Իր տան գլխին ամրացրել է եռագույնը

Իր տան գլխին ամրացրել է եռագույնը

Բարձրահարկի պատուհանից որ դուրս եմ նայում, դիմացս մոնումենտն է փռված։ Շքեղ տների հետևում թաքնված են փոքրիկ սեփական տներ։ Տներից մեկի վրա հայկական եռագույնն է ծածանվում։ Ու քանի որ այստեղ քամին միշտ վազվզում է, օրվա տարբեր ժամերի դրոշը տարբեր ձևով է երևում՝ մեկ ծալված, մեկ փայտի վրա փաթաթված, մեկ բացված ու հպարտ․․․

Ու քանի որ հաճախակի եմ նայում, տեսնում եմ, որ տարիքն առած մի մարդ ամեն օր հայկական դրոշը ամրացնելով է զբաղված։ Փոքրիկ մի դրվագ է, բայց ինձ համար մի մեծ պատմություն է։ Հայն իրեն անվտանգ չի զգում։ Հայ մարդու մոտ վախ կա իր դրոշի, պետության հանդեպ։ Նրա ընդվզումն արտահայտվում է սեփական տան վրա դրոշ ամրացնելով։

Տեսնելով, որ ամեն օր հայկական դրոշերի փոխարեն ադրբեջականն է խոյանում, նա իր տան գլխին ամրացրել է եռագույնը։ Դա իր պայքարի, ըմբոստության յուրահատուկ ձևն է։ Հայ մարդու համար դրոշը թանկ է, անփոխարինելի։