Կարգ ու կանոն չենք սիրում, իսկ պետությունը կարգ ու կանոն է

Կարգ ու կանոն չենք սիրում, իսկ պետությունը կարգ ու կանոն է

Պետությունը կարգ ու կանոն է, իսկ մենք կարգ ու կանոն չենք սիրում: Մենք չենք հանդուրժում իշխանություն, մեզ սահմանների մեջ դնելու, կանոնակարգելու պարտավորություն: Մեր պայմանը առանց պայմաններն է, դրանց զանց առնելը: Մենք պարտադիր շրջանցում ենք օրենք ու օրինականություն: Չենք ընդունում կարմիր գիծն ինչպես ասֆալտի վրա, այնպես էլ մեր առօրյայում, ջնջում ենք եւ անցնում: Չենք ընդունում ինչպես ճանապարհին տեղադրված, այնպես էլ մեր կյանքի քայլափոխը հսկող արագաչափը, որ արձանագրում է մեր արագության գերազանցումը կամ մեկս մյուսի նկատմամբ ունեցած վազանցը: 

Մենք ուզում ենք անել այն, ինչ ուզում ենք, եւ դա անել` բոլոր օրենքներն ու կանոնները, օրինականությունը շրջանցելով, ոտնատակ տալով բոլոր բաժանարար գծերն ու սահմանները: Իսկ այս ամենն անել թույլ չի տալիս մեզ պետական համակարգը, ուղղակի արգելք է դնում մեր առջեւ: Մենք ազատությունն ու ժողովրդավարությունը հասկանում ենք անիշխանություն: Բնականաբար, պետք է դեմ լինենք պետությանը, պետական համակարգին: 

Չենք սիրում թագավոր. հին ասույթ ունենք` թագավոր չսիրող ազգ ենք: Չենք հանդուրժում մեզնից տարբերվող ու բարձր անհատականություն: Մեր վարչապետն ասաց, որ ծնկի է բերելու էլիտան` հոգեւոր եւ մտավոր, մենք փառավորվեցինք, որովհետեւ մեր սրտից էր խոսում: Հասարակից վեր չպետք է լինի որեւէ հատուկ, անգամ՝ Աստված:

Մենք կողմ ենք մեր անձի ինքնիշխանությանը եւ դեմ ենք մեր պետության ինքնիշխանությանը, որովհետեւ սահմանափակում է մեր անձի ինքնիշխանությունը: 

Մեր վարչապետն ասում է, որ իշխանությունը ժողովրդինն է, եւ ժողովուրդն է իշխանությունը, որ մեզնից յուրաքանչյուրը վարչապետ է, եւ Հայաստանն ունի երեք միլիոն վարչապետ: Մեզ այս հաճոյախոսությունը դուր է գալիս` ամեն ինչ մոռանալու աստիճան` բացառությամբ մեր անձի: Մենք հենց այդպես էլ հասկանում ենք, ուղիղ իմաստով, որ ամեն մեկս վարչապետ է, բայց այն տարբերությամբ, որ պետության մասին մտածելու փոխարեն մտածում ենք բացառապես մեր անձի մասին: Որովհետեւ այդպես է նաեւ երկրի վարչապետը: 

Մենք հենց այդ ընտրությունն էլ պետք է կատարեինք. դու քեզնով, վարչապետ, մենք էլ` ամեն մեկս իրենով` ապրենք: Իսկ երկի՞րը, պետությո՞ւնը, պետականությո՞ւնը: Սրանք մեր առօրյայի շրջանակներում չեն տեղավորվում, կարեւորն այս պահի մեր քթի տակ եղած օդն է, որ շնչում ենք ըստ մեր քթանցքերի ու թոքերի բովանդակության: 

Մենք ուզում ենք մեր մեքենան ճռռացնենք ասֆալտին, եւ մեզ նկատողություն անող չլինի: Մենք տեսել ենք, թե ինչպես են մեքենան ճռռացնում ասֆալտին, որի հնարավորությունից մենք զրկված ենք եղել, պարզապես դա մեր իրավունքը չէր: Վերջապես մեր երազանքը կատարվել է, հիմա մենք իրավունք ունենք մեքենան ասֆալտին ճռռացնելու, եւ դրա համար մեզ նկատողություն անող չկա: Բայց մեր երազանքն ունի նաեւ հավելված. պատժել նրանց, ովքեր մեքենան անարգել ճռռացնում էին ասֆալտին: Իսկ ո՞վ է մեզ պատժելու նույն արարքի համար: Ո՛չ ոք: Ամեն մեկս ունի սեփական անպատժելիության սինդրոմը: Սա է մեր՝ պետական համակարգի մտածելակերպը, պետության ըմբռնումը:

Մեր՝ պետության ըմբռնումը ավտոն ասֆալտին ճռռացնելու անպատժելիությունն է:

Հուսիկ Արա