Նոր իշխանափոխություն, որ կփոխի իրավիճակը

Նոր իշխանափոխություն, որ կփոխի իրավիճակը

Փաշինյանի եւ նրա կառավարության հրաժարականի մասին պահանջ-հայտարարություններ լսվում են գրեթե ամեն օր: Ոմանք նույնիսկ ժամկետներ են նշում՝ 1 ամիս, 2 ամիս, աշնան վերջ եւ այլն: Թե ինչ է մտածում այս մասին Փաշինյանը կամ մտածո՞ւմ է, արդյոք, գիտեն միայն նրա ամենամերձավոր մարդիկ: Մինչդեռ հանրության շրջանում գերակշռում է կարծիքը, որ Փաշինյանին փայտով էլ չես կարող քշել պաշտոնից: Մյուս կողմից՝ հասկանալի է, որ ՀՀ վարչապետի պաշտոնում Փաշինյանի մնալ-չմնալն իր կապրիզներով չի որոշվում, այլ քաղաքական ռեալություններով, գործող իշխանության շուրջ դասավորվածությամբ՝ նպաստավոր կամ աննպաստ:

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում Փաշինյանի շուրջ, եւ որքանով է նա շահագրգիռ, որ իր շուրջ ստեղծվեն քաղաքական նպաստավոր պայմաններ՝ իշխանությունը պահելու համար: Կարծում եմ՝ այս ուղղությամբ Փաշինյանը ոչինչ չի արել: Քաղաքական դաշտում դաշնակիցների բացակայությունը դրա վառ ապացույցն է: Տարօրինակ չէ՞, արդյոք, որ հեղափոխությունից երկու տարի անց որեւէ քաղաքական ուժ համագործակցության առաջարկ չի արել նրան: Առավել տարօրինակ է նաեւ այն, որ հեղափոխության հետ համագործակցության կոչերով խորհրդարան անցած քաղաքական ուժերն այսօր պայքարում են ոչ թե «Իմ քայլի» հետ համագործակցության, այլ այդ ուժի կատաղի ընդդիմությունը դառնալու համար:

Քաղաքական դաշտում Փաշինյանը երբեք դաշնակիցներ չի որոնել՝ համարելով, որ իր դաշնակիցը ժողովուրդն է: Բայց կան քաղաքագիտական հստակ կանոններ, որ ցանկացած իշխանություն, նույնիսկ ամենաժողովրդական, ի վերջո հասնում է մի կետի, գծի, որից այն կողմ սկսում է ժողովրդին չսիրել, որովհետեւ ժողովուրդ ասվածն ունի պահանջներ՝ անվտանգության, աշխատանքի, սոցիալական, առողջապահական, կրթական եւ այլն: Եվ իշխանությունը, բախվելով այդ խնդիրներին ու չկարողանալով հաղթահարել դրանք, սկսում է հիասթափվել իրեն իշխանության բերած ժողովրդից: Ժողովրդին ինչքան էլ բացատրես, նա չի հասկանում իր եւ իշխանավորների կենսամակարդակների տարբերությունը, զանազան պատրվակներով պետական բյուջեից միլիարդավոր դրամների մսխումները, վարդագույն խոստումների դրժումը: Փաշինյանն ի՞նչ էր խոստանում: Խոստանում էր խաղաղություն՝ ունենք պատերազմ, խոստանում էր համաշխարհային ստանդարտներով առողջապահություն՝ ունենք չհաղթահարվող համաճարակ, խոստանում էր նոր գիտակրթական ծրագրեր՝ ունենք փակվող գիտությունների ակադեմիա, խայտառակ բուհական եւ դպրոցական կրթություն, խոստանում էր ազգային արժեքների ամրապնդում՝ ունենք հասարակության այլասերում եւ արատավոր բարքերի տարածում: Փաշինյանը խոստանում էր, որ պետական պաշտոնյան դառնալու է ժողովրդի ծառան: Փոխարենն ունենք հակառակ պատկերը՝ ժողովուրդը պետք է ծառայի, որ պաշտոնյան միլիոնավոր դրամներով աշխատավարձ ու պարգեւավճար ստանա:

Փաշինյանը խոստանում էր ասֆալտին փռել այն պաշտոնյային, որ կհանդգներ չընդունել եւ չլսել ՀՀ հպարտ քաղաքացուն: Այսօր փորձեք հանդիպել որեւէ նախարարության «պիսըրի»… Չի հաջողվի: Այս իրավիճակում բոլորովին կարիք չկա հիստերիկ ցնցումների մեջ ընկնել՝ վարկանիշի կտրուկ անկումից, սոցիալական ցանցերում պախարակվելուց, ստեպ-ստեպ պայթող բողոքի ցույցերից եւ սաստկացող քննադատությունից: Այս ամենը բնական է եւ ցույց է տալիս, որ Փաշինյանի պոպուլիստական իշխանությունն այլեւս հատել է ռուբիկոնը, որից հետո սկսվում են դժվար ժամանակներ, երբ պետք է այլեւս լող տալ ոչ միայն առանց քաղաքական դաշնակիցների, այլեւ առանց ժողովրդի անվերապահ աջակցության: Այս փուլում է, որ Փաշինյանի համար պարզ կդառնան այն սխալները, որ նա գործել է վերջին երկու տարում՝ հույսը դնելով դրսից սնվող խիստ կասկածելի ՀԿ-ների եւ անգամ անհատների վրա: Դրա արդյունքը սա է, պարոն Փաշինյան՝ Ձեզ չեն ընդունում ո՛չ Արեւմուտքում, ո՛չ Ռուսաստանում, Ձեզ չեն ընդունում ո՛չ հայաստանյան քաղաքական ուժերը, ո՛չ Հայաստանի ժողովուրդը: Խփված խաղաթուղթ՝ սա է Ձեր իսկական կարգավիճակը, որից ազատում այլեւս չկա:

Ահա, այս իրավիճակում Փաշինյանը պետք է որոշի՝ մնա՞լ, ձգե՞լ իր անփառունակ կառավարումը, թե՞ օր առաջ հեռանալ եւ այդկերպ երկիրը հեռու պահել նորանոր կատակլիզմներից, որոնք, անկասկած, պատուհասելու են մեզ այսպես շարունակելու դեպքում: Դեռեւս հայտնի չէ, թե երբ կանգ կառնեն Թուրքիան եւ Ադրբեջանը, եւ դեռ որքան կարող ենք դիմակայել նրանց նկրտումներին, եթե շուտափույթ միջոցներ չձեռնարկվեն միջազգային հանրության եւ դաշնակից երկրների ուժերով նրանց լռեցնելու համար: Միանգամայն անհասկանալի է, թե մենք ինչպես կարող ենք փրկել տնտեսությունը վերջնական կրախից, երբ գործող իշխանությունն էլ իր հերթին է շրջափակում երկիրը՝ անվերջանալի կարանտիններով ու ներդրումներ բերելու անկարողությամբ: Մենք չգիտենք, թե ինչ հասարակություն ենք ունենալու վաղը, եթե այսօր արդեն անդառնալիության աստիճան պառակտված ենք բանակների, եթե այսօր հալածվում ու հետապնդվում են մեր հասարակությանը պիտանի մարդիկ, եւ մեծարվում խառնակիչներն ու ստահակները: Այս ընթացքը պետք է կասեցնել, իսկ դա անել կարող է նաեւ Փաշինյանը՝ չսպասելով, որ իրեն անփառունակ ձեւով հեռացնեն իշխանությունից: Իսկ որ Փաշինյանին պետք է հեռացնել, երկու կարծիք լինել չի կարող: Նա իշխանության էր եկել սիրո եւ հանդուրժողականության կոչերով, բայց վերածվել է մի անճարակ բռնապետիկի, որն իր ներկայությամբ խոչընդոտում է երկրի զարգացումն ու առոչինչ դարձնում ժողովրդի՝ երբեւէ նորմալ ապրելու հույսերը: Ստիպված եմ հիշել ՀՀ առաջին նախագահի հայտնի խոսքերը՝ «Պողոս ջան, դու լավ չես ապրելու, քանի դեռ Փաշինյանը կլինի վարչապետ»:

ՀԳ. Սահմանադրական դատարանն այն վերջին ժայռաբեկորն էր, որին զարնվելով՝ փշուր-փշուր էին լինում թավշյա հեղափոխության կործանարար ալիքները: ՍԴ-ն էլ Փաշինյանը դրեց գրպանը՝ մարտահրավեր նետելով աշխարհի իրավական պետություններին: Հայաստանը դարձավ առավել անհասկանալի եւ առավել անվստահելի երկիր, իզգոյ պետություն, որի փրկության հույսն իր ազգային բանակն է, մի բուռ ժողովուրդն ու Սփյուռքը: Վատատես չլինենք, սակայն: Մեր պատմության մեջ շատ ավելի ծանր վիճակներից ենք ելքեր գտել: Այժմ էլ կա այդ ելքը: Նույնիսկ՝ երկուսը: Կա՛մ Փաշինյանն է արագ հեռանում եւ միավորում մեզ, կա՛մ մենք ենք միավորվում եւ հեռացնում նրան: