«Դայա՞կ»

«Դայա՞կ»

«Դայակ» բառն առա չակերտների մեջ եւ հարցական նշան դրեցի զուտ այն նկատառումից ելնելով, որ հանկարծ չբորբոքեմ վարչապետի եւ նրա մերձավոր շրջապատի անառողջ երեւակայությունը: Այլապես դա հենց այդպես է՝ Արմեն Սարգսյանն այսօր դարձել է վարչապետի եւ նրա դեռահաս թիմի դայակը: Եթե ուշադիր հետեւեք իմքայլականների հրճվանքին եւ նախագահ Արմեն Սարգսյանի հանդարտությանը, ապա կարելի է հանգիստ խղճով ասել, որ իմքայլականներն անակնկալի են եկել ՄԻԵԴ-ի հայտարարությունից, որ Հայաստանի իշխանությունների դեմ միջանկյալ միջոցառում չեն ձեռնարկի, մինչդեռ Արմեն Սարգսյանն իրեն այնպես է պահում, ասես դա նորմալ է, եւ ավելին՝ ասես հենց ինքն է դերակատար եղել, որ ՀՀ իշխանությունների դեմ այս փուլում սանկցիաներ չկիրառվեն: Այստեղ մի շատ նուրբ պահ կա, որն ընկալելու համար պետք է հիշել Արմեն Սարգսյանի անսպասելի հայտարարությունը, որ ինքը չի ստորագրելու իմքայլականների հապշտապ ընդունած օրինագծերի փաթեթը:

Չլիներ այդ հայտարարությունը, 21+5 օրով չհետաձգվեր իմքայլական եզրափակիչ գինարբուքը, ՄԻԵԴ-ն անհապաղ ձեռնամուխ կլիներ Հայաստանում իրականացվող սահմանադրական հեղաշրջումը կասեցնելու գործին: Եվ այնպես է ստացվել, որ ՄԻԵԴ-ում ականջալուր են եղել ՀՀ նախագահի անկախ ինստիտուտի հայտարարությանն ու որոշել, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ 3 դատավորների համար «Իմ քայլը» խմբակցության՝ «հանուն հարենիքի» կայացրած որոշումները չեն կարող ճակատագրական լինել, մինչեւ իրենք առաջնահերթության կարգով քննեն գործող ՍԴ դատավորների դիմումը, որը, ամենայն հավանականությամբ, կստանա «ՀՀ ՍԴ-ն՝ ընդդեմ ՀՀ կառավարության» անվանումը: Եվ ուրեմն՝ ընդունենք, որ այս դրվագում Արմեն Սարգսյանը փրկեց ՀՀ կառավարության եւ ԱԺ իմքայլական մեծամասնության, շատ ներողություն, հետույքը, ինչի համար Փաշինյանը պարտավոր է նրան շնորհակալություն հայտնել:
Իսկ հիմա փորձենք հասկանալ՝ սա Արմեն Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի համագործակցության դրսեւորո՞ւմ էր, թե՞ Արմեն Սարգսյանն իր գործն է անում՝ մտահոգված ոչ միայն ՀՀ ճակատագրով, այլեւ իր միջազգային հեղինակությամբ: Կարելի է ասել՝ թե՛ Փաշինյան-Սարգսյան համագործակցություն կա այստեղ, թե՛ պայքար՝ հանուն սահմանադրական փոփոխությունների իրականացման սեփական մարտավարության գործադրման:

Ըստ էության, նրանք համակարծիք են այն հարցում, որ պետք է տեղի ունենան սահմանադրական փոփոխություններ, բայց, ահա, ճանապարհները բաժանվում են, երբ գալիս է «ինչպե՞ս անել դա» հարցին պատասխանելու պահը: Փաշինյանին թողնես՝ ջարդելով, փշրելով, ասֆալտին փռելով, ԱԱԾ կանչելով՝ կանի: Արմեն Սարգսյանն այդ մեթոդի կողմնակիցը չէ: Ավելին ասեմ՝ նրա համար նույնիսկ նշանակություն չունի, թե այդ պահին ովքեր կլինեն ՍԴ նախագահը կամ դատավորները: Կարեւորը գործը հաջողությամբ գլուխ բերելն է: Ահավասիկ, երկու մարտավարություն, որոնցից մեկը տանում է ՄԻԵԴ-ի դուռը, իսկ մյուսը՝ ենթադրում նորմալ իրավիճակներ, երբ հնարավոր կլինի իմանալ ոչ միայն կառավարության ենթակա պատգամավորների կարծիքն առաջարկվող փոփոխությունների մասին, այլեւ ողջ հանրության եւ նրա քաղաքական համալիր սեկտորի: 2 մարտավարություն, որոնցից մեկը մերժելի է միջազգային հանրության համար, մյուսը՝ ընդունելի: 2 մարտավարություն, որոնցից մեկը պառակտում է հանրությանն ու դուռ բացում օտար միջամտությունների համար, մյուսը ենթադրում է համախմբում, որին օտարները կարող են միայն լուրերով հետեւել իրենց մայրաքաղաքներից:

Փաշինյանի կողմնակիցները չեն հանդուրժում նախագահ Սարգսյանի հավասարակշռված պահվածքը եւ ցույցեր են կազմակերպում նախագահականի մոտ՝ նրան հորդորելով չսպասել, անհապաղ տալ ՍԴ նոր դատավորների ընտրության մեկնարկը: Բայց նրանք չարաչար սխալվում են, որովհետեւ առնվազն Փաշինյանի չափով չեն ընկալում ստեղծված իրավիճակն ու այս իրավիճակում Փաշինյանի համար Արմեն Սարգսյանի, չեմ վարանի այդ բառն ասել, արածը: Հասկանալի է, չէ՞, որ եթե Նիկոլ Փաշինյանն էլ մտածեր այնպես, ինչպես, օրինակ, Արման Բաբաջանյանը, Երեւանի փողոցներն այս պահին լիքը կլինեին Արմեն Սարգսյանի հրաժարականը պահանջող ցուցարարներով: Բայց փողոցում Արման Բաբաջանյանն է՝ միայնակ ու լքված:
Փաշինյանն ասում է՝ պետք է հանրաքվե անել եւ Սահմանադրությունը փոխել ամբողջությամբ:

Արմեն Սարգսյանը կարծում է՝ հանրաքվե անելուց առաջ պետք է համաժողովրդական քննարկման դնել նախագծերը, հասկանալ, թե ինչպիսի սահմանադրություն է մեզ պետք, նաեւ բացատրում, որ նոր Սահմանադրությունը կազմելիս պետք է հաշվի առնել առաջավոր երկրների փորձը՝ չմոռանալով մեր ժողովրդի ազգային առանձնահատկություններն ու Հայաստանում առկա խնդիրները: Սրա դեմ էլ, կարծես, Փաշինյանը չի առարկում: Ավելին, Արմեն Սարգսյանը պահանջում է, որ ՍԴ 3 անդամի նշանակի ՀՀ նախագահը եւ ոչ ոք, այդ թվում նաեւ ԱԺ-ն իրավունք չունենա մերժել նրա ներկայացրած թեկնածուներին: Եվ դարձյալ լուռ համաձայնություն Նիկոլ Փաշինյանի կողմից: Եվս մեկ բան․ Արմեն Սարգսյանն ասում է՝ նշանակություն չունի, թե նոր սահմանադրությամբ ինչպիսի կառավարում կլինի Հայաստանում՝ նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական: Ի վերջո, կարեւորն այն է, թե ինչպես կիրականացվի կառավարումը՝ լա՞վ, թե՞ վատ, սահմանադրությա՞մբ, թե՞ օրենքների շրջանցումով:

Եթե ավելի առարկայացնենք, կարելի է ասել, որ Արմեն Սարգսյանը ոչ մի տեղ չի շտապում եւ Փաշինյանին ու նրա թիմին էլ խորհուրդ է տալիս նույնն անել: Թե ինչ կստացվի Փաշինյանի նկատմամբ Արմեն Սարգսյանի ստանձնած «շեֆությունից», դժվար է ասել, բայց պետք է որ ավելի վատ չլինի, քան Փաշինյանի փահլեւանության օրերին, երբ պահեր են լինում, որ շունը տիրոջը չի ճանաչում: Հուսանք, որ Փաշինյանը կօգտվի այս իրավիճակից եւ բանը չի հասցնի այնտեղ, որ ՄԻԵԴ-ի սպասելի դատավճիռը վերջնականապես ոչնչացնի իրեն էլ, իր կառավարությանն էլ, իր ԱԺ միաձայնականներին էլ: Իսկ դա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ Հրայր Թովմասյանն ու ՍԴ դատավորները վերականգնվեն իրենց պաշտոններում, եւ Արմեն Սարգսյանը ստիպված լինի հենց նրանց խնդրել, որ ստուգեն «Իմ քայլը» խմբակցության ընդունած օրինագծերի սահմանադրականությունը: