Մարգարիտա Սիմոնյանի յոթ մեղքերը

Մարգարիտա Սիմոնյանի յոթ մեղքերը

Russia today հեռուստաընկերության եւ Sputnik տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի՝ ՀՀ իշխանություններին ուղղված ֆեյսբուքյան գրառումն ալեկոծել է հայ ժողովրդին՝ Հայաստանում եւ Սփյուռքում, վիրտուալ տիրույթում եւ իրական կյանքում: Ռուսաստանցի հեռուստալրագրողի գլխին հայերի զայրույթն ու վիրավորանքները թափվում են, ինչպես դժոխքում երկրային մեղքերն են թափվում մեղավորների գլխին: Մարգարիտա Սիմոնյանն իրականում հայտնվել է երկրային դժոխքում, ավելի ճիշտ՝ ֆեյսբուքյան դժոխքում, դրա համար մեղադրելով ՀՀ իշխանություններին. «Ձեր համացանցային զորքերը գոմաղբով աղտոտել են իմ սոցցանցերը՝ պահանջներով (բռի եւ ագրեսիվ ձեւով) «իմ դիրքորոշումն արտահայտել» ադրբեջանական հարձակման մասին: 

Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե Մ. Սիմոնյանի դիրքորոշումը ՀՀ հեղափոխական իշխանությունների ինչին էր պետք, մանավանդ նրանից հայանպաստ եւ մոսկովյան դիրքորոշումից տարբեր դիրքորոշում սպասելն անօգուտ է. իր աչառու հեռուստատեսային թոք-շոուներում նա միշտ ինքնամոռաց պաշտպանել է պաշտոնական Մոսկվայի, ավելի որոշակի՝ ՌԴ նախագահ Վլ. Պուտինի քաղաքական ուղեգիծը: Նա մոսկովյան շահերն ինքնամոռաց պաշտպանում էր նաեւ ռուս-ուկրաինական դիմակայության տարիներին, որի հետեւանքով 2014թ. ռուսաստանցի 48 լրագրողների հետ Մ. Սիմոնյանի մուտքն Ուկրաինա արգելվեց: 

Հայկական ազգանունով, ռուսական շահերին եւ սեփական բարեկեցությանը նվիրված, ռուսական գավառական քաղաքից իր «մոսկովյան երազանքին» հասած Մարգարիտա Սիմոնյանը վերջերս դարձյալ պնդել է՝ «իմ հայրենիքը Ռուսաստանն է. ես այլ հայրենիք ունենալ չեմ կարող»: 
Հուլիսի 18-ի ֆեյսբուքյան աղմկահարույց գրառմամբ նա տրորեց հայ ժողովրդի արժանապատվության զգայուն նյարդը: Մարգարիտա Սիմոնյանն ինքը բացեց դժոխքի դուռը՝ իր գրառմամբ բացահայտելով թե՛ իր, թե՛ Պուտինի ցասումը հայ ժողովրդի հանդեպ: 
Մ. Սիմոնյանը ֆեյսբուքյան դժոխքում հայտնվեց նաեւ ճշմարտության դեմ մեղանչելու պատճառով, իսկ ճշմարտության որոնումները երկրային կյանքում քաղաքական լրագրողի առաքելությունն են, եւ լրագրողի համար անտեղյակ ձեւանալը, իրականությունը խեղաթյուրելը եւս մեղք է: Մ. Սիմոնյանը դժոխքում է հայտնվել իր յոթ մեղքերի պատճառով, որոնք եթե անգամ աստվածաշնչյան չեն, ապա քաղաքական են: 

Յոթերորդ մեղքը զայրույթն ու ցասումն է, որ այդ գրառումը պարուրել են անսքող ցինիզմով եւ ատելությամբ՝ հայ ժողովրդին որակելով «դժբախտ եւ առանց այն էլ անհետացող»: Հայ ժողովրդի հարատեւությանը Մ. Սիմոնյանը կարող է եւ կասկածել, սակայն նրա կասկածները պոռթկում են այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը սկսել է ապավինել սեփական ուժերին՝ լրջորեն կասկածելով հայ-ռուսական հարաբերությունների հավերժությանը: 2016թ. ապրիլյան պատերազմից հետո հայ ժողովուրդն այլեւս չի վստահում այդ հարաբերություններին: Սիմոնյանի՝ պուտինյան ցասումը պայթեց այն օրերին, երբ հայ զինվորները Հայաստանի սահմանները պաշտպանում էին հրետակոծություններից՝ ոչ միայն հետ մղելով ռուսական զենքով մինչեւ ատամները զինված թշնամուն, այլեւ առաջ ընթանալով: 

Ի վերջո, Հայաստանը Մ. Սիմոնյանի հայրենիքը չէ, եւ նա կարող է ռուսական եկեղեցիներում աղոթել, որ Բարձրյալն իրեն ազատի իր յոթերորդ մեղքից՝ հայ ժողովրդի հարատեւությանը կասկածելուց: 

Վեցերորդ մեղքը Հայաստանի ներքին գործերին խառնվելու ռուսական տենդագին ձգտումն է: Սիմոնյանի զայրալից գրառմամբ Մոսկվան իր բողոքն է հայտնում, որ ներհայաստանյան գործընթացները դուրս են եկել իր վերահսկողությունից: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը եւ դատական գործընթացը հունից հանել են Մոսկվային: Սիմոնյանն իր գրառմամբ բացահայտում է այն, ինչ արդեն հայտնի էր՝ Քոչարյանը «Ռուսաստանի անդավաճան դաշնակիցն է»: Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի ռուսագիծ քաղաքականությունը ծնել է Մոսկվայի «անդավաճան դաշնակիցներին»՝ Տեր-Պետրոսյանին՝ հայ-ռուսական Մեծ պայմանագրի ստորագրմամբ, Քոչարյանին՝ «Գույք պարտքի դիմաց» գործարքով, Սարգսյանին՝ ՀՀ-ում ռուսական հենակետերի տեղակայման ժամկետի երկարաձգմամբ եւ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությամբ: 
Երեւանում կադրային նշանակումների իրավունք ունեցող Մոսկվայի առջեւ այժմ դուռը փակվել է Հայաստանի ներքին գործերին չխառնվելու պահանջով, թեպետ ՀՀ արտաքին քաղաքականությունը նույնքան միագիծ է մնացել: 

ՀՀ նոր իշխանությունները Հայաստանում շատ բան են ձախողել՝ քաղաքական փոփոխություններից մինչեւ համաճարակի դեմ պայքարը, սակայն նրանց իշխանությանն աջակցելը կամ իշխանությունից հեռացնելը մեր՝ ՀՀ քաղաքացիների ներքին գործն է: Մոսկվային՝ ՀՀ «ներքին գործերին» միջամտելու իրավունք վերապահելու ինքնամոռաց ձգտումը Մ. Սիմոնյանի վեցերորդ մեղքն է:

Հինգերորդ մեղքը Ռուսաստանում իշխանությունը տապալելու՝ հայ հեղափոխականներին ուղղված մեղադրանքն է, թեպետ ՀՀ իշխանությունները սեփական հեղափոխությունը չեն կարողանում ավարտին հասցնել: Խաբարովսկում Պուտինի քաղաքական ուղեգծի, նրա իշխանության հավերժացման դեմ իրականացվող բողոքի միջոցառումները ենթադրել են տալիս, որ Ռուսաստանում հեղափոխական շարժում է խմորվում: Հեղափոխություններն ընդլայնվելու եւ տվյալ պետության սահմաններից դուրս գալու հետագիծ են միշտ թողնում: Մ. Սիմոնյանը դրանից է անհանգստանում, թե չէ՝ մեր հեղափոխականները սեփական իշխանությունը պահպանելու եւ ամրացնելու խնդիր ունեն, եւ նրանց «Ռուսաստանում իշխանությունը տապալելու փորձերի» մեջ մեղադրելը նոր մեղք է ավելացնում Սիմոնյանի փխրուն ուսերին: 

Չորրորդ մեղքը Հայաստանին, ՀՀ իշխանություններին հակառուսականության մեջ մեղադրելն է՝ «Հայաստանը Կովկասում հակառուսական պլացդարմ դարձնելը»: Ռուսական երբեմնի ֆորպոստը՝ Հայաստանը, ապրիլյան պատերազմից հետո ապստամբել է՝ հրաժարվելով ֆորպոստի իր կարգավիճակից: Սա՛ է մտահոգում Մոսկվային, որը նաեւ մեծ մեղք է գործում հայ ժողովրդին այլատյացության մեջ մեղադրելով: Մոսկվան իրականում սեփական հակահայկականություն է փորձում քողարկել: Այն հակահայկականությունը, որ դրսեւորվեց Հայաստանում տեղակայված ռուսական ռազմահենակետի ռուս զինվորների կողմից ՀՀ քաղաքացիների սպանություններով: Այն հակահայկականությունը, որը դրսեւորվում է հայ ժողովրդի ազգային հերոսի՝ Գարեգին Նժդեհի պատմական ժառանգության եւ նրա հուշարձանների դեմ ռուսական արշավանքով, որն ամբողջացավ ռուս նահանգային պատգամավորի կողմից հուշարձանի վրա սեւ ներկ լցնելով: Այն հակահայկականությունը, որ պահանջում է ռուսերենին Հայաստանում պետական լեզվի կարգավիճակ տալ: 

Երրորդ մեղքը Ղրիմի բռնակցումը չճանաչելն է, թեպետ ՀՀ նախկին եւ ներկա իշխանությունները սարսափահար երկու անգամ ՄԱԿ-ում «դեմ» են քվեարկել «Ղրիմի անեքսիան» դատապարտելու՝ ուկրաինական բանաձեւին՝ վտանգելով հայ-ուկրաինական հարաբերությունները: Մոսկվան եւ նրա շահերի սպասարկու Մ. Սիմոնյանը պահանջում են, որ Հայաստանն անմնացորդ աջակցի ռուսական արկածախնդրությանը՝ դառնալով դրա պատանդը: 

Երկրորդ մեղքը հայ-ռուսական հարաբերությունների խիստ պարզունակացումն է, առկա խնդիրներն անտեսելը, հայկական շահերը ռուսական շահերին ստորադասելու ձգտումը: Մոսկվան Երեւանից անմնացորդ հպատակություն է պահանջում՝ ձաղկելով այդ հպատակությունը թոթափելու անգամ երկչոտ ձգտումները: Հայ-ռուսական հարաբերությունների ներկա բնույթով Ռուսաստանն իրականում սպառնալիք է դարձել Հայաստանի ինքնիշխանության համար:
Հայ-ռուսական հարաբերությունների հայկական ընկալումները ձեւավորվել եւ ամրակայվել են գրականությամբ՝ Աբովյանի «օրհնվի էն սհաթով», Բակունցի Արթին պապի՝ ռուսաց թագավորին նամակ գրելով, Զ. Բալայանի՝ Ռուսաստանի սեփական շահերը եւ դրանցում հայ ժողովրդի կարեւորությունը բացատրելով: 

Ղարաբաղյան Շարժումը քանդեց այդ հարաբերությունների ընկալման պատմական դոգմաները: Հետագա տարիներին Հայաստանում հաստատված ռուսական ազդեցիկ գործոնը սկսեց սասանվել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցման եւ ԵՄ Ասոցացումից հրաժարվելու ռուսական պարտադրանքով, իսկ 2016թ. ռուս-ադրբեջանական պատերազմի սադրանքը ցնցեց հայ-ռուսական հարաբերությունները: 
Ռուսական կայսերական ձգտումներին Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության հաշվին աջակցելը Մ. Սիմոնյանի երկրորդ մեղքն է:

Առաջին մեղքը Հայաստանի թշնամուն՝ Ադրբեջանին, ռուսական սպառազինությունների մատակարարումն է: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանն անվերջ զինում է կողմերին, առավելապես՝ Ադրբեջանին, այն դեպքում, երբ մյուս երկու համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, հետեւելով ԵԱՀԿ հանձնարարականներին, հրաժարվել են զենք մատակարարել կողմերին: Մոսկվան զենքի վաճառքը համարում է բիզնես եւ Ռուսաստանի «ներքին գործը»: Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումներն այժմ հինգ անգամ գերազանցում են Հայաստանի գնումներին:
Հակամարտության ռազմականացումը, Ադրբեջանի եւ Թուրքիայի զինումը Մինսկի խմբի անդամ Ռուսաստանի հիմնական մեղքն է, որի տակ կքել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները: 

Եվ մինչ Մարգարիտա Սիմոնյանը ստորագրություններ է հավաքում հաջակցություն իր գրառման, մինչ հայկական ծիրանը ոտնատակ է տրվում՝ դուրս մղվելով ռուսական շուկաներից, հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ ձեւով՝ ռազմավարական, բովանդակությամբ՝ կնճռոտ: