Արցախյան բեռից ազատվելու գաղափարի ոդիսականը

Արցախյան բեռից ազատվելու գաղափարի ոդիսականը

2020 թվականի խայտառակ պարտությունից հետո մի քանի անգամ անդրադարձել եմ հուլիսյան դիրքային մարտերին ու փորձել հասկանալ դրանց իմաստը: Մինչ պարտությունը դիրքային մարտերի հաղթանակն ընկալվում էր հենց որպես այդպիսին՝ ուղղակի փոքրիկ հաղթանակ: Ու այդ ընկալումը նորմալ էր. մեր տարածքում թշնամին չգիտես երբ եւ չգիտես ինչպես առաջ էր եկել, եւ նրան պետք էր հետ մղել: Ու դա էլ հենց տեղի էր ունեցել: Հատկապես որ մարտերից առաջ (թե՞ հետո՝ արդեն մոռացել եմ) հնչել էր մեր պաշտպանության նախարարի «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» կարգախոսը: Իսկ հետո եղավ պարտություն՝ երկրի ապաշնորհ ղեկավարության եւ կամ դավաճանության պատճառով, ու հուլիսյան հաղթական մարտերն արդեն չընկալվեցին նախկին ձեւով: Կա՛մ չպետք է լինեին հաղթական դիրքային մարտերը, ու չպետք է բաժանվեին շքանշաններ եւ այդ թվում հերոսի կոչում, կա՛մ չպետք է դրանց հետեւեր պարտություն, այն էլ՝ այդքան խայտառակ: 

Հետո հասկանում ենք, ու հաղթական դիրքային մարտերից հետո կազմակերպված շքանշանային շոուն մտադրությունների ու իրադարձությունների տրամաբանական շղթայում մեկ ամբողջություն էր մնացածների հետ: Այսպես․ դեռեւս 2019-ի աշնանն արդեն կար մի քանի հազար զոհ տալու գնով արցախյան բեռից ազատվելու նիկոլական գաղափարը: Դրանից հետո հասկանալի է դառնում նախորդ տարվա աշնանային պատերազմի առաջին օրվա՝ «Ինչ էլ պատահի՝ մենք մեզ պարտված չենք ճանաչելու» կործանարար դատողության իմաստը: Այնուհետեւ առաջ է գալիս կոմունիկացիաների բացման գաղափարն ու վերջապես անուղեղ զանգվածի համար նախատեսված՝ «Մենք նրանց թշնամի ենք համարում, նրանք մեզ թշնամի են համարում» ցնդաբանությունը, իսկ այնուհետեւ շրջանառության մեջ է դրվում «խաղաղության դարաշրջան» բացելու գաղափարը: Ի դեպ, հենց որպեսզի «նրանք մեզ թշնամի չհամարեն», կազմակերպվում է արցախյան երկրորդ լայնածավալ պատերազմում մեր խայտառակ պարտությունը:

Դրան էր միտված նաեւ բանակի հրամանատարական կազմի կազմալուծումը. արցախյան առաջին պատերազմի հերոս ու կարողունակ բոլոր հրամանատարները դուրս մղվեցին բանակից:
Ի՞նչ կապ ունի այդ ամենը հուլիսյան մարտերի հետ՝ կհարցնեք դուք: Պատասխանեմ՝ անմիջական: Նիկոլը, իր կարծիքով, ազատվում էր «Արցախի բեռից», սակայն պահպանում էր Հայաստանի Հանրապետության սահմանների անառիկությունը: Նա համաձայն էր շալակել պարտության բեռը՝ հիշենք պարտությամբ հպարտանալը, սակայն դա վերաբերում էր զուտ Արցախին: Իսկ ընդհանրապես՝ նա պետք է պահպաներ իր դեմքը. հիշենք աշնանային պատերազմի սկզբում այն չդադարեցնելու մոտիվացիան՝ «բա որ ինձ համարեին դավաճան»:

Ինքը չէր ցանկանում դիտարկվել որպես այդպիսին՝ նա հանձնում էր Արցախը, որպեսզի Հայաստանի Հանրապետության համար, իր կարծիքով, ապահովեր խաղաղության ու զարգացման դարաշրջան: Հայաստանի Հանրապետության անվտանգության առումով դեռեւս խնդիր չկար՝ այն ապահովվում էր Ռուսաստանի Դաշնության կողմից: Իսկ հետագայում, երբ մենք ու ադրբեջանաթուրքական տանդեմը «միմյանց նկատմամբ դադարեինք լինել թշնամի», ռուսները կարող էին եւ հեռանալ: Ինչը նշանակում էր, որ մենք այլեւս լուրջ բանակի կարիք չէինք ունենա: Ըստ այդմ՝ շրջանառվեց բանակում բարեփոխումներ կատարելու՝ պրոֆեսիոնալ փոքր կազմով զինված ուժերի կազմավորման գաղափարը: Դրանով ապահովվելու էր նրա՝ «մենք այլեւս երբեք չենք հարձակվելու» թեզը՝ փոքրաքանակ զինված ուժերը հարձակման առումով անբավարար են, եւ դա հասկանում են նաեւ «նիկոլաքիրվաները»: Ձեւի համար սկզբում կշարունակեին կազմակերպել եռամսյա ռազմական հավաքները, բայց ժամանակի ընթացքում դրանք էլ կվերացվեին:

Սակայն խաղաղասիրական «հանճարեղ» ծրագիրը տապալվեց մի հասարակ գործոնի պատճառով. այդ ամբողջ բարդ սխեման մշակելիս հաշվի չէր առնվել, որ մենք շրջապատված են ոչ թե քրիստոնյա եվրոպական ազգերով, այլ վայրենի արեւելյան խանությամբ ու կայսրական հավակնություններով մեկ այլ պետությամբ: Դրանցից առաջինի ղեկավարը, հաղթանակի փառքի մեջ կորցնելով մարդկայնության փշրանքները (եթե դրանք ուներ) ու զգոն մտածելու կարողությունը, խառնեց բոլոր պլանները: Չբավարարվելով արդեն ունեցածով, այդ թվում՝ բանավոր պայմանավորվածությամբ ստացած ու ստանալիք, նա խախտեց Հայաստանի Հանրապետության սահմանները: Նա ոչ միայն կտրեց Գորիս-Կապան միջպետական ճանապարհը, ինչը, ենթադրաբար, բանավոր պայմանավորվածությունների շրջանակում էր, այլեւ հյուսիսից հարավ մի քանի հատվածում մի քանի կիլոմետր խորացավ մեր տարածքի մեջ: Դա հաստատ չէր մտնում բանավոր պայմանավորվածությունների մեջ: Դրանով կասեցվեց սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը: Միաժամանակ, ագրեսիվ սպառնալիքներով շարունակեց պահանջել սյունիքյան միջանցքը: Այդ մեկը, ենթադրաբար, դուրս էր պայմանավորվածությունների շրջանակից: 

Բանավոր պայմանավորվածություններից դուրս Իլհամի գործողությունները չէին մտնում Նիկոլի կողմից մշակված ծրագրի մեջ ու կարող էին տապալել ողջ ծրագիրը: Ու այդ պատճառով Նիկոլը գնաց արտահերթ խորհրդարանական ընտրության անցկացմանը: Նրան հետպատերազմյան նոր լեգիտիմություն էր անհրաժեշտ, որպեսզի խախտված սահմանների պարագայում առաջ տաներ խաղաղություն մուրալու խայտառակ գաղափարը: Բայց միաժամանակ վստահ չէր, որ կստանար ընտրողների վստահությունը. դա նման է մոլախաղերի մասնակցի՝ ամեն ինչ կամ ոչինչ խաղադրույքին: Որպեսզի համոզվեք դրանում՝ կրկին դիտեք հունիսի 20-ին քվեարկելուց հետո ընտրատեղամասից նրա դուրս գալու եւ մեքենա նստելու կարճ տեսաերիզը՝ այն կա համացանցում:

Սակայն, նույնիսկ իր համար զարմանալիորեն, խաղադրույքը շահեց, ինչը նրա ուղեղում ամրապնդեց իր «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» թեզը: Սակայն նա արդեն կորցրել է ամեն ինչ՝ խայտառակ պարտություն է կրել պատերազմում, փչացրել է հարաբերությունները Ռուսաստանի ու Իրանի հետ, հարվածի տակ է դրել բուն Հայաստանի Հանրապետության սահմանները: Նրան օդ ու ջրի նման անհրաժեշտ է հարաբերությունների կարգավորում Թուրքիայի, իսկ այնուհետեւ՝ նաեւ Ադրբեջանի հետ: Հանուն դրա նա պատրաստ է գնալ ամեն քայլի: Իսկ դա հենց այն է, ինչը չպետք է թույլատրվի: Եվ որպեսզի դա չթույլատրվի, ու խաղաղություն մուրալու գաղափարը կյանքի չկոչվի, «պարտությամբ հպարտացող» կամ, ավելի ճիշտ, «պարտության կնքահայր» Նիկոլը պետք է ժամանակին հեռացվի իշխանությունից: