Մեռյալ խաղաղության պայմանագիր

Մեռյալ խաղաղության պայմանագիր

Արդեն նույնիսկ կասկածի ենթակա չէ, որ նիկոլական 29 800 քառ/կմ-ն լինելու է ոչ թե իրական, այլ՝ վիրտուալ Հայաստանի չափը: Իրականի չափը 200 քառ/կմ-ով պակաս է, ինչպես խոստովանել է բախտի բերմամբ ԱԳ նախարարի պաշտոնին հայտնված Միրզոյան Արարատը: Բայց կոնկրետ այս հարցում Արոյի մեղքը բացակայում է՝ ինքն ընդամենը արձանագրել է կայացած փաստը: Իսկ տարածքները թշնամուն հանձնել է «խեղճ հարիֆի» վերածված երբեմնի «դուխով» Նիկոլը: Բայց այդ տարածքների հանձնումն էլ նվազագույնն է, որ կատարել եւ դեռեւս կատարելու է երբեմնի «ժողվարչապետը»: Ինչպես բազմիցս է ասվել, հերթում «Զանգեզուրի միջանցքն» է: Կամ, ըստ թշնամի երկրի ղեկավարի եզրաբանության, «Արեւելյան Զանգեզուրի եւ Նախիջեւանի միջեւ կապ հաստատելը»: Ինչը, բնականաբար, պետք է տեղի ունենա «Արեւմտյան Զանգեզուրի», այսինքն՝ Հայաստանի Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերի միջով: 
Մեկ անգամ եւս արձանագրեմ՝ դա ես կամ ինձ նման մտածողները չեն հնարում, այդ ամենը ծրագրվում է թշնամի երկրի ղեկավարի կողմից: Իսկ վերջինիս ծրագրերը 2020 թվականից այս կողմ կյանքի կոչվելու ընդունակությամբ են օժտված: Ինչը, զարմանալիորեն, չի ընկալվում այն անձանց կողմից, որոնց կյանքի նպատակն այս ժամանակահատվածում ամեն գնով Նիկոլին պաշտպանելն է: Ու զուգահեռաբար Նիկոլի ազգակործան քայլերը մերկացնող անձանց անարդարացիորեն մեղադրելն ու հայհոյելը: Հանուն Նիկոլից ստացած փողի կամ սեփական անխելքությամբ պայմանավորված. դա արդեն էական չէ:

Թշնամի երկրի ղեկավարի եւ նրա ստորադասների հայտարարություններին հետեւելը հանգեցնում է մի տխուր մտքի. խաղաղության պայմանագիրը ստորագրվի, թե ոչ՝ այն լինելու է մեռյալ: Որովհետեւ Ալիեւ Իլհամի պահանջները հաստատուն են ճիշտ այնպես, ինչպես Նիկոլի կողմից պարտվողական խաղաղություն մուրալը: Իսկ դա նշանակում է, որ «Զանգեզուրի միջանցքին» զուգահեռ կամ դրանից հետո կյանքի է կոչվելու նախորդ դարի 80-ականների վերջին Հայաստանը լքած ադրբեջանցիների վերադառնալու ծրագիրը: Համենայնդեպս, այդ երկու ծրագրերն Իլհամը ոչ միայն հայտարարում է ներքին սպառողի համար, այլեւ անընդհատ ներկայացնում է Ադրբեջան այցելած արեւմտյան չինովնիկներին: Նպատակը, բնականաբար, այն ընդունելի դարձնելու մեջ է: Որպեսզի դա էլ ընդունեն այնպես, ինչպես ընդունեցին Արցախի հայաթափումը: Ինչն արվել է, օրինակ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ հանդիպման ժամանակ: Հընթացս, Իլհամը մեղադրում է Հայաստանին 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ: Իսկ տիկին Կաուման, բնականաբար, չէր հերքելու Իլհամի ծրագրերը եւ կամ նրան չէր հակաճառելու՝ ասելով, որ 2023 թ. սեպտեմբերի 19-ի ագրեսիայով Ադրբեջանը չեղարկել է եռակողմ հայտարարությունը, դրա դրույթներն ու երկկողմանի պարտավորությունները:
Ինչպես երեւում է, Նիկոլի արեւմտյան հովանավորողները չեն պաշտպանելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Ստացվեց, որ Նիկոլի վարչապետության շնորհիվ ռուսներին դարձանք թշնամի, իսկ Արեւմուտքն էլ թքած ունի Հայաստանի վրա: Նրան անհրաժեշտ է ընդամենը Ռուսաստանին այստեղից քշելը: Իսկ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չեն պահպանվելու նաեւ մեռյալ խաղաղության պայմանագիր կնքելու միջոցով: 

ՀԳ. Նիկոլին ի գիտություն. Վրաստանի իշխանությունները բացատրել են հակառուսական պատժամիջոցներ կիրառելուց իրենց հրաժարումը։ «Մենք չենք կարող մեզ թույլ տալ վտանգելու մեր քաղաքացիների կյանքը և երկրի տնտեսությունը։ Ոչ մի երկիր, այդ թվում՝ Եվրամիության անդամ որևէ երկիր, դա չի անի։ Նրանք միշտ համեմատում են պատժամիջոցների հետևանքները, երբ որոշում են դրանք կիրառել»,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Նա ընդգծել է, որ այսօր աշխարհում չկան երկրներ, որոնք Վրաստանին անվտանգության երաշխիքներ կտային։ Այս առումով երկիրը կախված է միայն ինքն իրենից։