Հարավային Կովկասն ու Ուկրաինական ճգնաժամը․ 4-րդ մաս

Հարավային Կովկասն ու Ուկրաինական ճգնաժամը․ 4-րդ մաս

Վրացական հասարակությունը, ի տարբերություն հայ հանրության, իր հերթին հիմնականում բացասաբար է տրամադրված Ռուսաստանի գործողությունների հանդեպ։ Դա զգացվում է նաեւ Վրաստանում ռուս միգրանտների նկատմամբ վերաբերմունքի մեջ, ի տարբերություն Հայաստանի։ Վրացական հասարակությունը շատ ավելի քիչ է ուրախ ռուսների՝ իրենց երկիր ժամանելով, եւ հիմա արդեն բազմաթիվ այլատյացության դեպքեր են գրանցվում Վրաստանում՝ թեկուզ եւ կենցաղային մակարդակում։ Թվիլիում հաճախակի տեղի են ունենում հակառուսական եւ Ուկրաինային աջակցող ակցիաներ, քանի որ վրացիները հիմնականում համերաշխ են ուկրաինացիների հանդեպ, քանի որ իրենք էլ «կորցրել են տարածքներ»՝ Աբխազիան եւ Հարավային Օսեթիան, եւ «ենթարկվել են ռուսական ագրեսիային 2008 թվականին։  

Վրացական կառավարությունը, սակայն ավելի չափավոր կեցվածք է որդեգրել, հայտարարելով, որ հրաժարվում է միանալ հակառուսական սանկցիաներին եւ միայն որոշ քիչ սահմանափակումներ է սահմանում բանկային ոլորտում։ Վրացական կառավարության եւ անձամբ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այս կեցվածքը պայմանավորված է այն հանգամանքով, որ Վրաստանը տնտեսապես կախված է Ռուսաստանից, եւ մյուս կողմից էլ անվտանգության հետ կապված հարցերն են դամոկլյան սրի նման կախված նրանց վրա։ Բանն այն է, որ եթե Թբիլիսին բացահայտ պաշտպանի Ուկրաինային, ապա ամբողջապես կարձակի Ռուսաստանի ձեռքերը՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ինտեգրացիայի հարցում։ Արեւմուտքը դրան խանգարել չի կարող, եւ միայն կսահմանափակվի ֆորմալ դատապարտողական հայտարարություններով, իսկ ինքնուրույն կերպով Վրաստանը Ռուսաստանին կանգնեցնել չի կարողանա։  

Դա անխուսափելիորեն կբերի գործող կառավարության հրաժարականին եւ վրացական սոցիալ-քաղաքական իրողությունների ցնցումներին, չխոսելով արդեն հնարավոր տնտեսական եւ այլ խնդիրները։ Ռուսաստանի համար այստեղ յուրօրինակ «մահակ» էին հանդիսանում Հարավային Օսեթիայի նախագահական ընտրությունները, որտեղ թեկնածուներից մեկը, արդեն նախկին նախագահ Բիբիլովը ուղիղ խոստացել էր անցկացնել հանրաքվե՝ ՌԴ կազմ մտնելու համար։ 
Այն, որ ընտրությունները նա տանուլ տվեց, իսկ նոր ղեկավար Ալան Գագլոեւը դեռեւս մտադիր չէ այս հարցը առաջ տանել, խոսում է այն մասին, որ Մոսկվան ու Թբիլիսին «իրար հասկացել են» եւ բավարարված են տվյալ պահին՝ մեկմեկու որդեգրած կեցվածքներից։ 

Այսպիսով, Հարավային Կովկասի երկրներն ուղղակիորեն կախված են Ուկրաինական իրադրությունից եւ ռուսական հատուկ գործողություններից եւ այդ համատեքստում այստեղ ոչ միանշանակ գործընթացներ են ուղեգծվում։ Ադրբեջանը փորձում է բազմավեկտորայնություն կառուցել, Հայաստանում կառուցում են անայլընտրանք ռուսամետ ապագա, իսկ Վրաստանում էլ վերաբերմունքը Մոսկվայի հանդեպ պրագմատիկ է, թեեւ ֆորմալ առումով բավական չեզոք ու թշնամական։ Ռուսաստանի հաղթանակն անշուշտ կամրացնի Հայաստանի եւ ռեգիոնի չճանաչված պետությունների դիրքերը։ Սակայն եթե Ռուսաստանն հանկարծ պարտվի, ապա կուժեղանան կենտրոնախույս տրամադրությունները Ռուսաստանի հանդեպ, առաջացնելով հիմքեր, որպեսզի ռեգիոն ավելի հեշտ կերպով թափանցի Թուրքիան, ինչպես նաեւ՝ անուղղակիորեն՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն

Անտոն Եվստրատով