Փոխնախարարի հորն ու մորը հրավիրել են դատախազություն

Փոխնախարարի հորն ու մորը հրավիրել են դատախազություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանի հորը՝ Ավետիք Հարությունյանին և մորը՝ Դշխուհի Հարությունյանին հրավիրել են դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով վարչություն՝ նրանց պատկանող գույքի վերաբերյալ սկսված ուսումնասիրության շրջանակներում դիրքորոշում հայտնելու համար։ Թե ինչ գույքի մասին է խոսքը, չի նշվում, սակայն մոտ 1 տարի առաջ մամուլը գրեց, որ փոխնախարար Հովհաննես Հարությունյանի ընտանիքին պատկանող «Շինկարկաս» ընկերությունը դեկտեմբերի 6-ին 67 մլն դրամի (ավելի քան 170 000 դոլար) համաձայնագիր է կնքել Շիրակի մարզպետարանի հետ։

Համաձայնագիրը կնքվել է Գյումրիի թիվ 41 հիմնական դպրոցի շենքի տանիքի վերանորոգման համար։

Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ «Շինկարկաս»-ը հիմնադրվել է 1999 թվականին, Հովհաննես Հարությունյանի հոր՝ Ավետիք Հարությունյանի կողմից, Գյումրիում։ Ընկերության 70 տոկոսի բաժնետերը Հովհաննես Հարությունյանի եղբայրն է՝ Անուշավան Հարությունյանը, իսկ 30 տոկոսը պատկանում է մորը՝ Դշխուհի Հարությունյանին։