբում պետք է լուծվի հարցը, բայց, կներեք, եթե դու չունես գործիք՝ ազդելու գործընթացների վրա, եւ զուգահեռ ինչ-որ խաղաղության մասին ես խոսում, որը ենթադրում է Հայաստանի Հանրապետության տարածքներից մասշտաբային զիջումներ․․․ Այնպես որ, հենց դրա համար եմ ասում, որ այս իշխանությունն անհասկանալի քաղաքականություն է վարում, որը նոր արհավիրքի առջեւ է մեզ կանգնեցնելու։ 

- Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Փաշինյանի՝ Վրաստան այցի օրերին հայտարարեց, թե Մոսկվայում ուշադիր հետեւում են Հայաստանում եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ պայմանագրի կնքման եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծման հետ կապված քննարկումներին։ Ասել է, որ քաղաքական հարցերի վերաբերյալ հիմնարար տարաձայնությունները դեռ պահպանվում են․ «Այդ պատճառով այս փուլում Մոսկվան կարեւոր է համարում խստորեն պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթները: ՌԴ-ն հույս ունի, որ այդ քայլերը կօգնեն՝ պայմաններ ստեղծելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար»։ Հայաստանի քաղաքական շրջանակները սա բնորոշել են որպես Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ հերթական ճնշման փորձ, ճանապարհների ապաշրջափակում եւ այլն, ինչը նաեւ Արցախի մանդատի միանձնյա տնօրինման հայտ է ենթադրում։

- Պետք չէ դրանք մեկը մյուսի հետ կապել, ՌԴ արտգործնախարար Լավրովն օրեր առաջ հայտարարեց, որ պետք է պարտադիր վերականգնվի բանակցային ֆորմատը։ Ես կարծում եմ, որ այդ հայտարարությունն ավելի վաղ էր, եւ վրացական այցելությանը դեռեւս արձագանք չի եղել։