Փաշինյանի դասակարգային պայքարի «բլեֆը»

Փաշինյանի դասակարգային պայքարի «բլեֆը»

Մուրճը ձեռքին քարոզարշավ անող Նիկոլ Փաշինյանը չէր թաքցնում, որ ընտրություններից հետո սկսելու է քաղաքական հետապնդումներ իրականացնել իր քաղաքական հակառակորդների նկատմամբ: Ու քանի որ Հայաստանում ընտրությունների արդյունքում միշտ հաղթող է դուրս գալիս իշխող ուժը, այս անգամ էլ Փաշինյանի ՔՊ-ն ճանաչվեց հաղթող, ու Փաշինյանն ստացավ իր փափագած «պողպատե մանդատը»: 

Զարմանալիորեն, հասարակության մի հատվածին խիստ դուր էր գալիս Փաշինյանի մուրճապողպատային քարոզարշավը. մարդիկ հրճվում էին այն մտքից, որ շուտով ոմանք մեխվելու են պատերին, ոմանք հանվելու են պատերից, գլուխներ են ջարդվելու, շինվելու են… եւ այլն։ Դրանից մեծ բավականություն էր ստանում հասարակության այն հատվածը, որը կյանքում հաջողության չի հասել, չի կայացել, չի կարողացել իր տեղը գտնել եւ արժանապատիվ կյանքով ապրել: Մի խոսքով՝ այն մարդիկ, որոնց բնութագրել ու մեղադրել է հենց ինքը՝ Փաշինյանը. «Աղքատությունը մարդու գլխում է»: Բայց այս մարդիկ ոչ թե սկսեցին ուսումնասիրել իրենց գլուխը, թե ինչու է այնտեղ բուն դրել աղքատությունը, այլ սկսեցին մեղավորներ փնտրել: Եվ այդ հարցում նրանց նորից օգնեց Փաշինյանը. մեղավոր են նախկինները, մեղավոր են կայացած, լավ ապրող, լիարժեք կյանքով ապրող ինտելեկտուալ մարդիկ, որոնց նա քամահրանքով «էլիտա» է կոչում: 

Ու սկսեցին ատել այդ մարդկանց, ովքեր իրենց՝ չկայացածներին, «խանգարել» են լավ ապրել: Հասարակության հենց այս խավի վրա աշխատեց Նիկոլ Փաշինյանը, ով իշխանության գալիս խոստանում էր հարուստներից, սերմացու գողացող մկներից «գողացածը, լափածը, թալանածը» կոպեկ-կոպեկ կամ քյաբաբ առ քյաբաբ վերադարձնել: Ու մարդիկ սկսեցին սպասել, որ մի օր այդ փողերը Փաշինյանը խլելու է եւ բաժանելու է իրենց, ու իրենք սկսելու են լավ ապրել: Իրականում Փաշինյանը դասակարգային պայքարի այդ խոստումների տակ թաքցնում էր իր նեղ անձնական ու քաղաքական շահերը. ինքն ամեն ինչ արել ու անելու է իր իշխանությունը պահելու համար, անողոքաբար պայքարել ու պայքարում է նրանց դեմ, ովքեր իր քաղաքական հակառակորդներն են եւ վտանգում են իր՝ իշխանության ղեկին մնալը, հետեւաբար՝ իր եւ թիմի լավ ապրելը: Դրանք այն մարդիկ են, որոնք հասկանում են, թե Փաշինյանի մնալն ինչ վտանգներով է հղի մեր պետության համար, եւ փորձում են նրան խաղաղ ճանապարհով հեռացնել իշխանությունից։

Բայց Փաշինյանը ոչ միայն դասակարգային պայքար չմղեց գողացածն ու թալանը հետ բերելու, գողերին ու թալանչիներին պատժելու համար, այլեւ փորձեց իր իշխանությունն օգտագործելով՝ նրանց դարձնել իր հլու կամակատարները, օգտվել նրանց ստեղծած «բարիքներից», նրանց թալանածն ու գողացածը, իր կամ կնոջ հիմնադրամներին կլորիկ գումարներ մուծելով, օրինականացնել։ Նրանք, ովքեր պատրաստ էին մուծվելու, դարձան նոր ու թարմ, իսկ իրեն չենթարկված նախկինները շարունակեցին հալածվել եւ թալանի հետ նույնացվել: 
Այսօր Փաշինյանի աջ ձեռքն է օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, որի հարստության ձեռքբերման անօրինականությունների մասին Փաշինյանն ԱԺ ամբիոնից ժամեր շարունակ հայտարարում էր՝ ղժղժալով, իսկ նրա թերթը «լավաշ» հոդվածներ էր գրում Ալեքսանյանի ապօրինությունների, պետական արտոնություններից օգտվելու մասին: Այսօր Ալեքսանյանը Փաշինյանի սրտի օլիգարխն է։

Փաշինյանն իր մտերիմներից Խաչատուր Սուքիասյանի ունեցվածքի ձեռքբերման ու հարստացման օրինականությունը ստուգե՞լ է, թե՞ ոչ: Արդյոք օրինապա՞հ հարկատու է այսօր Սուքիասյանը: Նախկին պաշտոնյաներից ոմանք էլ, ովքեր համարվում էին կոռումպացված, թալանած, Փաշինյանի` իշխանության գալուց հետո բարեհաջող փախան Հայաստանից: Օդում կախված լուրերի համաձայն, նրանք այդ ազատության համար փրկագին են վճարել. այդպիսի գործարքի առաջարկության մասին հրապարակավ հայտարարեց նաեւ Միքայել Մինասյանը: Փոխարենը` կոռուպցիայի եւ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով ազատվեցին եւ տույժերի ենթարկվեցին դպրոցների տնօրեններ, մանկապարտեզների տնտեսվարներ՝ պահակին կես դրույք ավել գրանցելու, կամ հավաքարարի՝ ուշ աշխատանքի ներկայանալու պատճառով: Իսկ խոշոր «ձկներն» ու «մկներն» իրենց ազատությունն են վայելում եվրոպաներում եւ այլ աշխարհամասերում… Փաշինյանը խաբել ու խաբում է պողոսին…

Այսօր Փաշինյանը նոր թափով է կպել գործին ու դասակարգային պայքարի քողի տակ քաղաքական ռեպրեսիաներ է իրականացնում գյուղապետերի, քաղաքապետերի նկատմամբ, ովքեր այս ընտրությունների ժամանակ իր համար քվեներ չեն բերել, իր քարոզարշավի ժամանակ իրեն չեն դիմավորել, չեն ծափահարել, նույնիսկ համարձակվել են քաղաքական այլ կողմնորոշում ունենալ: Այդ պայքարի «սեւ ցուցակում» են հայտնվել նաեւ հայտնի ու վաստակաշատ բժիշկներ, մանկավարժներ, մտավորականներ, որոնք կապ չունեն գողանալու ու թալանի հետ: Միեւնույն է՝ պողոսը հրճվում է դրանից, նա հարց չի տալիս, թե այդ բժիշկը կամ դպրոցի տնօրենն ինչ կապ ունի իր վատ ապրելու հետ: Որովհետեւ պողոսը կուլ է տվել Փաշինյանի նետած խայծը, թե նա ամեն ինչ անում է, որ ինքը լավ ապրի…

Պողոսը մի բանով կարող է մխիթարվել. եթե ինքը շարունակում է վատ ապրել, ապա սկսել են վատ ապրել շատերը, իսկ շուտով՝ բոլորը… Պողոսին դա էլ է բավարարում…