«Վերնատունն» առաջիկայում նորից կակտիվանա

«Վերնատունն» առաջիկայում նորից կակտիվանա

Վազգեն Մանուկյանի հիմնադրած «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը նոյեմբերի 15-ին առաջին անգամ նիստ հրավիրեց ու ազդարարեց իր գործունեության մեկնարկը։ Եվ առաջին իսկ րոպեներից ենթարկվեց հարձակման իշխանությունների եւ նրանց կողմնակիցների կողմից։

Քանի որ ակումբում հավաքված էին հիմնականում Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը քննադատողներ, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներ, ՀՀԿ-ականներ, ՀՅԴ-ականներ եւ այլք, իշխանության ներկայացուցիչներն ակումբի պաթետիկ անվանումը՝ «Վերնատուն», փոխարինեցին «Պոչամբար»-ով, ակումբի ներկայացուցիչներին էլ անվանեցին «քաղաքական դիակներ»։ Առաջացած աղմուկը մեկ-երկու օրից մարեց, հետո, ինչպես «Վերնատան» շուրջ բարձրացած աժիոտաժը մարեց, այնպես էլ՝ ակումբի ակտիվությունը։

Արդեն մեկ ամիս է անցել անդրանիկ նիստից, բայց ակումբը կենդանության նշաններ ցույց չի տալիս, մինչդեռ Վազգեն Մանուկյանն ու մյուսներն այնպես էին խոսում, ասես շուտով սարեր են շրջելու։ Բայց պարզվում է՝ դեռ հայտնի չէ անգամ, թե ովքեր են ակումբի հիմնական կազմում, քանզի ներկաներից շատերն այնտեղ պարզապես հրավիրյալի կարգավիճակում էին։ Թերեւս դա էր պատճառը, որ առաջին նիստին ներկաներից ում հետ փորձեցինք հարցազրույց անել, ասացին, որ լավ կլինի՝ հիմնադիր կազմից մարդ խոսի, քանզի իրենք չեն կարող ակումբի անունից խոսել։ Հիմնադիր կազմից Վագեն Մանուկյանը զանգերին չէր պատասխանում․ նա, ի դեպ, նոր է վերադարձել Ֆրանսիայից, որտեղ սիրտը ստենտավորել են։ Մանուկյանից բացի, հիմնադիր անդամ է նաեւ Դավիթ Շահնազարյանը, համենայնդեպս, այդպես է ներկայացվել։ Նա մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ շուտով նորություններ կլինեն «Վերնատան» մասով։

«Հեսա կլինի, առաջիկա օրերին կլինի նորություն»,- ասաց Շահնազարյանը։

- Իսկ «Վերնատան» շուրջ բարձրացած աղմուկը ձեզ որեւէ կերպ խանգարե՞ց։

- Չէ, բացարձակ․․․ Մի քանի օրից կտեսնեք, իհարկե, ոչ, էդ աղմուկն ի՞նչ էր, որ․․․

- Ձեզ անուններ էին կպցնում, որ դա «Վերնատուն» չէ, այլ՝ «Պոչամբար», որ «քաղաքական դիակներ» են այնտեղ հավաքված։

- Դե լավ, ո՞վ ա դա լուրջ ընդունում, իշխանությունն ամեն ինչից վախեցած է․․․

- Իսկ հաջորդ հավաքը ե՞րբ է լինելու։

- Հաջորդ հավաքը ծրագրավորում ենք, տեսնենք, բայց մի քանի բաներ կլինեն առաջիկա օրերին, առաջիկա մեկուկես շաբաթում․․․ հայտարարություններ էլ կլինեն, ուրիշ բաներ էլ կլինեն։

- Իսկ կոնկրետ գործողություններ, շարժում սպասվո՞ւմ է, որ մի քիչ «դրայվ» ապահովվի մեռած քաղաքական դաշտում։

- Էդ արդեն կտեսնեք, երբ կստացվի՝ կիմանաք․․․

- Հնարավո՞ր է իշխանության մոտ «Վերնատան» հավաքներից վախ կամ ցնցում առաջանա։

- Դե, ինչքան որ մենք տեսնում ենք, բավականին վրաներն ազդել էր, բավականին վատ էին իրենց զգացել ու ճիշտ էին արել, որ վատ էին զգացել․․․ պիտի վատ զգան։

- Ինչի՞ց վատ պիտի զգան հատկապես։

- Դե, որ նման բան է եղել, պիտի մի քիչ վատ զգան, էլի, իրենց։ Իրենց ռեակցիան չտեսա՞ք ինչքան ցավագին էր։

- Իսկ ակումբին նոր միացողներ կա՞ն։

- Կան, կան, համախոհներ կան, մամուլով առաջիկայում կլինի, էլի, շատ բան կլինի առաջիկայում՝ մինչեւ տարվա վերջ։

- Ձեզ անվանում են «սեւերի» կամ հակահեղափոխականների ակումբ, դուք գաղափարական առումով ա՞յդ դաշտում եք գործում՝ «սեւերի» կամ հակահեղափոխականների։

- Գիտե՞ք, ես չեմ ընդունում ո՛չ հեղափոխություն, ո՛չ հակահեղափոխություն։ Երկուսն էլ ինձ համար անընդունելի են։