«Ամեն ինչ լավ է, ամեն ինչ լավ է» 

«Ամեն ինչ լավ է, ամեն ինչ լավ է» 

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյան Արարատը մեկ-երկու օր առաջ հարցազրույց է տվել հունական «Կաթիմերինի» պարբերականին: Ներկայացնեմ մեկ հատված այդ հարցազրույցից: «Գործընթացը (խաղաղության, մերձեցման, քիրվայության և այլն՝ Վ.Ս.) շատ ավելի հարթ և արդյունավետ կընթանար, եթե Ադրբեջանը զերծ մնար իր վտանգավոր առավելապաշտությունից և հայատյաց հռետորաբանությունից, դադարեր պատանդառության մեջ պահել բազմաթիվ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ոչնչացնել հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը, խոչընդոտել միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի և այլն»: Ծանոթ արտահայտություններ են, չէ՞: Վաղուց արդեն ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի և նրա «ուսապարկերի» նման մտքերը նորություն չեն: Թշնամի երկրի ղեկավարը վաղուց արդեն այդ մարդկանց փորձում է ինչ-որ բան հասկացնել: Եվ դա ամրապնդում է նորանոր սադրանքներով: Բայց վերջիններս համառորեն իրենց դնում են հայտնի կենդանու տեղը և շարունակում են խաղաղության, մերձեցման, քիրվայության և այլնի հաստատման իրենց գիծը: Արդյունքում զինվորներ են մահանում դիրքերում՝ էլ չասած թշնամուն հանձնված տարածքների մասին:

Եվ քանի դեռ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձը մեզ մնում է ապավինել Աստծուն ավելի վատ վիճակում չհայտնվելու առումով:  Ու մեկ-մեկ էլ դառնությամբ հիշել ֆրանսիական «Ամեն ինչ լավ է, գեղեցիկ մարկիզուհի» երգի բառերը: 

«- Բարև, բարև, Ջեյմս, ի՞նչ նորություն կա: Վաղուց տանը չեմ եղել: Տասնհինգ օր է, ինչ բացակայում եմ: Ինչպե՞ս են մեր գործերն այդտեղ:

- Ամեն ինչ լավ է, գեղեցիկ մարկիզուհի: Գործերը լավ են, և կյանքն է թեթև: Չկա որևէ տխուր անակնկալ՝ Բացառությամբ մի մանրուքի: Հեչ, անհեթեթ, դատարկ մի բան. Ձեր ձին սատկել է: Իսկ մնացյալում, գեղեցիկ մարկիզուհի, Ամեն ինչ լավ է, ամեն ինչ լավ է»:
Ըստ Վիքիպեդիայի, առաջին անգամ այս պատմությունը հիշատակվել է 12-րդ դարի սկզբին։ Ազգությամբ հրեա իսպանացի աստվածաբան, աստղագետ, թարգմանիչ և նորադարձ (այսինքն՝ քրիստոնեություն ընդունած) Պեդրո Ալֆոնսոն լատիներենով (Disciplina Clericalis) կազմում է զվարճալի պատմությունների ժողովածու՝ «Կղերականի ուսուցման գիրքը»: Ժողովածուի սյուժեները նա վերցնում է արևելյան՝ արաբական, պարսկական և հնդկական գրականությունից։ Հավաքածուն լայնորեն տարածվում է միջնադարյան Եվրոպայում, այդ թվում՝ ֆրանսերեն, իսպաներեն, անգլերեն և գերմաներեն թարգմանություններով: Գրքի 22-րդ գլխում ներկայացված է տիրոջ և նրա սևամորթ ծառա Մայմունդի երկխոսությունը, ինչը և հանդիսացել է 1935 թվականին երգ գրելու հիմքը: Ի դեպ, երգի հիմնական հեղինակ (երգն ունեցել է ևս երկու համահեղինակ), հանրահայտ ֆրանսիական կոմպոզիտոր Պոլ Միսրաքին ևս ազգությամբ հրեա էր:

Վերադառնանք մեր իրականություն, որը վերածվել է «Ամեն ինչ լավ է, գեղեցիկ մարկիզուհի» երգում ներկայացված զավեշտին: Վերջում պարզվում է, որ ամուսինն ինքնասպանություն է գործել և հընթացս ողջ ունեցվածքն է մոխրացել, սակայն «ամեն ինչ լավ է», քանի որ գեղեցիկ մարկիզուհին չէր ցանկանում լսել վատ նորություններ: Այդպես էլ այսօր՝ մենք մոտենում ենք պետականության կորստի եզրագծին, քանի «ժողովրդի փրկիչը» համառորեն խուսափում է իրականությանն առերեսվելուց: Քանի որ պարտված ու խեղճացված լինելով թշնամու կողմից՝ այդպիսին է դարձրել հասարակության մեծամասնությանը: Եվ նրա վրա հենված՝ խաղաղություն է մուրում թշնամուց: Իսկ թշնամին թքած ունի ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի և նրա կամակատար ենթականների բարձրաձայնած «շատ ավելի հարթ և արդյունավետ ընթանալիք» գործընթացի վրա: Արդյունքում շարունակում են զինվորներ մահանալ և տարածքներ հանձնվել...