Ֆեյք փաստարկներ՝ ատոմակայանի կյանքն անվերջ երկարաձգելու նպատակով

Ֆեյք փաստարկներ՝ ատոմակայանի կյանքն անվերջ երկարաձգելու նպատակով

ՖԵՅՔ #1. Հովհարային անջատումների, «ցուրտ ու մութ տարիների» վերադարձի սպառնալիքը

Ամսվա սկզբից Մեծամորի ատոմակայանը կանգնեցվել է պլանային վերանորոգման, բայց հովհարային անջատումներ չկան: Մինչ այդ էլ վերալիցքավորման եւ պրոֆիլակտիկ աշխատանքների համար բազմիցս դադարեցվել է նրա աշխատանքը, սակայն դա մեզ նեղություն չի պատճառել: Ավելին, Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո՝ 1989թ. փետրվարին եւ մարտին, ԽՍՀՄ մինիստրների խորհրդի որոշմամբ, ՀԱԷԿ-ի երկու (այլ ոչ թե մեկ, ինչպես հիմա է) էներգաբլոկները կանգնեցվեցին, բայց Հայաստանն էլէներգիայի պակաս չունեցավ, չնայած այն ժամանակ գործում էին մեր բազմաթիվ գործարանները: Իսկ «ցուրտ ու մութ տարիները» եկան դրանից մի քանի տարի անց՝ լրիվ անհասկանալի պատճառով: Նույնքան անհասկանալի, որքան այն, թե ինչու Հայաստանից հեռացվեցին երկրաշարժի պատճառով անտուն մնացած հայաստանցիների համար շենքեր կառուցող՝ բազմաթիվ երկրներից ժամանած շինարարները, իսկ նրանց բերած՝ սովետի համար չլսված-չտեսնված արտասահմանյան շինտեխնիկան ու շինանյութերը դուրս բերվեցին Հայաստանից: 

Այսինքն՝ ֆեյք են այն պնդումները, թե, իբր, եթե ՀԱԷԿ-ը չաշխատի, կվերադառնան «ցուրտ ու մութ տարիները»: Առավել եւս անհեթեթ են, եթե նկատի ունենանք, որ Հայաստանն այսօր չունի ահռելի քանակությամբ էլէներգիա խժռող գործարաններ: Եվ չի կարող ունենալ, որովհետեւ գազն ու էլեկտրականությունը մեր երկրում ավելի թանկ են, քան մրցակից երկրներում: Բացի այդ, չկա Հայաստանն այլ երկրներին կապող էժան փոխադրամիջոց երկաթուղին, որով հնարավոր լիներ տեղափոխել հումքն ու պատրաստի արտադրանքը:  

ՖԵՅՔ #2. Եթե ատոմակայանը չաշխատի կվտանգվի Հայաստանի էներգետիկ անվտանգությունը

«Ցուրտ ու մութ տարիները» չեն կարող վերադառնալ նաեւ այն պատճառով, որ Հայաստանը վերջին տարիներին բազմապատկել է իր էներգետիկ անվտանգության աստիճանը: Կառուցվել է երկրորդ՝ Իրան-Հայաստան գազամուղը, որի թողունակությունն այնպիսին է, որ լրիվ կապահովի մեր երկրի բոլոր կարիքները նույնիսկ այն դեպքում, եթե խափանվի Ռուսաստանից եկող գազամուղի աշխատանքը: Բացի այդ, զգալիորեն ընդարձակվել է Աբովյանի ստորգետնյա գազի պահեստ-կայանը: 

Այս տարի կսկսվի Երեւանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործումը, ինչը կկրկնապատկի այդ կայանի հզորությունը: Ըստ Էներգետիկայի հայկական գործակալության կայքի, ներկայումս շահագործվող ՀԱԷԿ-ի միակ էներգաբլոկն ունի 407,5 ՄՎտ հզորություն, որից 2019 թվականի մայիսին օգտագործվել է 209,24 մեգավատը: «Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ-ի հզորությունը 550 ՄՎտ է (ջերմության առաքման հզորությունը՝ 630 ԳԿալ/ժ): «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի (Հրազդան-5) հզորությունը 458,5 ՄՎտ է: «ՀրազՋԷԿ» ԲԲԸ հզորությունը 300 ՄՎտ է (ջերմության առաքման հզորությունը՝ 560 ԳԿալ/ժ): Հայաստանի հիդրոէլեկտրակայանների ընդհանուր հզորությունը 1324․4 ՄՎտ է, փոքր ՀԷԿ-երի ընդհանուր հզորությունը՝ 330 Մվտ։ Կառուցվելու են եւս 39-ը՝ 74 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: Կառուցվելու է 2 արեւային էլեկտրակայան՝ 60 ՄՎտ հզորությամբ, եւ հողմային կայաններ, հզորությունը՝ մինչեւ 150 ՄՎտ: 

Էներգետիկ անվտանգության մասին խոսելիս անպայման հիշատակում են ստաբիլիզացիոն ռեզերվ ունենալու անհրաժեշտությունը, այսինքն՝ այնպիսի հզորությունների, որոնք կապահովեն Հայաստանի կարիքների 30-40 տոկոսը եւ կախված չեն լինի տարվա եղանակից կամ օրվա ժամից: Եվ պնդում են, որ այդ դերը կարող է կատարել միայն ատոմակայանը: Մինչդեռ սույն դերակատարումը կարող է ունենալ նաեւ Երեւանի ՋԷԿ-ը, որի երկու էներգաբլոկների էլեկտրական ընդհանուր հզորությունը 492 ԿՎտ է: Ընդ որում, գազով աշխատող ՋԷԿ-երն էներգետիկ անվտանգության տեսակետից ավելի հուսալի են, քան մեր ատոմակայանը: Չէ՞ որ նրանց համար ոչ մի նշանակություն չունի, թե ինչ գազ կմատակարարվի՝ ռուսակա՞ն, թե՞ իրանական: Մինչդեռ ՀԱԷԿ-ի աշխատանքի համար պիտանի է միմիայն ռուսական միջուկային վառելիքը. ամերիկյանը կամ ֆրանսիականը չեն կարող անվտանգ օգտագործվել ռուսական ռեակտորում: 

ՖԵՅՔ #3. Ավելցուկ էլէներգիան Հայաստանին պետք է արտահանելու համար

Հայաստանին ոչ միայն չի սպառնում էլէներգիայի դեֆիցիտը, ընդհակառակը՝ Հայաստանն ունի դրա մեծ ավելցուկ եւ տարիներ շարունակ երազում է արտահանել՝ վաճառել այն հարեւան երկրներին: Սակայն չի կարողանում, քանի որ Թուրքիան, Ադրբեջանի բողոքներից հետո, հրաժարվեց գնել, իսկ Վրաստանը՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանը սկսեց այդ երկրին վաճառել ավելի էժան էլէներգիա, քան Հայաստանն էր առաջարկում: Ընդ որում, Հայաստանը Վրաստանին էներգիան վաճառում էր ավելի էժան գնով, քան սեփական քաղաքացիներին: 
Տարիներ առաջ Հայաստանին սահմանակից Իրանի շրջանները ձմռանն ունենում էին էլէներգիայի դեֆիցիտ, քանի որ դրանց մատակարարումը կատարվում էր ՀԷԿ-երի միջոցով, որոնց արդյունավետությունը ձմռանը պակասում է: Հայաստանն Իրանին ձմռանը մատակարարում էր էլեկտրականություն, եւ ամռանը փոխհատուցվում էր իրանական ՀԷԿ-երից ստացվողով, հետագայում՝ իրանական գազով: Այսօր Իրանն իր այդ խնդիրը լուծել է եւ հանգիստ կարող է հրաժարվել, բայց չի անում, որ չփչացնի հարաբերությունները հարեւանի հետ:
Հայաստանն ունի էներգիայի ավելցուկ, մեր էներգետիկ հզորություններն աշխատում են ոչ լրիվ հզորությամբ, քանի որ էլեկտրականությունը հնարավոր չէ ամբարել: Դա է Հայաստանի պրոբլեմը, այլ ոչ թե այն, որ մենք կարող ենք ունենալ դեֆիցիտ:

ՖԵՅՔ #4. Ատոմակայանը Հայաստանի ֆիզիկական անվտանգության երաշխիքն է 

Սա ամենախայտառակ ֆեյքն է, քանի որ, հակառակը, ՀԱԷԿ-ը կարող է դառնալ ՀՀ կործանման գործիք: Այս ֆեյքի ջատագովներն ասում են. «Ատոմակայանն ունի նաեւ պաշտպանական նշանակություն եւ թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի պարագայում ստիպում է նրանց լինել զգոն եւ զգույշ՝ ՀՀ-ի դեմ իրենց պլանավորած գործողություններում, քանի որ յուրաքանչյուր ատոմակայան հանդիսանում է պատրաստի միջուկային վտանգ՝ ահռելի մեծ շառավղով: Եթե ատոմակայանին մի բան պատահի, տարածաշրջանը կդառնա «աղետի գոտի»` Չեռնոբիլ, որից իրենք էլ են տուժելու»։ 
Այստեղ ճիշտն այն է, որ, իրոք, ՀԱԷԿ-ը «պատրաստի միջուկային վտանգ» է, եւ եթե, Աստված մի արասցե, վթարվի, Հայաստանի ողջ տարածքը եւ Նախիջեւանը կդառնան ռադիոակտիվ: Ճիշտ է նաեւ այն, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը չեն ցանկանա, որ ատոմակայանը վթարվի: Բայց չեն ցանկանա ոչ թե այն պատճառով, որ իրենց երկրներին վնաս կպատճառվի: Այդպես չի լինի՝ վնասը շատ մեծ չի լինի: Չեն ցանկանա, որովհետեւ... ստիպված կլինեն մի քանի հարյուր տարով հետաձգել «Մեծ Թուրանի» ստեղծման ծրագիրը: Չէ՞ որ այդ դեպքում կվարակվի եւ անանցանելի կդառնա Նախիջեւան-Մեղրի միջանցքը, որը, ըստ այդ ծրագրի, պետք է Թուրքիան կապի Ադրբեջանի հետ եւ Կենտրոնական Ասիայի տարածքով ձգվի մինչեւ Չինաստանում բնակվող թյուրքալեզու ույղուրները: 

Կատարենք մոտավոր հաշվարկ: Չեռնոբիլի վթարված չորրորդ էներգաբլոկում տեղադրված էր ՌԲՄԿ-1000 մակնիշի ռեակտոր, որի հզորությունը 1000 ՄՎտ էր: Մեր ռեակտորի՝ ՎՎԷՌ-440-ի հզորությունը շուրջ 2,5 անգամ փոքր է: Բացի այդ, Չեռնոբիլինը չուներ շատ ամուր պատյան, ինչն առկա է մեր ռեակտորի պարագայում: Նշանակություն կարող է ունենալ նաեւ այն հանգամանքը, որ Չեռնոբիլը հարթավայրային տարածքում է, մեզ մոտ լեռնային լանդշաֆտ է: Հետեւաբար, եթե մեր ատոմակայանում վթար տեղի ունենա, ռադիոակտիվ վարակված տարածքն ավելին չի լինի, քան 30 կիլոմետրանոց Չեռնոբիլի օտարման գոտին: Արարատ լեռը կարող է զգալիորեն փոքրացնել Մեծամորից ոչ հեռու գտնվող Թուրքիայի քրդաբնակ տարածքների ախտահարումը: Այնպես որ, այդ պետությունը մեծ վնաս չի կրի: Իսկ Ադրբեջանը կկորցնի սակավաթիվ բնակչություն ունեցող Նախիջեւանը: Մենք կկորցնենք ամեն ինչ եւ կստանանք կրկնակի-եռակի անգամ աղետալի «հայոց մեծ եղեռն», որովհետեւ ոչ մի հարեւան պետություն չի բացի իր սահմանները եւ չի ընդունի ռադիոակտիվ նյութերով վարակված 3 մլն հայաստանցիների: Կփրկվեն քչերը, որոնք ստիպված կլինեն թողնել իրենց վարակված ունեցվածքը՝ ներառյալ փողը, եւ հագնելով փրկարարների տված հագուստը, դուրս կգան աղետի գոտի դարձած տարածքից: 

Թուրքիային ու Ադրբեջանին ձեռնտու չէ, որ ՀԱԷԿ-ը վթարվի: Նույնը չի կարելի ասել «Մեծ Թուրանի» ծրագրից տուժելիք երկրների մասին: Թուրքիայի ցամաքային բանակն այժմ մեծաքանակ է ու լավ զինված: Մեզ կարող է փրկել միայն միջուկային ռումբի կիրառումը, ինչը չի հասկացվի եւ չի ներվի աշխարհի կողմից: Բայց ինչո՞ւ խայտառակ լինել եւ կիրառել միջուկային զենք, եթե Հայաստանում արդեն իսկ կա մի օբյեկտ, որը կարող է կատարել ատոմային ականի դեր՝ ՀԱԷԿ-ը: Հայ ժողովրդից 1921-ին խլեցին տարածքներ՝ պատճառաբանելով, թե այդ զոհաբերությունն անհրաժեշտ է համաշխարհային հեղափոխության հաղթանակի համար: Գլխավոր շտաբներում կարող են մտածել՝ ի՞նչ է եղել որ․ թող մի անգամ էլ զոհաբերվեն, այս անգամ՝ հանուն մեր երկրի անվտանգության: Չէ՞ որ Հայաստանից դուրս դեռ 7 միլիոն հայ կա։
Ժողովուրդ ջան, մեկ անգամ էլ չզոհաբերվե՞նք...

Գրիգոր ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ