Ինչո՞վ է տարբերվում  Covid-ի վճարովի և անվճար բուժումը 

Ինչո՞վ է տարբերվում  Covid-ի վճարովի և անվճար բուժումը 

«Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնը ինչպես և այլ կլինիկաներ, վարում և իրականացնում է Covid-19-ով վարակված հիվանդների վերահսկողություն և բուժում։ Կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Մանգոյանի խոսքով՝ շատ մարդիկ գերադասում են բուժվել տանը և ոչ թե հիվանդանոցում, նույնիսկ ոչ թե թեթև, այլ միջին ծանրության դեպքերում։ Նման մարդկանց համար կենտրոնում ստեղծվել է նոր տիպի կորոնավիրուսի վճարովի ծառայություն՝ ամբուլատոր պայմաններում։ «Շատ մարդիկ մեզնից ակնկալում էին և մենք տրամադրեցինք Covid-ի բուժման վճարովի փաթեթներ։ Հիմնական տարբերությունը պետական և վճարովի բուժօգնության փաթեթի պարունակությունն է։ Օրինակ՝ նույն ախտորոշման մեջ պետությունը միայն ՊՇՌ թեստ է տրամադրում։ Հետո մարդն անում է երկրորդը՝ ստուգելու լավացե՞լ ես, թե ոչ, սա պետությունը չի ծածկում»,-ասում է պոլիկլինիկայի տնօրեն Հարություն Մանգոյանը։ Նրա խոսքով՝ բնական է, որ վճարովի փաթեթում ներառված են այնպիսի թեստեր, որոնք պետությունը չի ծածկում։

«Վարդանանցն» այդ փաթեթի շրջանակներում մշակել է հատուկ ախտորոշիչ համալիր փաթեթներ,որոնք բաղկացած են ոչ միայն ՊՇՌ, այլև մի շարք գործիքային և լաբորատոր, բժշկի պնդմամբ՝ հասանելի թեստերից, որոնք միասին կտրուկ բարձրացնում են ախտորոշման արդյունավետությունն ու ճշգրտությունը։

«ՊՇՌ թեստն ունի 30- 35 տոկոս սխալվելու հավանանակություն, իսկ մեր փաթեթների ներքո այդ հավանականությունը հասնում է 4-5 տոկոսի, եթե մարդը կատարում է մեր փաթեթում ներառված բոլոր թեստերը» ,-ասում է բժիշկ Մանգոյանը։ Նա կարևորում է՝ ասելով, որ լիարժեք բուժումն առանց ճշգրիտ ախտորոշման, ուղղակի անհնար է։

-Ի դեպ, բազմաթիվ են նման դեպքերը, երբ առաջին, երկրորդ անգամ թեստը եղել է բացասական, վերջինը, երբ մարդու վիճակը կտրուկ վատացել է ու նա ծանր ու ծայրահեղ ծանր վիճակով հոսպիտալացվել է, եղել է դրական։

-Սա շատ լուրջ հարց է, որովհետև այս ասպարեզում, արտահիվանդանոցային օղակում մենք իսկապես առաջինն ենք, որ վերլուծելով միջազգային փորձը, եկանք այն եզրահանգման, որ չի կարելի մեկ թեստի վրա հույս դնել և մեկ թեստի հիման վրա ասել՝ ունե՞ս հիվանդություն կամ չունես։ Մենք ամբողջովին հասկանում ենք պետական մարմինների մոտեցումը, որն ըստ ԱՀԿ-ի խորհուրդների, այո, թեստն է ընդունում որպես ոսկե ստանդարտ, բայց ԱՀԿ-ի խորհուրդները գլոբալ բնույթ են կրում։ Այս կազմակերպությունը երբեք չի ասում, որ գիտես ինչ, դու ավել բան չպետք է անես։ Ինքը ուղղությունն է ցույց տալիս, և այստեղ է, որ պետք է առանձին կենտրոնները մշակեն սեփական քաղաքականությոնը։ Մենք մերը մշակել ենք և արդեն կուտակվել է այս ուղղությունով գնալու փորձ։ Այսինքն՝ մի քանի թեստեր անելով, ըստ որում, մատչելի, կարող ես մարդկանց շարժը՝ հետ, առաջ, բացթողումները զգալի նվազեցնես։ Իսկ ինչ վերաբերում է համաճարակաբանների այդ կարծիքին, ասեմ՝ դա խիստ տատանողական է, քանի որ այս հիվանդությունն իսկապես բոլորի համար անծանոթ էր և իր օրենքներով է շարժվում։ Այս հարցի պատասխանը դեռ չկա։ Ով կասի, որ գիտի, ըստ իս, սխալ է կողմնորոշվում։ Պատասխանները կլինեն 1-1․5 տարի անց, երբ կվերլուծվի ողջ համաշխարհային փորձը։

-Ի՞նչ ծառայություններ ունի վճարովի փաթեթը։

- Օրինակ՝ մարդու մոտ ամեն օր այցելում է բուժքույր, դա ոչ մի պետական ծառայությունում չկա, շաբաթական երկու անգամ բժիշկ է այցելում, դա էլ պարտադիր չէ ըստ պետական ծրագրերի։ Եվ ֆիքսված է,որ բժիշկը կարող է այցելել, կարող է նաև հեռավար վարել։ Իսկ այստեղ դու երաշխավորված գիտես՝ շաբաթը երկու անգամ նվազագույնը բժիշկ է քեզ այցելում, ամեն օր քեզ հետ հեռախոսանգով է կապ հաստատում, քո տուն ամեն օր բուժքույր է գալիս։ Սա թույլ է տալիս մարդուն տալ վստահություն, որ ինքը ոչ մի բան բաց չի թողնում։ Աստված չանի, վիճակը վատթարանում է, այս նույն փաթեթի ներքո կարգավորվում են բոլոր հետագա քայլերը, հոսպիտալացում, վերահսկում, դուրս գրելուց հետո վերահսկում։ Մարդիկ ինչո՞ւ են նախընտրում վճարովի, և լավ էլ անում են, որովհետև հոսպիտալացման դեպքում մեծ է ռիսկը ներհիվանդանոցային վարակների։ Նման փաթեթների քանակը ցույց է տալիս, որ սա պահանջարկված է, և որ մարդիկ պատրաստ են վճարել իրենց ցանկությունների համար։
Եվ մյուս խնդիրը, որ ծանրաբեռնում ես մահճակալային ֆոնդը։ Մինչև վերջերս շատ պացիենտներ, որոնք իրոք այդքան ծանր չէին, և միջին ծանրության, իսկապես  ծանրաբեռնում էին մահճակալային ֆոնդը։ Եվ իսկապես սա ճիշտ ուղղություն է, որ պետք է արտահոսպիտալային պայմաններում փորձես վարել։

-Պետությունը վերջապես հաստատեց կորոնավիրուսի բուժման գնացուցակը․ սոմատիկ,առանց բարդությունների համար՝ 120 հազար դրամ, 2-րդ կարգի վերակենդանացման համար՝ 450.000, 3-րդի՝ 650.000։ Որքա՞ն արժե ծառայությունը Ձեզ մոտ։
 

-Փաթեթի արժեքը 350 հազար դրամ է։

-Առանց դեղորայքի, որ բավականին ծախսատար է։

-Եթե բուժում ես ըստ միջազգային ուղեցույցների, ապա հավատացեք, որը արտահիվանդանոցային պայմաններում շատ չի կարող լինել։ Մեր դեղորայքային բուժման մեջ մտնում է միայն թթվածին, որը ևս համարվում է դեղորայք։ 

-Այս հիվանդության նենգությունը նրանում է, որ իրեն նորմալ զգացող պացիենտը հաշված ժամերի ընթացքում հանկարծ կարող է դառնալ ծայրահեղ ծանր։ Եվ մասնագետներն ասում են, որ ամբուլատոր վերահսկման ռիսկն այն է, որ բժիշկները կարող են հեռավար շփմամբ՝ բաց թողնել այդ պահը։ Ինչպե՞ս եք փորձում ձեզ ապահովագրել նման դեպքերից և եղե՞լ են նման դեպքեր։

-Չէի առանձնացնի այս հիվանդությունը և ասեի, որ յուրահատուկ մի բնույթ ունի, որ խաբում է բժիշկներին։ Դա թույլ է տալիս, որ լիքը երևույթներ, որոնք բացատրվում են վատ կազմակերպելով ու քիչ գիտելիքներով, գցենք նրա վրա, որ հիվանդության բնույթն է այդպիսին։ Բժշկությունը լի է նման երևույթներով, որոնք սկսվում են աննկատ, որոնք չեն տալիս ոչ մի նախազգուշացնող նշան։ Դրանք մեզ բոլորիս հայտնի հիվանդություններ են և դրանք մենք վարում ենք։ Այսինքն՝ եկեք այս անկյան տակ նայենք, որպեսզի չփորձեք մեր բացթողումները բացատրել հիվանդության բնույթի։ Այս հիվանդութունը կարելի է վերահսկել արտահիվանդանոցային եղանակով։ 

Մանրամասները՝ տեսանյութում