ՀԽ-ն «ստամբուլացնելու» դիտավորությո՞ւն

ՀԽ-ն «ստամբուլացնելու» դիտավորությո՞ւն

Շնորհավորում եմ բոլոր հայրենակիցներիս: Հայրենի կառավարությունը դեկտեմբերի 12-ին հրավիրված նիստում որոշում է կայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին նշանակել Հանրային խորհրդի անդամ։ Թե ինչու է կառավարությունը գնացել այդ «պարտիզանական» քայլին, չեմ կարող հստակ ասել, բայց որ քայլն իրոք պարտիզանական էր, երկու կարծիք լինել չի կարող: Դանիել Իոաննիսյանի անունը չէր քննարկվում խորհրդի անդամի հնարավոր թեկնածուների մեջ, եւ, ահա, խնդրեմ: Այնուամենայնիվ կասեմ, թե ինչու են Դանիել Իոաննիսյանին խցկել ՀԽ: Իմ համեստ կարծիքով՝ դա արել են ՀԽ-ն «ստամբուլացնելու» դիտավորությամբ կամ, առնվազն, ՀԽ հնաբնակների շրջանում «բռնություն» երեւույթի մասին տարրական գիտելիքներ տարածելու նպատակով: Գիտեմ, կասեք, որ ՀԽ-ում Լարիսա Ալավերդյան կա՝ մարդու իրավունքների պաշտպան, մի՞թե Դանիել Իոաննիսյանը պետք է նրան «բռնության» մասին դասեր տա: Խնդիրը դա չէ: Ես ձեզ ավելին ասեմ. երբ Լարիսա Ալավերդյանը պատգամավոր էր, «ժառանգական» Դանիել Իոաննիսյանը նրա օգնականն էր: Կառավարությունը, կարծում եմ, որոշել է օգտվել Իոաննիսյանի ոչ թե գիտելիքներից, այլ աշխատանքային մեթոդից, որին չի տիրապետում ՀԽ անդամներից եւ ոչ ոք:

ՀԽ անդամները կարող է զարմանան, բայց ասեմ, որ նրա մեթոդի մի կարեւոր առանձնահատկությունն էլ այն է, որ այդ դժվար ազգանունով երիտասարդը փողը գլխանց է վերցնում: Այնպես որ՝ իմացեք, Իոաննիսյանին արդեն վճարել են, որ նա դառնա ՀԽ անդամ: Ճիշտ այդպես նրան վճարեցին նախապես, որ նա համաձայնի դիտորդական առաքելություն իրականացնել Արցախի ՏԻՄ ընտրություններում՝ որպես Նիկոլ Փաշինյանի «պաշտոնական» ներկայացուցիչ: Միակ տարբերությունն այն է, որ այս անգամ փողը տվել է ԵՄ-ն եւ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունը: Ի պատիվ Իոաննիսյանի էլ պետք է ասել, որ նա դատարկ ձեռքով չէր դիմավորում կառավարության նիստում իր հարցի քննարկումը: Նույն օրը լույս աշխարհ եկավ բռնության մասին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության մի հրապարակում՝ հետեւյալ անգրագետ վերնագրով՝ «Ընտանեկան բռնության ընկալումը եւ զոհերին ցուցաբերվող աջակցությունը Հայաստանում»:

Դե հիմա հրապարակում էր՝ ծանոթացա, բայց որ ասեմ՝ խորացա, ճիշտ չի լինի, որովհետեւ այդ հրապարակումը խորք, որպես այդպիսին, չուներ: Պատկերացրեք՝ 2-3 էջանոց մի գիր՝ բռնության մասին, որտեղ ոչ մի խոսք չկա այն մասին, թե ինչ ասել է «բռնություն»: Որպես բռնության տեսակներ էլ նշված են մի քանիսը միայն: Այսինքն, հասկացվում է, որ ծնկի վրա օրվա կուրսով գրած մի բան էր: Իսկ ամենահետաքրքիրն էլ այն էր, որ Իոաննիսյանն այդ «փաստաթղթով» հասցրել էր տպավորություն գործել վարչապետ Փաշինյանի վրա, որն իր ելույթի մի մեծ հատված կառավարության նիստում նվիրեց «բռնության» թեմային եւ, որպես բռնության տիպիկ օրինակ, հիշեց շաքարի ու շաքարամանի պատմությունը, որ մեզ է հասել ոչ այն է՝ Նար-Դոսի, ոչ այն է՝ Թումանյանի ստեղծագործությունների ընդմիջից: Իոաննիսյանի մեթոդն սկսել էր գործել, իսկ վաղն արդեն ՀԽ բոլոր անդամներն ընդգծված հարգանքով կվերաբերվեն Իոաննիսյանի ասածներին, որպես անվիճարկելի իրողությունների:

Չնայած անգրագետ վերնագրին, Իոաննիսյանի հրապարակման մեջ ոչինչ կամ գրեթե ոչինչ չկա Հայաստանի մասին: Ընդամենը երկու տեղեկանք՝ գործող «թեժ գծերի» եւ «բռնության զոհերի» համար նախատեսված ֆինանսական օգնության մասին: Այս վերջին՝ ֆինանսական օգնությունների մասին հատվածում կուզենայի մեջբերել. «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ 2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ բոլոր մարզերում կգործեն ընտանեկան բռնության աջակցման կենտրոններ, որտեղ շահառուներն իրավաբանական եւ հոգեբանական աջակցություն կստանան:

Բացի այդ, կտրվի ֆինանսական աջակցություն 100-150 հազար դրամի չափով: Գումարը պետք է ծախսվի կենսապահովման նվազագույն կարիքները հոգալու, բռնության արդյունքում առաջացած առողջական խնդիրները վերականգնելու եւ այլ նպատակներով»: Ես հիմա ուզում եմ հասկանալ՝ որ ամեն բռնության զոհի 100-150 հազար դրամ ֆինանսական աջակցություն տրամադրեն, ո՞ւր կհասնի, ո՞վ է տրամադրելու, ինչպե՞ս են որոշելու՝ ընտանեկան բռնության զոհի հե՞տ գործ ունեն, թե՞ խորամանկ խաբեբայի:

Ընդհանուր առմամբ, Իոաննիսյանն առանձնացրել է բռնության ընդամենը 4 տեսակ՝ ֆիզիկական, սեռական, հոգեբանական եւ տնտեսական: Մինչդեռ բոլորս գիտենք, որ բռնության ամենազազրելի տեսակը քարոզչական բռնությունն է, որով այս պահին զբաղված են ինքն ու մեր հարգելի վարչապետը, որ պատրաստվում են վավերացնել ստամբուլյան կոնվենցիան, որտեղ շատ ավելի մանրամասն է նկարագրված ամեն ինչ, այնքան մանրամասն, որ նկատելի են անգամ սորոսական բնույթի բոլոր մարտահրավերները:

ՀՀ ԱԺ-ն կվավերացնի՞ ստամբուլյան կոնվենցիան: Եթե ԱԺ-ին մնա, հազիվ թե, բայց եթե կառավարությունն ասի՝ արեք, ո՞վ պետք է ընդդիմանա: Ահավասիկ, Փաշինյանն առաջին գիծ է բերում Իոաննիսյանին, որն էլ, հավանաբար, կդառնա հիմնական զեկուցող: