Էդմոն Մարուքյան․ Պաշտոնական դավանանքից շեղվածը

Էդմոն Մարուքյան․ Պաշտոնական դավանանքից շեղվածը

Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանում ընդդիմադիրներին ծեծում էին, Սերժ Սարգսյանի օրոք՝ կաշառում, իսկ Նիկոլ Փաշինյանի «նոր Հայաստանում» ընդդիմադիր գործիչներները զոհն են ամբոխի։ Գործ ունենք երեք տարբեր մոտեցումների հետ և հանուն արդարության պետք է նշենք, որ վարչապետ Փաշինյանը բոլոր առումներով գերազանցել է իր երկու նախորդներին։ Փաստացի նա յուրացրել է Քոչարյանի և Սարգսյանի գործիքները և այդ խառնուրդի հիմքի վրա ստեղծել հաշվեհարդարի մի նոր պատժիչ մեքենա։ 

Իհարկե «իմքայլականները» որպես հակափաստարկ կարող են բերել այն հանգամանքը, որ իշխանությունն այլևս չի վառում ընդդիմադիրների մեքենաներն ու այլևս ընդդիմախոսներին լոյալության դիմաց կարգավիճակներ չի շնորհում։ Եկեք շնորհակալություն հայտնենք Նիկոլ Փաշինյանին, որ նա կարող է վառել մեր մեքենաները, բայց չի վառում, իսկապես սա մեծագույն պարգև է, որը մենք՝ անշնորհակալ երախտամոռներս, չենք գնահատում։ 

Իսկ եթե կատակը մի կողմ, ապա առաջարկում եմ հասկանալ, թե որն է Փաշինյանի պատժիչ մեքենայի էությունը։ «Նոր Հայաստանում» իսկապես ընդդիմադիրներին չեն ծեծում և ոչ էլ կարգավիճակի դիմաց լոյալություն պարտադրում, բայց ամենևին էլ պետք չէ ենթադրել, թե բռնության և մարդաորսության էջերը փակված են մեր միջավայրում։ Դրանք որպես գաղափարներ շարունակում են տիրապետող դիրքեր զբաղեցնել, պարզապես դրսևորման ձևերն են կերպափոխվել։ Բռնությունն առաջին հերթին գաղափար է և հետո նոր գործողություն, այսինքն ֆիզիկակական բռնության բացակայությունը ամենևին էլ հիմքեր չի տալիս պնդելու, թե գաղափարն այլևս չեզոքացված է։ 

Ներկայումս հեղափոխականությունը ամբողջատիրական ֆետիշի կարգավիճակ ունի, որը բացառում է այլընտրանքներն ու պարտադրում իր մոնոպոլ իշխանությունը։ Միջնադարյան հռետորաբանությամբ Թավշյա հեղափոխությունը «պետական կրոնի» կարգավիճակ ունի, որի արժեքային տրամաբանությունից դուրս ամեն ինչ դիտարկվում է որպես աղանդ (հերձված)։ 

Իսկ աղանդավորներն ու հերձվածողները պետք է պաշտոնական դավանանքի կողմից նզովվեն, արժանանան հանրային պարսավանքի և կանգնեն ինկվիզիցիայի դատարանի առջև։ Պարզապես միջնադարյան արյունոտ ինկվիզիցիային փոխարինել է 21-րդ դարի անարյուն ինկվիզիցիան և ընդդիմադիր-աղանդավորներին այրելու փոխարեն ոչնչացնում են մարդկայնորեն։ Եկեղեցական մարդակերությունը փոխարինվել է վիրտուալ մարդակերությամբ, իսկ ինկվիզիտորների փոխարեն դահիճի դերակատարությունը ստանձնել են հեղափոխական վարձկանները։ Ահա սա է Նիկոլ Փաշինյանի պատժիչ մեքենայի էությունը, որտեղ ներկա են ինչպես քոչարյանական բռնության այնպես էլ սարգսյանական մարդաորսության գաղափարները։ Ով համաձայն չէ վարչապետի հետ, նա դատապարտված է հոգևոր ոչնչացման, բայց սրանից զատ հեղափոխությունն իր դռներն է բացում նաև նրանց առջև, որոնք ի սկզբանե հեղափոխական չեն եղել, բայց կարգավիճակի դիմաց պատրաստ են հեղափոխական վարձկան դառնալ։ Ի՞նչ է սա, եթե ոչ մարդկանց գնելու և մարդաորսության սարգսյանական պրակտիկայի վերագործարկում։ Այսինքն մարդկանց ոչնչացնելուց անդին, հովանավորվում է նաև քաղաքական դավաճանությունը, պարզապես հիմա հեղափոխական վարձկաններն իբրև թե ծառայում են «վեհ» գաղափարին։ Իսկ ամբոխի հռչակած «վեհ» գաղափարը բացարձակ ճշմարտություն է, իսկ դրան ծառայելը մեծագույն առաքելություն։ Օրինակ՝ նախկին ՀՀԿ-ական Գևորգ Պապոյանն ու Էդմոն Մարուքյանի երբեմնի զինակից Հայկ Կոնջորյանը ասվածի լավագույն վկայությունն են։ Ամբոխը ներել է նրանց դավաճանությունը, քանի որ նրանք ծառայում են պաշտոնական դավանանքին՝ դառնալով վարձկանները հեղափոխության։ 

Վերադառնալով ընդդիմադիր-հերձվածողների թեմային՝ նշենք, որ այս պահի դրությամբ Հայաստանի թիվ մեկ «աղանդավորը» լուսավոր Էդմոն Մարուքյանն է։ Նա համարձակվել է անհամաձայնություն հայտնել հեղափոխության անսխալ և կատարյալ նավապետին՝ Նիկոլ Փաշինյանին, ավելին՝ նա քննադատել է առաջնորդին և ամեն օր քննադատում է, առանց հասկանալու, որ «շեղվում է» պաշտոնական դավանանքից։ Իսկ շեղվել դրանից, նշանակում է դառնալ անարյուն ինկվիզիցիայի և մարդատյաց ամբոխի զոհը։ Փաստացի ամբոխը վիրտուալ փողոցից տեղափոխվել է պառլամենտ՝ փոխակերպելով դրան փողոցային պառլամենտի, որտեղ առաջին հերթին խոսք են վերցնում հեղափոխության վարձկանները՝ գևորգպապոյանները։ Նրանք այլ առաքելություն չեն ունեցել և չեն էլ կարող ունենալ։ Գևորգպապոյանները նախատեսված են տիրոջ՝ հեղափոխության առաջնորդի կամքով, այլախոհներին ոչնացնելու համար։ Այսօր Նիկոլ Փաշինյանը հրահանգել է հարձակվել Մարուքյանի վրա, վաղը այդ թիրախում կարող է հայտնվել ուրիշ մեկը։ Փաստացի ոչ մի տարբերություն չկա Պապոյանի և ֆեյսբուքում հայհոյող իշխանական կեղծ օգտատիրոջ միջև։ Նրանք երկուսն էլ ֆեյք են և բռնության գործիքի կարգավիճակ ունեն, երկուսն էլ ամբոխի դրսևորումներն են և ծառայում են նույն նպատակին։ Ցավոք սրտի ամբոխ է դարձել նաև ժողովրդի մի զգալի մասը։ Ի դեպ մենք ամենևին էլ չենք փորձում վիրավորել ՀՀ քաղաքացիներին։ Եթե վիրավորելու միտում ունենայինք, ապա կասեինք, թե ժողովուրդն ամբոխ է։ Բայց մենք ասում ենք, որ նա ամբոխ չէ, նրան դարձրել են ամբոխ, քանի որ ամբոխային վարքագիծը ձեռքբերովի կարգավիճակ է, այլ ոչ թե հավերժական և ի սկզբանե։ 

Վերջաբանի փոխարեն վերստին կրկնենք հետևյալ միտքը․ բռնության և մարդաորսության գաղափարները չեն հեռացել մեր իրականությունից։ Վարչապետ Փաշինյանը կատարելագործել է դրանք և դարձրել էլ ավելի արդյունավետ։ Փաստացի բոլոր այն գործիչները, որոնք համարձակվում են հակառակվել վարչապետի կամքին, դատապարտված են դառնալ զոհը ամբոխի՝ փաշինյանական պատժիչ մեքենայի։ Այս պարագայում տրամաբանական հարց է առաջանում, թե անարյուն հաշվեհարդարը դեռ որքան ժամանակ պետք է պահպանի իր անարյուն կարգավիճակը։ Չէ՞ որ բռնության գաղափարը այն է, ինչ-որ կա և ամեն րոպե կարող է փոխակերպվել գործողության։