Ֆորդը, Բեռնարդ Շոուն, Էյնշտեյնը և այլք՝ ծիծաղաշարժ միջադեպերում

Ֆորդը, Բեռնարդ Շոուն, Էյնշտեյնը և այլք՝ ծիծաղաշարժ միջադեպերում

Մի անգամ Հենրի Ֆորդը, իր ապրանքանիշի փոքր ավտոմեքենայով երթեւեկելիս, ճանապարհին նկատում է իր նույն ավտոմեքենայից` անսարք շարժիչով: Նա անմիջապես անծանոթ վարորդին օգնություն է ցույց տալիս, տրամադրում անհրաժեշտ մասերը, վերագործարկում շարժիչը: Երբ երախտապարտ վարորդը նրան 5 դոլար է մեկնում, Ֆորդը ժպտում է` ասելով. «Ոչ, ոչ, պետք չէ փող տալ: Գործերս, այսպես թե այնպես, վատ չեն»: «Այդքան էլ հավատալի չէ, հարգելիս,- պատասխանում է Ֆորդի զրուցակիցը։- Եթե հաջողություն ունենայիք Ձեր աշխատանքում, այդպես չէիք ցնցվի այս խեղճուկրակ ֆորդիկում…»:

Գալիլեո Գալիլեյն իր ամուսնական առաջին գիշերն անցկացնում է գիրք կարդալով: Նկատելով, որ արդեն լուսանում է, գնում է ննջարան ու անմիջապես դուրս գալիս այնտեղից` հարցնելով աղախնին. «Ո՞վ է պառկած իմ անկողնում»: «Ձեր կինը, պարոն»,- պատասխանում է աղախինը: Գալիլեոն մոռացել էր, որ ամուսնացել է:

Գերմանացի մաթեմատիկոս Պետեր Գյուստավ Դիրիխլեն շատ քչախոս էր: Երբ ծնվում է նրա որդին, նա հեռագիր է ուղարկում աներոջը, որը թերեւս ամենակարճ հեռագիրն է պատմության մեջ` «2+1=3»:

Ամերիկացի հանճարեղ գիտնական, մաթեմատիկոս Թոմաս Էդիսոնը երբեմն չէր աշխատում առանց օգնականի: Լաբորատոր փորձերի ու նոր տեխնիկայի փորձարկումների ժամանակ նրան երկար ժամանակ օգնում էր իր ասիստենտներից մեկը, որը նախկինում սովորական նավաստի էր եղել: Երբ վերջինին հարցնում են` ինչպես է Էդիսոնն իր հայտնագործություններն անում, նա ամեն անգամ անկեղծորեն զարմանում է. «Ես էլ գլուխ չեմ հանում: Ախր ամեն ինչ նրա փոխարեն ես եմ անում, իսկ Էդիսոնը մռթմռթում է ու ինձ նկատողություններ անում: Եվ, ընդհանրապես, ես աշխատում եմ, իսկ նա` հանգստանում»:

Մի անգամ Վոլտերը հրավիրված է լինում ընթրիքի: Սեղանի շուրջ նա հայտնվում է երկու տղամարդկանց միջեւ: Լավ խմելուց հետո հարեւաններն սկսում եմ վիճել, թե ինչպես է ճիշտ դիմել աղախնին` «ջուր բերեք ինձ համա՞ր», թե՞ «ջուր տվեք ինձ»: Վոլտերը, իր կամքից անկախ, հայտնվում է այդ վեճի էպիկենտրոնում: Ի վերջո, հոգնելով այդ անհեթեթությունից, չի դիմանում եւ ասում է. «Պարոնայք, ձեր երկուսի դեպքում էլ այդ երկու արտահայտությունները կիրառելի չեն: Երկուսդ էլ պետք է ասեք` «տարեք ինձ ջուր խմելու»»:

Ֆրանսիայում ճամփորդելիս Մարկ Տվենը գնացքով մեկնում է Դիժոն: Նա խնդրում է Դիժոն հասնելիս իրեն արթնացնել, որ իջնի գնացքից: Նաեւ զգուշացնում է ուղեկցորդին. «Ես շատ խորն եմ քնում: Երբ Դուք փորձեք արթնացնել ինձ, գուցե ես սկսեմ բարձր բղավել: Դրան ուշադրություն չդարձնեք եւ ինձ անպայման Դիժոնում կիջեցնեք»: Երբ Մարկ Տվենն արթնանում է, տեսնում է` արդեն առավոտ է, եւ գնացքն արդեն հասնում է Փարիզ: Հասկանում է` Դիժոնն անցել են, շատ է զայրանում: Մոտենում է ուղեկցորդին. «Ես երբեք այսքան զայրացած չեմ եղել»,- բղավում է Տվենը: «Դուք այնքան էլ ուժեղ չեք զայրանում, ինչպես այն ամերիկացին, որին ես գիշերն իջեցրի Դիժոնում»,-պատասխանում է ուղեկցորդը:

Մի անգամ Ալեքսանդր Պուշկինի ծանոթներից մեկը` Կոնդիբա անունով, հարցնում է նրան` կարո՞ղ է արդյոք հանգեր հորինել «рак» եւ «рыба» բառերի համար: Պուշկինը պատասխանում է. «Дурак Кондыба»: Կոնդիբան ամաչում է եւ առաջարկում հիմա էլ փորձել «рыба եւ рак» հերթականությամբ: Պուշկինն այստեղ էլ իրեն չի կորցնում` ասելով` «Кондыба - дурак»:
Չարլզ Դարվինի այգեպանը, որ տասնյակ տարիներ ծառայել էր նրան, մեծ սեր էր տածում նրա հանդեպ, սակայն վերջինիս ունակությունների մասին պատկերացում չուներ. «Լավն է տարեց պարոնը, սակայն, ցավոք, չի կարողանում իրեն արժանի զբաղմունք գտնել: Ինքներդ դատեք. մի քանի րոպե կանգնում է` հայացքը հառած ինչ-որ ծաղկի: Դա կարո՞ղ է անել մի մարդ, որը լուրջ զբաղմունք ունի»:

Մի անգամ Վլադիմիր Մայակովսկին Պոլիտեխնիկական ինստիտուտում ելույթ ունենալիս ասում է. «Ռուսների մեջ ես ինձ ռուս եմ զգում, վրացիների մեջ` վրացի»: «Իսկ հիմարների մե՞ջ»,- հանկարծ մեկը բղավում է դահլիճից: «Հիմարների մեջ ես առաջին անգամ եմ»,- պատասխանում է Մայակովսկին:

Շատ մռայլ մի տղամարդ Բեռնարդ Շոուին ասում է. «Դուք այնպիսի տեսք ունեք, որ կարելի է մտածել, թե Ձեր ընտանիքը սոված է»: «Իսկ Ձեզ նայելով` կարելի է մտածել, որ Դուք եք այդ աղետի պատճառը»,- պատասխանում է Բեռնարդ Շոուն:

Ալբերտ Էյնշտեյնը տրամվայով մեկնելիս է լինում Լայպցիգ: Աշխատակիցը մոտենում է Էյնշտեյնին եւ խնդրում վճարել երթեւեկության գումարը: Վերջինս հաշվում է գումարն ու մեկնում աշխատակցին, որը, նորից հաշվելով գումարը, տեղեկացնում է, որ 5 պֆեննիգ պակասում է: «Ես ուշադիր հաշվել եմ, հնարավոր չէ»,- պատասխանում է Էյնշտեյնը: Աշխատակիցը վերադարձնում է գումարը, եւ Էյնշտեյնը տեսնում է, որ, իսկապես, պակաս է վճարել: Այդ ժամանակ արդեն բավականին հայտնի ֆիզիկոսն ավելացնում է պակասող գումարն ու վերջապես վճարում: Իսկ աշխատակիցը քմծիծաղով ասում է Էյնշտեյնին. «Կարող էիք գոնե այս տարիքում սովորել հաշվել… գոնե մինչեւ 5-ը, դա այդքան էլ մեծ գործ չէ»:

Մի անգամ` ընդունելության ժամանակ, Չարլի Չապլինը կատարում է բավականին բարդ օպերային մեներգ: Երբ նա ավարտում է, հյուրերից մեկը բղավում է. «Հրաշալի՜ է: Ես չէի էլ ենթադրում, որ Դուք այսքան հոյակապ երգում եք»: «Ամենեւին, ես երբեք չեմ կարողացել երգել,- պատասխանում է Չապլինը,-ես ընդամենը ընդօրինակում էի հայտնի մի տենորի, որին լսել էի օպերայում»:

Նյութի աղբյուր` obshe.net
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ