Սպորտը տարիք չի հարցնում․ հայկական սպորտի ապագան

Սպորտը տարիք չի հարցնում․ հայկական սպորտի ապագան

Մեծ սպորտի խոշոր ստուգատեսներում հաջող ելույթների հարուստ փորձ ունեցող անվանի վետերանները հաճախ են խոստովանություններ անում մարզիկների տարիքային առանձնահատկությունների մասին եւ գրեթե միշտ ընդգծում փորձառու, բայցեւ որոշակի տարիքի հասած մարզիկների ճիշտ ժամանակին ու հանդիսավորությամբ հանգստի ուղարկելու, խոստումնալից փոխարինողների ասպարեզ բերելու խնդիրը: 

Ինչ խոսք, հարուստ փորձ կուտակած մարզիկների օգտակարությունը միշտ բարձր է՝ հատկապես խաղերում նուրբ հնարքներ օգտագործելու, գրագետ փոխանցումներ անելու առումով: Սակայն երիտասարդների սրընթաց վազքը եւ վստահ պայքարն էլ են վճռորոշ դեր կատարում: Շատերը եկել են այն համոզման, որ հատկապես բարձրակարգ ստուգատեսներում ակտիվ դերակատարումը կարող է տեւել միջինը 15 տարի: Բայց ճիշտ է եւ այն, որ դա պայմանական թիվ է: Բազում օրինակներ կարելի է բերել, երբ մարզիկն ավելի հասուն տարիքում էլ է կարողանում միաժամանակ ու շահավետ օգտագործել ե՛ւ տեխնիկական նուրբ հմտությունների փորձը, ե՛ւ ֆիզիկական ուժը, ե՛ւ սլացիկ վազքը: Դե, ասացեք, խնդրեմ` ո՞ւմ մտքով կանցներ, որ 36- ամյա արգենտինացի Լիոնել Մեսսին այս տարի ութերորդ անգամ կճանաչվի աշխարհի թիվ մեկ ֆուտբոլիստ:

Իսկ ինչո՞վ է նրանից պակաս 37-ամյա պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուն, ով այսօր, հանդես գալով Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» թիմում, «Ֆորբս» ամսագրի վերսիայով ճանաչվել է աշխարհի այս տարվա ամենահարուստ ֆուտբոլիստ, որի տարեկան վաստակը կազմել է 260 միլիոն դոլար: Ի դեպ, Ռոնալդու անունն էլ նրան տրվել է ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի պատվին: Շատ տարօրինակ է եւ այն, որ հանրահայտ ֆուտբոլիստը ծնվել է անչափ աղքատ ընտանիքում` հայրը հարբեցող է եղել եւ շուտ է հրաժեշտ տվել կյանքին, մայրը եղել է սովորական հավաքարար: Դպրոցում պատանի Ռոնալդուին համադասարանցիները ծաղրում էին, անպատվում, վիրավորում: Ռոնալդուն հիշում է, որ մի անգամ նրան է մոտեցել մի համադասարանցի, ինչպես պարզվել է` ազգությամբ հայ, եւ իրեն է փոխանցել տարբեր ուտեստեղենով լեցուն մի տոպրակ ու մի ոչ մեծ գումար... Դա անչափ հաճելի անակնկալ է եղել ապագա միլիարդատիրոջ համար, եւ հիմա, երբ անցել են տարիներ, նա երազում է հանդիպել իր պատանի բարերարի հետ, շնորհակալություն հայտնել նրան, սակայն, ավաղ, չի ստացվում: Նա անվանի ֆուտբոլիստ դառնալով, կերպարանափոխվել է՝ սկսել է շվայտ կյանք վարել, իսկ այսօր էլ, լինելով 5 երեխայի հայր, այլ դիրքերից է գնահատում իրականությունը․ նա մի քանի երկրում կառուցված շքեղ հյուրանոցների տեր է, նրան են պատկանում 70 միլիոն դոլարանոց ինքնաթիռ, ճոխ զբոսանավ, բազում ու բազմահարկ բնակարաններ...

Ֆուտբոլային ամենատարածված անուններից մեկն էլ ազգությամբ բոսնիացի Զլատան Իբրահիմովիչն է, ով բոլորովին վերջերս նշեց իր 41-ամյակը: Նա ծնվել է Շվեդիայի Մալմյո քաղաքում, այստեղ էլ լայն ճանաչման է արժանացել, հրավիրվել երկրի հավաքական: Նրա բացառիկ վարպետությամբ հիացել են Թուրինում եւ Բարսելոնում, Միլանում եւ Փարիզում, Մանչեսթերում եւ Լոս Անջելեսում, եւ այսօր, ինչպես ինքն է խոստովանում` իր հանգիստն է վայելում Միլանում: Հանգիստ, իհարկե, պայմանական իմաստով: Շատ շուտով Իբրահիմովիչն իր փորձն ու գիտելիքները փոխանցելու է իտալացի ֆուտբոլիստների նոր սերնդի ներկայացուցիչներին` երկրի ազգային հավաքականն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար:

Այս առումով մեզ մոտ գլխավոր հույսը 21 տարեկան տղաների հավաքականն է, ըստ էության` մեր ֆուտբոլի վաղվա օրը: Դժբախտաբար, նրանց կարողություններն ու խոստումնալից հեռանկարը ներկա վիճակում չնչին են: Ինքներդ դատեք` Եվրոպայի առաջնության ընտրական մրցափուլում նախատեսված տասը խաղից անցկացնելով չորսը՝ մեր երիտասարդ ֆուտբոլիստները կարողացել են վաստակել ընդամենը մեկ միավոր, այսպես ասենք` ընդհանուր առմամբ վեց ժամ խաղալով, խփել են միայն մեկ գոլ: Աղյուսակը եզրափակողներն այս ուրբաթ հանդիպելու են երեք խաղից հետո յոթ միավոր վաստակած շվեյցարացիների հետ` նրանց դաշտում...

Իսկ ի՞նչ կարծիքի եք` եթե լավ ցուցանիշների սպասումով հույսեր կապենք բասկետբոլի հետ: Եկող տարի Եվրոլիգայի B եւ C դիվիզիոններում ասպարեզ են մտնելու նաեւ մեր 16, 18 եւ 20 տարեկան աղջիկների ու տղաների հավաքականները: Հարկ է խոստովանել, որ մրցավեճն այստեղ ավելի թեժ բնույթ է կրում, մանավանդ որ, ի տարբերություն ֆուտբոլի, բասկետբոլում կանոնակարգով բացառված է խաղաղ ելքը` այստեղ գործում է կամ-կամ անհաշտ պայքարի սկզբունքը: Այդուհանդերձ, լինենք լավատես, սպասենք, որ մեր երիտասարդական թիմերն ավելի բարձր ցուցանիշներ կգրանցեն:

Մարզասերներին հայտնենք, որ դեկտեմբերի 12-ին Զիգայում (Սաուդյան Արաբիա) մեկնարկելու է ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը: Մասնակիցները տարբեր աշխարհամասեր ներկայացնող յոթ թիմեր են` «Ֆլումինենսե» (Բրազիլիա),  «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Լեոն» (Մեքսիկա), «Ուրավա Ռեդ Դայմոնդս» (Ճապոնիա), « Ալ Ահլի» (Եգիպտոս), «Լենդ Սիթի» (Նոր Զելանդիա) եւ «Ալ Իթթիհադ» (Սաուդյան Արաբիա):

Իսկ այժմ առանձնացնենք WBC վարկանիշով առաջին ծանր քաշում աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանացած 33-ամյա երեւանցի բռնցքամարտիկ Նոել Միքայելյանին, ով Մայամիի ռինգում երկու անգամ նոկդաունով տապալեց Կոնգոյի Իլունգա Մակաբուին եւ, հասնելով բացահայտ առավելության, ժամկետից շուտ ավարտեց մենամարտը: 
Երեւանի մարզահամերգային համալիրում այս անգամ սամբոյի աշխարհի առաջնությունն անցկացվեց: 71 երկիր ներկայացնող ավելի քան 600 մարզիկ պայքարեց մեդալների համար: Ադրբեջանն ու Թուրքիան այդ մրցումներին չմասնակցեցին: Կիրակի օրն ավարտված այդ մրցումներում մեր տասը սամբիստներ դարձան մրցանակակիրներ: Նրանցից հինգն իրավունք ստացան հանդես գալու եզրափակչում: Սակայն, ցավոք, վերջին արգելքը հաղթահարել չկարողացան եւ հռչակվեցին փոխչեմպիոններ: Արծաթե մեդալների արժանացան 40-ամյա Վահրամ Գրիգորյանը (64 կգ քաշային կարգ), Արամ Աղաջանյանը (71 կգ), Բորիս Շատվերյանը (79 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ) եւ Դավիթ Գրիգորյանը (98 կգ):

Մյուս հնգյակը զբաղեցրեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանը: Բրոնզե մեդալակիրներ դարձան Վարսիկ Գրիգորյանը (54 կգ), Վաչիկ Վարդանյանը (71 կգ), Սարգիս Վարդանյանը (79 կգ), Վահագն Չալյանը (88 կգ) եւ Արման Ավանեսյանը (98 կգ):

Միսակ Նազարյան