Արցախում քարոզչական դեսա՞նտ

Արցախում քարոզչական դեսա՞նտ

Իրազեկ աղբյուրներն ասում են, որ Արցախի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է Ստեփանակերտում հայաստանյան «դեսանտայինների» ներգրավմամբ: Նախագահի թեկնածուներից մեկին աջակցողներն արդեն իսկ հասցրել են նենգափոխել նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի երեկվա ելույթը՝ նրան վերագրելով այն միտքը, թե կցանկանար Արցախը տեսնել Հայաստանի մաս, իսկ իրեն՝ մարզպետ: 

Լրատվամիջոցն, ընդսմին, տպավորություն է փոխանցել, թե Արցախի միավորումը Հայաստանին արցախյան հանրության լայն շրջանակների կողմից չի պաշտպանվում: Ստացվում է բավական տխուր պատկեր. սկզբունքորեն ոչ մի ռեսուրս չունենալով Արայիկ Հարությունյանի նախընտրական Ծրագրի եւ նրա գրագետ կազմակերպած ընտրարշավի դեմ, մրցակիցներին այլ բան չի մնում, քան շահարկել թեմա, որը ներկա ընտրապայքարի տրամաբանությունից դուրս է: Արցախն ընտրում է նախագահ, խորհրդարան, որպեսզի ձեւավորի իր նոր իշխանությունը: Ի՞նչ ընթացք կունենա կարգավորումը, ի՞նչ ճանապարհ կընտրվի՝ ապագայի հարց է:

Արժե միայն ընդգծել, որ 1988-ի Շարժումն սկսվել է «միացում» կարգախոսով, եւ Արցախում ոչ մի քաղաքական գործիչ երբեւէ չի ասել, որ վերջնական նպատակը միասնական Հայաստանի կերտումը չէ: Ի դեպ, Արայիկ Հարությունյանի դեմ քարոզչություն իրականացնող լրատվամիջոցի հովանավորը ժամանակին 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշման հիմքով է Հայաստանի նախագահի թեկնածու գրանցվել եւ պաշտոնավարման 10 տարիներին Արցախի հարցում միանշանակորեն վարել նախկին ԼՂԻՄ-ի տարածքը Լաչինի միջանցքով Հայաստանին միացնելու քաղաքականություն: