Ձեր ասած Նարեկ Մալյանը երբևիցե հիմնադրամ չի դիմել և երբևիցե աջակցություն չի ստացել․ Լարիսա Մինասյան

Ձեր ասած Նարեկ Մալյանը երբևիցե հիմնադրամ չի դիմել և երբևիցե աջակցություն չի ստացել․ Լարիսա Մինասյան

«Բաց հասարակության հիմնադրամների» հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանն այսօր հրավիրված ասուլիսում լրագրողներին հորդորեց չտրվել մանիպուլյացիաներին։ Նա նշեց, որ տևական ժամանակ է՝ հիմնադրամի և իրենց գործընկերների դեմ իրականացվում է լայնածավալ հակաքարոզչություն և տեղեկատվական աննախադեպ ագրեսիվ արշավ, որն ուղեկցվում է ատելության քարոզով և հաճախ բռնության անթաքույց կոչերով։

«Այդ արշավի հեղինակները նենգափոխում են հիմնադրամի գործունեությունն ու դրա առաքելությունը, զրպարտում են Ջորջ Սորոսին և խեղաթյուրում են մեր և մեր գործընկերների աշխատանքին վերաբերող փաստերը»,-ասաց Լարիսա Մինասյանը՝ նկատելով, որ որոշ լրատվամիջոցներ և լրագրողներ ներգրավվել են այս «ապատեղեկատվության և զրպարտության տարածման գործընթացին»։

Ուստի, նա հորդորեց լրատվամիջոցներին չներգրավվել ատելության և ստի արշավի մեջ։ 

Հարցին՝ իրենք նախորդ իշխանության ներկայացուցիչներին ֆինանսավորե՞լ են, նաև Նարեկ Մալյանը, որն այսօր պայքարում է այս հիմնադրամի դեմ, երբևէ դիմե՞լ է Բաց հասարակության հիմնադրամին՝ դրամաշնորհ ստանալու համար։

«Ես չգիտեմ ու չեմ կարող իմանալ բոլորին, բայց ձեր ասած Նարեկ Մալյանը երբևիցե հիմնադրամ չի դիմել և երբևիցե աջակցություն չի ստացել»,-ասաց նա։

Նա նաև նշեց, որ նախորդ իշխանությունների հետ համագործակցությունը եղել է աննորմալ դժվար աշխատանք, որովհետև որևիցե փոփոխություն անելն անգամ շատ բարդ է եղել։

«Դա շատ երկարատև և անհիմն երկարացված աշխատանք էր նախորդ իշխանության հետ»,-ասաց Լարիսա Մինասյանը՝ նկատելով որ փորձել են փոփոխություններ անել նախորդ իշխանության օրոք, բայց չի ստացվել։