Ավդալյանին առաջադրված 5 մեղադրանքից 2-ը վերացվել է

Ավդալյանին առաջադրված 5 մեղադրանքից 2-ը վերացվել է

Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանին առաջադրված 5 մեղադրանքից 2-ը վերացվել է, եւս մեկի վերացման վերաբերյալ նրա պաշտպան Նարեկ Ալոյանը դիմել է դատարան՝ մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը։ Չնայած սրան, Ավդալյանը կալանավորված է։

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք էր առաջադրվել փաստաթղթեր կեղծելու, խարդախության, առանձնապես խոշոր չափերով՝ 2 մլն 681 հազար դրամ, յուրացման համար։ Քրեական գործերը կապված են Ավդալյանի գլխավորած «Վերածնունդ» հիմնադրամի գործունեության հետ։ Ըստ մեղադրանքի՝ նա տարբեր անձանցից գումար է վերցրել, որպեսզի համերգի նպատակով ուղեւորություն կազմակերպի դեպի ԱՄՆ, սակայն չի կազմակերպել։

«Իմ միջնորդության հիման վրա, առաջադրված մեղադրանքներից 2-ը՝ 2 դրվագով փաստաթղթեր կեղծելու վերաբերյալ, վերացվել են, բացի այդ, իմ կողմից միջնորդություն է ներկայացվել  խարդախության դրվագով առաջադրված մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Այդ միջնորդությունը քննիչի կողմից մերժվել է, մերժումը բողոքարկվել է դատախազին, դատախազի կողմից եւս մերժվել է, այժմ բողոքարկված է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, սպասում ենք դատական նիստին։ Բոլոր մեղադրանքները նախաքննության փուլում են, մեկ վարույթում են քննվում։ Կարինե Ավդալյանը որեւէ ցուցմունք չի տվել, որեւէ մեղադրանքի հետ կապված դիրքորոշում այս փուլում չի հայտնել»,- փոխանցեց Ավդալյանի պաշտպանը։

Կարինե Ավդալյանը, ով արդեն 3-րդ ամիսն է՝ կալանավորված է, Ալոյանի խոսքով՝ առողջական խնդիրներ ունի․ «Կալանքի հետ կապված՝ վերաքննիչ դատարանում մինչեւ տարեվերջ քննություն կլինի։ Կալանքի ժամկետը երկարացվել է, երկարացման վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունն է լինելու։ Մենք ունենք նոր Հայաստանի համար փոքր-ինչ անսովոր իրավիճակ․ 60 տարեկան կին, որը դոկտոր-պրոֆեսոր է, մշակույթի վաստակավոր գործիչ, որը պարգեւատրվել է վարչապետ Արմեն Դարբինյանի կողմից, 2017 թվականին՝ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից, պարգեւատրվել է Հայաստանի ու Արցախի տարբեր պաշտոնյաների  կողմից, այսինքն՝ տարբեր քաղաքական իշխանությունների կողմից, եւ այդ 60 տարեկան կինը՝ նման անցած ուղով, նման գիտական ձեռքբերումներով, արդեն 3-րդ ամիսը կալանքի տակ է։ Նշեմ, որ բավականին լուրջ առողջական խնդիրներ ունի՝ տարիքով պայմանավորված, ինչպես նաեւ՝ կալանավորման հետեւանքով»։

Ավդալյանի պաշտպանը մեզ հետ զրույցում ասաց, որ պայմանագրում ուղեւորության ամսաթիվ նշված չի եղել, դա կապված է եղել որոշակի ընթացակարգերի հետ, իսկ Ավդալյանը նախկինում նման ուղեւորություններ կազմակերպել է։ ««Վերածնունդ» հասարակական կազմակերպությունն ԱՄՆ մեկնելու ցանկություն հայտնած տարբեր անձանց հետ պայմանագրեր է կնքել, պայմանագրերում ուղեւորությունների կազմակերպման հստակ օր նշված չի եղել։ Այսինքն՝ կողմերը պետք է բանակցեին, այդ բանակցությունների արդյունքում պայմանագրի հավելված կազմեին, որով արդեն ուղեւորություն կազմակերպվեր։ Սեպտեմբերի 27-ին դատարանը որոշում է կայացրել Ավդալյանին կալանավորելու մասին, իսկ կալանքի տակ գտնվող անձը հնարավորություն չունի ԱՄՆ այցեր կազմակերպելու։ Այստեղ դիրքորոշումների հակասություն կա, մենք կարծում ենք, որ գործ ունենք քաղաքացիաիրավական հարաբերությունների հետ, քննչական մարմինը կարծում է, որ այստեղ խարդախության հանցակազմ կա։ Եթե նախկինում Կարինե Ավդալյանն Իսպանիա, Իտալիա կամ Անգլիա տարբեր անձանց ուղեւորությունները կազմակերպած չլիներ, գուցեեւ համաձայնեի դատախազության դիրքորոշման հետ, բայց քանի որ ունենք իրավիճակ, որ տարբեր երկրներ ուղեւորությունը կազմակերպել է, այդ պարագայում կալանավորումը չեզոքանում է։ Գուցե նա ինչ-որ մարդկանց է խանգարում»։

Խոսելով Ավդալյանի կալանավորման մասին՝ Ալոյանը հերթով հերքեց այն հիմքերը, որոնցով դատարանն առհասարակ կալանավորում է անձին։ «Իր կալանավորման հիմնավորումների հետ կապված՝ կա այսպիսի իրավիճակ․ դատարանը չի համարում, որ փախուստի հնարավորություն կա, եւ ասեմ ավելին՝ չէր էլ կարող համարել, որովհետեւ մինչեւ սեպտեմբերի 27-ի կալանավորումը՝ հուլիսի 31-ին, երբ առաջին մեղադրանքն առաջադրվեց, խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, եւ հուլիսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 27-ը ներառյալ, բնականաբար, ոչ միայն չի թաքնվել վարույթ իրականացնող մարմնից, այլեւ մասնակցել է իր կալանավորման վերաբերյալ դատական նիստին, այսինքն՝ թաքնվելու վտանգի մասին խոսք լինել չի կարող։

Ինչ վերաբերում է այն հանգամանքներին, որ քննությանը կարող է խոչընդոտել՝ առերեւույթ հանցանքից տուժած մարդկանց հորդորելով քննությանը չներկայանալ կամ սուտ ցուցմունքներ տալ, ապա բոլոր մարդիկ, որոնք պայմանագրեր են կնքել, փոխանցումները կատարել են բանկի միջոցով։ Այսինքն՝ չի կարող լինել այնպիսի հարց օբյեկտիվ իրականությունում, որ ով գումար է փոխանցել Կարինե Ավդալյանի «Վերածնունդ» հիմնադրամին,  քննության համար անհայտ մնա այդ անձի ինքնությունը։ Այսինքն՝ դատարանի այս հետեւությունը մենք համարում ենք անհիմն՝ այն պատճառաբանությամբ, որ վարույթ իրականացնող մարմինը ողջ գործիքակազմն ունի առերեւույթ տուժող անձանց հայտնաբերելու համար։ Տուժողների վրա ազդեցություն գործելու եւ բարենպաստ ցուցմունքներ տալու մասին․ իրավունքի տեսության մեջ գոյություն չունի այնպիսի ցուցմունք, որ տվյալ իրավիճակում, եթե դատախազության դիրքորոշումը ճիշտ է, կարող է Ավդալյանն ազդել։ Այսինքն՝ գումարը փոխանցվել է բանկի միջոցով, դա անհերքելի փաստ է, գումարը փոխանցվել է ԱՄՆ ուղեւորությունների համար, դա նույնպես անհերքելի փաստ է, ԱՄՆ ուղեւորությունը չի կայացել, դա եւս անհերքելի փաստ է։ Մենք այստեղ փաստերի հետ խնդիր չունենք, հետեւաբար, չի կարող լինել մի ողջամիտ խնդիր, որ տուժողի վրա ազդեցություն կարողանան գործել։

Ասեմ ավելին՝ Կարինե Ավդալյանը քննության համար անհայտ մի շարք անձանց տվյալներ է փոխանցել նախաքննության մարմնին․ սրանով հստակ արտահայտվում է վարույթ իրականացնող մարմնին աջակցելու հանգամանքը։ Կարինե Ավդալյանի կողմից պարտավորագիր է գրվել նաեւ, որ ազատության մեջ հայտնվելու պարագայում 30 հազար դրամը գերազանցող ցանկացած գործարքի կայացումից հետո երկօրյա ժամկետում վարույթ իրականացնող մարմնին պետք է իրազեկի, այսինքն՝ ազատության մեջ գտնվելու պարագայում հանցագործություն կատարելու վերաբերյալ հիմքեր նույնպես չկան»,- մեզ հետ զրույցում ասաց Նարեկ Ալոյանը։