Ոստիկանությունը ծառայում է օրվա իշխանությանը. Գարիկ Սարգսյան (Տեսանյութ)

Ոստիկանությունը ծառայում է օրվա իշխանությանը. Գարիկ Սարգսյան (Տեսանյութ)

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը պնդում է` Նորաշեն համայնքի համայնքապետ Նորայր Գրիգորյանը 6 ամիս շարունակ ավագանու նիստ չի հրավիրել, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որպեսզի նրան պաշտոնանկ անի:

«Հրապարակը» հետաքրքրվեց, թե ինչպե՞ս ավագանու նիստ չի հրավիրել, եթե մարզպետարանի պաշտոնական կայքում տեղադրված են այդ նիստերի արձանագրությունները, Սարգսյանը պատասխանեց, որ այդ ուղղությամբ ուսումնասիրություններ են ընթանում:

Գարիկ Սարգսյանը սուտ համարեց համայնքապետի այն հայտարարությունը, թե իր և մարզպետի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Սարգսյանը իրեն առաջարկել է մտնել ՔՊ, իսկ ինքը մերժել է: Սարգսյանի խոսքով՝ իրենք որևէ համայնքապետի նման առաջարկ չեն արել, քանի որ հաշվի են առնում նրա հետագիծն ու կենսագրությունը:

Հարցրինք՝ այդ դեպքում ինչպե՞ս Հունան Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում, չէ՞ որ նա հանրապետական իշխանության օրոք փոխոստիկանապետ էր, իսկ իրենք, երբ ընդդիմություն էին, պնդում էին, որ ոստիկանությունը օրվա իշխանությանն է ծառայում: Սարգսյանը ասաց, որ նորմալ է, երբ ոստիկանությունը օրվա իշխանությանն է ծառայում: